Ռուսաստան կատարած իր աշխատանքային այցի վերջին օրը, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը հանդիպել է Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Տիգրան Սարգսեանի հետ:
«alikonline.ir» - Ռուսաստան կատարած իր աշխատանքային այցի վերջին օրը, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը հանդիպել է Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Տիգրան Սարգսեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք էներգետիկայի նախարարութեան պաշտօնական կայքից:
Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսեանն իր գոհունակութիւնն է յայտնել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծմանը վերաբերող ժամանակաւոր համաձայնագրի ստորագրման կապակցութեամբ եւ վստահեցրել է , որ իր ղեկավարած կառոյցը հաւատարիմ է մնալու ստորագրւած համաձայնագրին:
Ռեզա Արդաքանիանն էլ իր հերթին գոհունակութիւն է յայտնել համաձայնագրի ստորագրման կապակցութեամբ՝ վստահեցնելով, որ հետամուտ է լինելու որպէսզի Իսլ. խորհրդարանն հնարաւորինս սեղմ ժամկէտներում հաստատի այն:
Նա յոյս է յայտնել, որ համաձայանգրի իրագործումը կը նապաստի Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ առեւտրի եւ ապրանքաշրջանառութեան ծաւալների աւելացմանը:
Յիշեցնենք, որ ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտաւորւում են դրա ուժի մէջ մտնելուց յետոյ ոչ ուշ, քան մէկ տարի ազատ առեւտրի համաձայնագրի կնքման վերաբերեալ լիարժէք բանակցութիւններ սկսել: Համաձայնագրի իրականացումը պէտք է նպաստի առեւտրի ծաւալների աճին եւ մասնակիցների միջեւ տնտեսական կապերի զարգացմանը, դէպի Իրան ռուսաստանեան արդիւնաբերական, գիւղատնտեսական ապրանքների մատակարարման աճին: