Հա
11/10/2018 - 10:05

Կառավարութիւնը պէտք է փոխի տնտեսական քաղաքականութիւնը եւ փորձի զարգացնել բաժնետիրական շուկան

Վերջին տարիներին մեր բիզնեսմեններն իրենց բիզնեսից հանում են գումարները, դնում են աւանդ եւ դրա փոխարէն վարկային գումարներ են դնում են բիզնեսի մէջ: Այս պրոցեսը շարունակւում է առ այսօր

«alikonline.ir» - Վերջին տարիներին մեր բիզնեսմեններն իրենց բիզնեսից հանում են գումարները, դնում են աւանդ եւ դրա փոխարէն վարկային գումարներ են դնում են բիզնեսի մէջ: Այս պրոցեսը շարունակւում է առ այսօր: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց տնտեսագէտ, ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի գրառմանը:

«Սա վկայում է, որ բիզնեսմենն իր բիզնեսի ապագայի մասով շատ ռիսկային կանխատեսումներ ունի: Սա վերջին 3 տարիներին շատ է զգացւում: Դա մեր տնտեսութեան վատ ակնկալիքների, վատ սպասումների մասին է խօսում, որ բիզնեսմենը չի վստահում իր բիզնեսին: Սա հիմնական խնդիր է, որը տարիներ շարունակ նկատւում է»,- նշեց տնտեսագէտը:

Սուրէն Պարսեանն ընդգծում է, որ քաղաքական իրավիճակի փոփոխութիւնից յետոյ, նոր իշխանութիւնների կառավարման ընթացքում էլ այս պրոցեսը շարունակւում է:

«Տնտեսական, քաղաքական կայունութեան, վստահութեան երաշխիքի պակասն է, որ բիզնեսմեններն ունեն: Եթէ չեմ սխալւում, արտարժոյթով աւանդների քանակն էլ է աւելացել այս ընթացքում, որը վկայում է, որ բիզնեսմենները երկարաժամկէտ ռիսկերից իրենց փորձում են հեռու պահել կամ երաշխիքներ ունենալ»,- յայտնեց նա:

Յիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր ֆէյսբուքեան էջում գրել էր. «Թափ ենք հաւաքում տնտեսական թռիչքի համար: Վարչապետի ներկայացրած տւեալներով՝ յեղափոխութիւնից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիւներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրաւաբանական անձանց վարկերը՝ 4.3 տոկոսով: Իսկ աւանդներն աճել են 9.2 տոկոսով»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը քննադատել էր Ն. Փաշինեանին՝ նշելով, որ վարչապետին պէտք է մտահոգի տնտեսութեան ներկայիս վիճակը. «2-րդ եռամսեակում 1-ինի համեմատ ներդրումները պակասել են 11 անգամ։ Աաջինն էլ մի բան չէր։ Հիմա, ներդրումների իսպառ բացակայութեան պայմաններում աճում է պահանջարկը վարկի նկատմամբ»,- գրել էր նա:

Սուրէն Պարսեանի խօսքով՝ աւանդների աճը չի նպաստում Հայաստանում ներդրումների աճին՝ հաշւի առնելով այն, որ աւանդներն հիմնականում բաշխւում են սպառողական վարկերի ձեւով, ոչ թէ խոշոր բիզնես վարկերի եւ այլ ուղղութիւններով:

«Միւս խնդիրն աւանդների աճի հետ կապւած հետեւեալն է՝ տարիներ շարունակ մեզ մօտ դեռեւս չի ձեւաւորւել բաժնետիրական կամ արժեթղթերի շուկան, որ ենթադրենք մարդը 10 հազար դոլարի դիմաց որեւիցէ կազմակերպութեան բաժնետոմս է գնում: Եթէ օրինակ 2000-ականներին մարդիկ անշարժ գոյք էին ձեռք բերում՝ մտածելով, որ տարին տարւայ վրայ դրանց արժէքը աւելանալու է, սակայն 2008 թ.-ից յետոյ անշարժ գոյքի գները կտրուկ անկում գրանցեցին: Հիմա մարդիկ ուղղակի ներդնելու տեղ չունեն եւ այդ գումարը դնում են աւանդ»,- ասաց տնտեսագէտը:

Ըստ նրա՝ կառավարութիւնը պէտք է փոխի տնտեսական քաղաքականութիւնը եւ փորձի զարգացնել բաժնետիրական շուկան:

«Դա կառավարութիւնը կարող է իրականացնել հետեւեալ կերպ՝ գերիշխող դիրք կամ մենաշնորհային կազմակերպութիւնները օրէնքի ուժով պէտք է դառնան բաժնետիրական եւ նրանց բաժնետոմսերի 1/3-ը պէտք է բորսայում ազատ բաժանորդագրեն»,- ասաց Ս. Պարսեանը:

Ինչ վերաբերում է ներդրումների նւազմանը, տնտեսագէտը նշեց, որ դա պայմանաւորւած է քաղաքական, տնտեսական, կազմակերպական եւ այլ գործօններով:

«Նոյն Ամուլսարի դէպքում կոնկրետ բնապահպանական խնդիրներով է պայմանաւորւած ներդրումների կանգը, որովհետեւ այս տարի մեծ քանակութեամբ ներդրում պէտք է անէր «Լիդիան Արմենիան»»,- ընդգծեց նա:

Ըստ Ս. Պարսեանի՝ քաղաքական կայունութիւնը եւս բիզնեսի համար շատ կարեւոր է, բայց դա ներդրումներ չանելու միակ պատճառը չէ. «Ներդրողները պէտք է քաղաքական պրոցեսների մի քանի տարւայ հեռանկար, կանխատեսում ունենան»:

Սուրէն Պարսեանի խօսքով՝ ներդրումների նւազման վրայ կարող է ազդել նաեւ դոլարի փոխարժէքը, ինչպէս նաեւ արտաքին քաղաքականութիւնը:

«Օրինակ՝ այս տարւայ ընթացքում մենք մեծ քանակութեամբ բանջարեղէնի եւ մթերքների արտահանում ունեցանք ՌԴ, դա կարող է նպաստել միւս տարի գիւղատնտեսութեան ոլորտում ներդրումների աճին: Այսինքն՝ այս տարւայ խնդիրներով նաեւ պայմանաւորւած է յաջորդ տարւայ ներդրումները եւ այս տարւայ ներդրումները նախորդ տարւայ ցուցանիշներով է նաեւ պայմանաւորւած»,- ընդգծեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։