Հա
05/12/2018 - 12:00

Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալներն աճել են

Վերջին տարիներին Իրանի եւ Հայաստանի տնտեսական յարաբերութիւնների զարգացման ուղիների վերաբերեալ շատ է խօսւել: Ինչպէս հայ, այնպէս էլ իրանցի փորձագէտների մասնակցութեամբ բազմաթիւ քննարկումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում ընդգծւել է ինչպէս երկու երկրների փոխշահաւէտ համագործակցութեան կարեւորութիւնը, այնպէս էլ ներկայացւել են այն ոլորտները, որտեղ կարող են Իրանն ու Հայաստանը արդիւնաւէտ համագործակցել՝ մասնակից դարձնելով նաեւ այլ երկրների:

Արմէն Իսրայէլեան

 

«alikonline.ir» - Վերջին տարիներին Իրանի եւ Հայաստանի տնտեսական յարաբերութիւնների զարգացման ուղիների վերաբերեալ շատ է խօսւել: Ինչպէս հայ, այնպէս էլ իրանցի փորձագէտների մասնակցութեամբ բազմաթիւ քննարկումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում ընդգծւել է ինչպէս երկու երկրների փոխշահաւէտ համագործակցութեան կարեւորութիւնը, այնպէս էլ ներկայացւել են այն ոլորտները, որտեղ կարող են Իրանն ու Հայաստանը արդիւնաւէտ համագործակցել՝ մասնակից դարձնելով նաեւ այլ երկրների:

Չնայած այն հանգամանքին, որ 2015 թ. կնքւած միջուկային համաձայնութիւնից յետոյ Իրանի եւ Հայաստանի կառավարութիւնները յատկապէս շեշտը դրել էին երկկողմ տնտեսական կապերի խորացման վրայ, սակայն ինչպէս օբիեկտիւ, այնպէս էլ սուբիեկտիւ մի շարք գործոններով պայմանաւորւած երկու երկրներին այդպէս էլ չյաջողւեց լաւագոյնս օգտւել միջուկային համաձայնութիւնից յետոյ ձեւաւորւած բարենպաստ միջավայրից:

Եթէ ուսումնասիրում ենք հետպատժամիջոցյան ժամանակաշրջանում Իրանի եւ Հարաւային Կովկասի երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ցուցանիշները, ապա նկատելի է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի մասով որոշակի դրական դինամիկա է գրանցւել, չնայած, որ այդ դէպքում էլ Իրանի եւ Հայաստանի արձանագրած ցուցանիշը, թէեւ քիչ, սակայն ամենաբարձրն է եղել:

2017 թ. Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալի աճ է արձանագրւել՝ կազմելով 257 մլն. դոլար, որը 2016թ. համեմատ 27 տոկոսով աւել է:

Իրանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառութիւնը 2017 թ. կազմել է 157 մլն. դոլար. Իրանից Վրաստան արտահանումը կազմել է 91 մլն., իսկ Վրաստանից Իրան ներմուծումը՝ 66 մլն. դոլար:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւններին, ապա 2017 թ. երկկողմ առեւտրաշրջանառութեան ծաւալը կազմել է 263.5 մլն. դոլար, որը 2016 թ. համեմատ աւել է եղել շուրջ 10 տոկոսով:

Իրանի առեւտրի խթանման կազմակերպութեան տւեալներով՝ 2018 թ. 10 ամիսների ընթացքում Իրանից Հայաստան արտահանումն աճել է 48 տոկոսով: Եթէ 2017 թ. յունւար-հոկտեմբեր ամիսներին Իրանից Հայաստան է արտահանւել 144 մլն. դոլարի ապրանք, ապա 2018 թ. նոյն ժամանակահատւածում այն կազմել է 212 մլն. դոլար: Ըստ իրանական կողմի կանխատեսումների՝ մինչեւ տարեվերջ Իրանից Հայաստան արտահանումը կը կազմի շուրջ 250 մլն. դոլար:

Ինչ վերաբերում է խոշոր նախագծերի իրականացմանը, ապա Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութիւնից յետոյ ՀՀ հետ համատեղ նախագծեր իրականացնելու վերաբերեալ իրանական կողմից հնչել են ինչպէս յստակ ուղերձներ, այնպէս էլ կատարւել են որոշակի քայլեր. մասնաւորապէս մայիսի 19-ին ԻԻՀ նախագահն էներգետիկայի նախարարութեանը յանձնարարել է իրականացնել Իրանի խորհրդարանի կողմից ս. թ. ապրիլին ընդունւած «Արաքս գետի վրայ ՀԷԿ-երի կառուցման մասին» օրէնքով նախատեսւած գործողութիւնները: 

Իրանի գազի ազգային ընկերութեան գործադիր տնօրէն Համիդռեզա Էրաղին էլ յունիսի 24-ին, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցութեանը, նշել է, որ իրանական կողմը նպատակ ունի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձեւաչափով իրականացւող ծրագրի շրջանակներում ՀՀ-ից ստացւած էլեկտրաէներգիայի մի մասը վաճառել Վրաստանին:      

Յեղափոխութիւնից յետոյ Իրանի եւ Հայաստանի ղեկավարների առաջին հանդիպումը տեղի ունեցաւ սեպտեմբերին՝ Նիւ Եօրքում՝ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները համոզմունք յայտնեցին, որ ունեն քաղաքական կամք՝ զարգացնելու երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւնները: Մասնաւորապէս Հասան Ռուհանին յայտարարել էր, որ Իրանը պատրաստ է մասնաւոր հատւածին խրախուսել՝ տնտեսական գործունէութիւն ծաւալելու Հայաստանում, ինչպէս նաեւ Իրանը պատրաստ է ինժեներական եւ տեխնիկական աջակցութիւն ցուցաբերել «Հիւսիս-հարաւ» միջանցքի լիարժէք իրականացման գործին:

Այդ համատեքստւմ ՀՀ կառավարութիւնն էլ ընդգծել է, որ շարունակելու է «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղու կառուցման աշխատանքները, այս անգամ սակայն առաւել դժւարանցանելի տեղանքում՝ Սիսիանից մինչեւ Իրանի սահման. 360 մլն. դոլար արժողութեամբ նոր նախագիծն իր մեջ ներառում է 3 կամուրջ եւ 1 թունել:

Յաւելենք, որ վարչապետ պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանն օրերս Կապանում անցկացւած քարոզարշաւի ընթացքում, առաջնահերթ համարելով Իրանի հետ յարաբերութիւնների ընդլայնումը, նշել է, որ Եւրոմիութեան ֆինանսաւորմամբ նախատեսւում է վերակառուցել Իրանի հետ սահմանային մաքսակէտը:

Իհարկէ, եթէ օբիեկտիւ գնահատենք իրավիճակը, ապա մերձաւորարեւելեան գործընթացներում Իրանի ներգրաււածութիւնը, ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցները, իրանական շուկայում առկայ լարւածութիւնը, փողերի լւացման եւ ահաբեկչութեան ֆինանսաւորման մասին կոնւենցիայի ընդունման շուրջ ԻԻՀ քաղաքական ուժերի տարաձայնութիւնները, Իրանի շուրջ առաջացած լարւածութիւնը բնականաբար բացասաբար են ազդում (ազդելու են) նաեւ հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման վրայ: Սակայն չնայած վերոնշեալ խոչընդոտող հանգամանքներին՝ Իրանի եւ Եւրոմիութեան (Ֆրանսիա, Գերմանիա) միջեւ տնտեսական համագործակցութիւնը դեռ շարունակւում է, ինչը յոյս է ներշնչում, որ Իրան-ԱՄՆ լարւածութիւնը ԵՄ-ն կը կարողանայ պահել կառավարելիութեան մակարդակում:

Առաջիկայ տարիներին, եթէ մեզ յաջողւի հնարաւորինս արագ արդիականացնել Իրանին եւ Վրաստանին կապող ենթակառուցւածքները, ապա Իրանի շուրջ իրավիճակի կայունացման պարագայում կարող ենք առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելի մեծ աճ ակնկալել, ոչ միայն ներմուծման, այլեւ արտահանման ուղղութեամբ:

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։