Հա
30/01/2019 - 11:00

Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատւածի Գազպրոմին յանձնման գործարքը

Մենք շահագրգռւած ենք, որ Հայաստանով անցնի որեւէ տարանցիկ խողովակաշար, որը Ա կէտից Բ կէտ կը տեղափոխի նաւթ կամ գազ, այդ թւում նաեւ Ռուսաստանից, յայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինեանը ռուսական «RBK» գործակալութեանը տւած հարցազրոյցում, պատասխանելով Հիւսիսային հոսք-2 նախագծի մասին հարցին:

Մենք շահագրգռւած ենք, որ Հայաստանով անցնի որեւէ տարանցիկ խողովակաշար, որը Ա կէտից Բ կէտ կը տեղափոխի նաւթ կամ գազ, այդ թւում նաեւ Ռուսաստանից, յայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինեանը ռուսական «RBK» գործակալութեանը տւած հարցազրոյցում, պատասխանելով Հիւսիսային հոսք-2 նախագծի մասին հարցին:

Հայաստանով տարանցիկ խողովակաշարի անցկացման շատ թէ քիչ իրատեսական երթուղի է դիտւում Իրանից դէպի Սեւ ծով ուղղութիւնը: Վիկիլիքսի փաստաթղթերի մէջ տեղեկութիւն էր հրապարակւել այն մասին, որ Իրանից Հայաստան գազատարի տարանցիկութեան հարցում խոչընդոտ է եղել Ռուսաստանը: Ըստ Վիկիլիքսի, Հայաստանում ամերիկեան դիւանագէտներին այդ մասին ասել էր Հայաստանի էներգետիկայի նախկին նախարար Արմէն Մովսիսեանը, որն այժմ ողջ չէ: Ըստ այդ փաստաթղթերի, նա ասել էր, որ մեծ դժւարութեամբ են յաղթահարել Ռուսաստանի դիմադրութիւնը:

Իրանից գազատարը կառուցւեց Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան շրջանում: Այն չունի տարանցիկ թողունակութիւն, որովհետեւ կառուցել է նեղ տրամաչափով: Այդ շրջանում մամուլում տեղեկութիւններ կային, որ Վրաստանը եւ Ուկրայինան Հայաստանին առաջարկում են կառուցել տարանցիկ գազամուղ: Դա Վրաստանում Վարդերի, իսկ Ուկրայինայում Նարնջագոյն յեղափոխութիւնից յետոյ էր: Տարանցիկ գազամուղի հարցեր դիտարկելու մասին Երեւանում արտայայտւեց նաեւ Վրաստանի այդ ժամանակ վարչապետ Նոգաիդելին, Երեւան այցի ընթացքում՝ Զւարթնոց օդանաւակայանում լրագրողների հետ զրոյցում:

Երեւանը սակայն չընդառաջեց Թբիլիսի եւ Կիեւի այդ ցանկութիւններին, անկասկած՝ Մոսկւայի հետ չգժտւելու համար: Աւելին, Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատւածը դեռեւս շահագործման չյանձնւած յանձնւեց Գազպրոմին, այն պատճառաբանութեամբ, թէ միեւնոյն է գազամատակարարման ցանցը Գազպրոմինն է: Յանձնման այդ գործընթացը ամբողջապէս աւարտւեց 2017 թւականին:

Իրանից խողովակով Հայաստան գազ է գալիս ապրանքափոխանակութեան սկզբունքով՝ այստեղ վերածւում էլեներգիայի ու գնում Իրան: Իրանցի պաշտօնեաները տարբեր առիթներով յայտարարել են, որ իրենց դա պէտք չէ, բայց այդ գործարքին գնում են, քանի որ դա պէտք է բարեկամ Հայաստանին:

2017 թւականին աւարտւեց Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատւածի Գազպրոմին յանձնման գործարքը, միաժամանակ նոյն թւականին Երեւանը պաշտօնապէս անդրադարձ կատարեց հնարաւոր տարանցիկ գազամուզին: 2017-ի օգոստոսին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերընտրութեան առիթով Թեհրան մեկնող Սերժ Սարգսեանը հարցազրոյց էր տւել իրանական մամուլին: Նրան հարց էր ուղղւել տարանցիկ գազամուղի մասին, եւ Սերժ Սարգսեանը յայտարարել էր, թէ Երեւանը կողմ է՝ եթէ համաձայնութիւն լինի բոլոր կողմերի միջեւ: Սարգսեանը միաժամանակ նշել էր, թէ այդ հարցն առայժմ փորձագիտական դիտարկումների մակարդակում է:

Ի՞նչ նկատի ունէր Սերժ Սարգսեանը «բոլոր կողմեր» ասելով: Հաւանաբար առաջին հերթին Ռուսաստանին, քանի որ տարանցիկ գազամուղը կը լինի Հայաստանի ինքնիշխանութեան շոշափելի բաղադրիչ, ինչը Ռուսաստանում կարող է արժանանալ մեծ դիմադրութեան, ինչպէս Իրան-Հայաստան գործող գազամուղի դէպքում:

Միւս կողմից, կա՞յ իրական, գործուն առաջարկ, որտեղ խնդիր կարող է լինել միայն Մոսկւան: Այսինքն, արդեօք Սարգսեանը նկատի չունէր եւ այն, որ, եթէ տարանցիկ գազամուղին պատրաստ են շահագրգիռ բոլոր կողմերը՝ Իրանը, Վրաստանը, Եւրոմիութիւնը, ապա այդ դէպքում Երեւանը կը համաձայնի մտնել գործընթացի մէջ՝ տեսնելով դրա առարկայութիւնը, այլապէս չկայ նախնական խօսակցութիւնների հիման վրայ Ռուսաստանի հետ աւելորդ լարւածութեան նպատակայարմարութիւն:

Միաժամանակ յստակ է, որ Եւրոմիութեան շահագրգռութեան բացակայութեան պարագայում հազիւ թէ իմաստաւորւած լինի գազամուղի կառուցման ծախսը, եթէ գազը չի ունենալու պահանջարկ Վրաստանից այն կողմ:

Կա՞յ Իրանի ու Եւրոմիութեան օրակարգում այդպիսի հարց: Ներկայում Իրանի շուրջ իրավիճակը գտնւում է լարւածութեան եւ բարդութեան փուլում: Այդ փուլում հազիւ թէ հնարաւոր լինի խօսել այդօրինակ խոշոր նախագծի շուրջ առարկայական քննարկումների մասին:

Միւս կողմից, Եւրոմիութիւնն այդ առումով ունի յարաբերական դիրքորոշում, ու Գերմանիան, օրինակ՝ ԵՄ առաջատարը, կարծես թէ հակւած չէ Իրանի հետ լարւածութեան: Այդ դէպքում Բեռլինը կարո՞ղ է դիտարկել իրանական գազի տեղափոխում Հայաստանի տարածքով: Արդեօք փետրւարի 1-ին Բեռլինում Մերկէլ-Փաշինեան հանդիպմանը կարող է շոշափւել այդպիսի հարց:

«Mitk.am»

Յարակից լուրեր

  • «Պակիստանը յարգում է Իրանի տարածքային ամբողջականութիւնը». Պակիստանի ԱԳՆ
    «Պակիստանը յարգում է Իրանի տարածքային ամբողջականութիւնը». Պակիստանի ԱԳՆ

    Պակիստանի ԱԳ նախարարը դատապարտել է Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնը՝ նշելով, որ իր երկիրը յարգում է Իրանի տարածքային ամբողջականութիւնը:

  • Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել
    Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել

    Նախօրէին Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան կապակցութեամբ, Իրանում Պակիստանի դեսպան Րաֆաթ Մասուդն այսօր՝ փետրւարի 17-ին ԱԳՆ է կանչւել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին
    Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին

    Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջին երէկ՝ փետրւարի 16-ին Եւրոպա մեկնելիս կարճատեւ կանգառ է ունեցել Թեհրանում, որի ընթացքում հանդիպել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչիի հետ. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

  • «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ
    «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն Իրանի նախկին ԱԳ նախարարների եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների ու օտարերկրեայի դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպման ժամանակ անդարադարձել է յետյեղափոխութեան շրջանում Իրանի արատաքին քաղաքականութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։