Հայաստան - ԱրցախՄշակութային

Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները

«Հայկական պատմական հետքը Արցախի բռնազաւթւած տարածքներում ոչնչացնելու համար Ադրբեջանը 2023 թւականի հոկտեմբերի 5-ից մինչեւ նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատւածում յատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

Գերեզմանատների աւերումն արբանեակային մոնիտորինգի միջոցով ձեռք բերւած տւեալների արդիւնքում փաստել է Կովկասի ժառանգութեան մշտադիտարկման միջազգային կենտրոնը (Caucasus Heritage Watch). «Ադրբեջանցիները ծանր տեխնիկայի կիրառմամբ ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը յայտնի է որպէս Երեւանեան դարպասների կողքի գերեզմանոց»,- նշւած է ահազանգի մէջ։

Կովկասի ժառանգութեան կենտրոնը հաստատել է նաեւ Շուշիում մէկ այլ` Հին գերեզմանատան աւերումը, որի արդիւնքում վերացւել են դեռեւս խորհրդային տարիներին Շուշիի ադրբեջանական բնակչութեան կողմից կիսաջարդ արւած պատկերազարդ տապանաքարերը:

Խորհրդային Միութեան տարիներին լրջօրէն վնասւած գերեզմանոցում 1990-ականներին մնացել էր ընդամէնը 45 տապանաքար։ Այս տապանաքարերից մէկը յիշատակում է Նախիջեւանի Ղազանչի գիւղի դարբին Ստեփանի 1758 թւականի մահը: Նա այդ գիւղի բռնի տեղահանւած բազմաթիւ հայերից մէկն էր, գիւղ, որի անունով էլ կոչւել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան ինստիտուտի Արցախի արշաւախումբը (Պետրոսեան Հ., Սաֆարեան Վ., Վարդանեսովա Տ., Ենգիբարեան Ն., Տիտանեան Մ.) 2004-2005 թւականներին հնագիտական հետազօտութիւններ է իրականացրել Շուշի քաղաքում եւ շրջակայքում: Շուշիի մի այլ՝ հայ-յունական հին գերեզմանոցի պեղումների ժամանակ վաւերացւել են 12-13-րդ դարերի խաչքարեր, ինչը ցուցում է, որ Շուշիի սարահարթը բնակեցւած է եղել դեռեւս 12-13-րդ դարերում: Հետագայում՝ 19-րդ դարում խաչքարերը վերօգտագործւել են նոր թաղումների վրայ: Շատ կարեւոր են քաղաքի Հին հանգստարանի մաքրման աշխատանքների ժամանակ բացւած տապանաքարերը հայերէն արձանագրութիւններով:

Մեր արձագանգը

Կարեւոր է արձանագրել, որ պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազաւթւած տարածքներում Ադրբեջանի քաղաքականութեան յստակ ուղղութիւնն է. յիշեալ քաղաքականութեան արդիւնքում արդէն իսկ ոչնչացւել են Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հիւսիսային եւ Երեւանի դարպասների գերեզմանոցները, ինչպէս նաեւ Վազգէնաշէն գիւղի մերձակայքում գտնւող գերեզմանատունը։

Հաագայի արդարադատութեան միջազգային դատարանի 2021 թւականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելւել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողութիւնները․ «Ադրբեջանը պարտաւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողութիւնները, որոնք իրականացւում էին հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Մշակութային ժառանգութեան նմանօրինակ դիտաւորեալ ոչնչացման քաղաքականութիւնը դատապարտւում է նաեւ «Մշակութային ժառանգութիւնը դիտաւորեալ ոչնչացնելու մասին» ԻՒՆԵՍԿՕ-ի 2003 թւականի հռչակագրով»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button