Հայաստան - ԱրցախՍփիւռք

Անհրաժեշտ է համահայկական օրակարգի կէտեր մշակել

Արամ Ա-ն շարունակում է Արցախի հարցով խորհրդակցութիւնները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախաձեռնած մասնագիտական քննարկումներ հինգերորդ առցանց նիստը կայացաւ դեկտեմբերի 7-ին: Յայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

Վեհափառ Հայրապետի հրաւիրած եւ նախագահած նիստին մասնակցել են պրոֆ. Աշոտ Մելքոնեանը, պրոֆ. Ռուբէն Սաֆրաստեանը, դոկտ. Արմէն Մարուքեանը, պրոֆ. Վահրամ Բալայեանը, դոկտ. Վիգէն Չթրեանը, դոկտ. Խաչիկ Տէր-Ղուկասեանը, Շահան Գանտահարեանը եւ քարտուղար Ահարոն Շխրտմեանը:

Օրակարգի առաջին կէտով Նորին Ս. Օծութիւնը զեկուցեց Ամերիկայի Միացեալ Նահանգներում Կոնգրեսի Ներկայացուցիչների տան նախագահի եւ կոնգրեսականների հետ իր ունեցած հանդիպումների մասին։ Նա շեշտեց, որ հանդիպումների ընթացքում նրանց է փոխանցւել Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի, այդ վերադարձը իրականացնելու համար անվտանգութեան միջազգային երաշխիքների ապահովման եւ ընդհանրապէս Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան սկզբունքների հարցերը։

Այնուհետեւ, նիստի երկրորդ մասը յատկացւեց Հայաստանում գտնւող Արցախի պետական հաստատութիւնների մէջ գործող անձնաւորութիւնների տարած խորհրդակցութիւններին։

Օրակարգի երկու կէտերին յաջորդեցին աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային նորագոյն իրադարձութիւնների լոյսին ներքոյ քննարկումներ, որոնք ներառած էին Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան Եւրոպայի եւ Եւրասիայի բաժնի վարիչի յայտարարութիւնները, Բաքու կատարած այցելութիւնը, Ադրբեջանի նախագահի վերջին յայտարարութիւններն ու Ադրբեջանի մէջ յանկարծակի որոշւած արտակարգ նախագահական ընտրութիւնները։

Արցախի մէջ քրիստոնէական քաղաքակրթութիւնը հարստացրած հոգեւոր ժառանգութեան պահպանման, գերիների փոխանակման եւ Բաքւում պատանդառւած նախկին նախագահների եւ պետական գործիչների ազատ արձակման իրաւական եւ քաղաքական միջոցների մասին կատարւած խորհրդակցութիւնները համալրեցին օրակարգը։

Վեհափառ Հայրապետը իր գոհունակութիւնը յայտնեց նման բարձրորակ եւ օգտակար քննարկումների կայացման առթիւ եւ շեշտեց, որ անհրաժեշտութիւն է համահայկական օրակարգի կէտերի մշակումը եւ այս պարագայում Արցախի նոր իրավիճակի լոյսի ներքոյ հոգեւոր, քաղաքական, դիւանագիտական, իրաւական եւ տեղեկատւական մակարդակներում համակարգւած աշխատանք տանելը:

Առցանց նիստի մասնակիցները շեշտեցին, որ այս հարթակում նման քննարկումներ շարունակելը կենսական նշանակութիւն ունի եւ կարող է մեծապէս օգտակար հանդիսանալ համահայկական տարողութեամբ աշխատանքների ուղենիշեր ճշտելու առումով։

Մասնագիտական հարթակի յաջորդ առցանց նիստը տեղի կունենայ երկուշաբթի, դեկտեմբերի 11-ին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button