ԳաղափարականՀայ ԴատՀայաստան - Արցախ

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի յայտարարութիւնը

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը խստօրէն դատապարտում է Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Ադրբեջանի ծաւալապաշտական քաղաքականութիւնը, մասնաւորապէս` ներկայումս Տաւուշի մարզի նկատմամբ։ Ադրբեջանի անհիմն տարածքային պահանջները, այդ թւում՝ Հայաստանի Տաւուշի մարզի եւ, այսպէս կոչւած, «անկլաւների» նկատմամբ, ինչպէս նաեւ Հայաստանի Սիւնիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապի վերաբերեալ, բացարձակապէս անընդունելի են։

Ադրբեջանը, հրաժարւելով դուրս բերել իր զինւած ուժերը 2021 թ. ի վեր Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի աւելի քան 200 քառ․ կմ. տարածքից, ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետութեան վրայ՝ իր վերահսկողութեան տակ առնելու ՀՀ Տաւուշի մարզի ռազմավարական տարածքները։ Այսպիսով` Ադրբեջանը «սահմանազատման եւ սահմանագծման» քողի տակ իրականացնում է հողազաւթում, ինչն էլ աւելի կը խորացնի Հայաստանի խոցելիութիւնը։

Եթէ Ադրբեջանը վերահսկողութեան տակ վերցնի Հայաստանի Տաւուշի մարզի ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածքները, դա մեծապէս կը վտանգի Վրաստանի հետ Հայաստանի միջպետական կապը, Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող գազատարը եւ կը շրջափակի մի շարք հայկական գիւղեր, ինչն անխուսափելիօրէն կը յանգեցնի նրանց հայաթափմանը։ Բացի այդ, նոր իրավիճակը նաեւ կը վտանգի Լոռու մարզի անվտանգութիւնը։

Չնայած գործընթացում ներգրաււմանը` Հայաստանի վարչապետը յայտարարել է, որ սա անվտանգութեան ամուր երաշխիքներ չի ստեղծում Ադրբեջանի կողմից հնարաւոր ապագայ ագրեսիայի դէմ։ Այսպիսով` Հայաստանի իշխանութեան ներկայիս գործողութիւնները, որոնք իրականացւում են առանց տեւական եւ արժանապատիւ խաղաղութեան հասնելու երաշխիքի, հետագայ կապիտուլիացիա են եւ հակասում են Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը։ Աւելին՝ դա թոյլ կը տայ Ադրբեջանին աւելի լաւ դիրքերից նոր ագրեսիա իրականացնել։

Մենք խորապէս համոզւած ենք՝ Ադրբեջանի ագրեսիւ կեցւածքը պայմանաւորւած է այն հանգամանքով, որ Ադրբեջանը պատասխանատւութեան չի ենթարկւել Արցախում իր ցեղասպան քաղաքականութեան, Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների համար։

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը կոչ է անում ներգրաււած բոլոր հիմնական դերակատարներին՝ ներառեալ ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին, պատասխանատւութեան ենթարկել Ադրբեջանի նաւթային բռնապետութեանը՝ Հայաստանի եւ հայութեան նկատմամբ իր շարունակական ֆաշիստական քաղաքականութեան համար: Որպէս եւրոպական քաղաքացիական հասարակաութեան կազմակերպութիւն՝ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ափսոսում է ԵՄ գործադիր իշխանութեան կողմից Ադրբեջանի բռնապետութեան նկատմամբ ցուցաբերած երկակի ստանդարտների համար:

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը համոզւած է՝ Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը։ Վերջինս շարունակում է քարոզել այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետութեան գրեթէ ողջ տարածքի իւրացում։

Ադրբեջանի համար շօշափելի ուժի եւ հետեւանքների վրայ հիմնւած միասնական եւ ամուր դիմադրութիւնը ներկայումս միակ գործօնն է, որը կարող է զսպել ադրբեջանական բռնապետութիւնը եւ նրա ծաւալապաշտական օրակարգը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

03.05.2024 թ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button