Դաշնակցական ԲեմՀայաստան - Արցախ

Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Կեղծ Խաղաղութեան օրակարգը մեզ տանելու է պատերազմի»

Փետրւարի 8-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Երկրի հիւրասրահը» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը: Զրոյցի ընթացքում անդրադարձ է կատարւել վերջին շրջանի հայաստանեան իրադարձութիւններին, մասնաւորապէս ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան առանձին դրսեւորումներին` կապւած հայ-ադրբեջանական տարօրինակ բանակցութիւնների, հայկական կողմի պարտւողական դիրքորոշումների, ամէն ինչ զիջելու պատրաստակամութեան, կեղծ օրակարգերով հանրութեան ուշադրութիւնը բուն գործընթացներից ու անվտանգութեան խնդիրներից շեղելու արդէն աւանդական դարձած գործելաոճի հետ:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի հնարաւոր ստորագրման հարցին` Յակոբ Տէր-Խաչատուրեանը նշել է, որ այդ փաստաթուղթը, դատելով Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւնների, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան անդրադարձերից, մտահոգիչ է, որովհետեւ այն նախապատրաստւում է կեղծ օրակարգերով առաջ ընթացող բանակցութիւնների միջոցով:

«Աշխարհի փորձը ցոյց է տալիս, որ որեւէ պարտւած պետութիւն, երբ բանակցում է ճնշումների եւ սպառնալիքների ներքոյ, չի կարող առաջնորդւել խաղաղութեամբ: Եւ մենք, լաւ ճանաչելով մեր թշնամիներին` Ադրբեջանին եւ Թուրքիային, գիտենք, որ երբ նրանք կարողանում են կորզել մի այսպէս կոչւած պատառ, սկսում են մտածել յաջորդ պատառի մասին: Սրա վկայութիւնն են Արցախի դատարկումից յետոյ Հայաստանի Հանրապետութեան սուվերեն տարածքների նկատմամբ Ադրբեջանի նոր նկրտումները»,- նշել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը կեղծ օրակարգ է որակել նաեւ ՀՀ իշխանութիւնների` նոր սահմանադրութեան անհրաժեշտութեան մասին յայտարարութիւնները` յոյս յայտնելով, որ այդ հարցով սահմանադրական հանրաքւէ այնուամենայնիւ տեղի չի ունենայ: Առաջին հերթին կընդվզի հէնց ժողովուրդը, որովհետեւ նա այլեւս տեսնում ու հասկանում է, թէ ուր են տանում իրեն առաջարկւող փոփոխութիւնները` իրեն օտարելով սեփական պատմութիւնից եւ ինքնութիւնից:

Հաղորդման ընթացքում ընդարձակ անդրադարձ է կատարւել նաեւ Արցախի ու արցախահայութեան խախտւած իրաւունքների վերականգնման, Հայոց Բանակի հզօրացման, ինչպէս նաեւ ռազմագերիների եւ ադրբեջանական բանտերում պահւող Արցախի ղեկավարների հետագայ ճակատագրին առնչւող հարցերի: Խօսելով ռազմագերիների վերադարձի խնդրի մասին, Յակոբ Տէր-Խաչատուրեանը նշել է, որ Հայաստանի իշխանութիւնները որոշակի քայլեր այդ ուղղութեամբ իրականացնում են, բայց դրանք բաւարար չեն առայժմ, որ Ադրբեջանը կատարի իր պարտաւորութիւնները, որոնք ստանձնել է միջազգային պայմանագրերով ու փաստաթղթերով: Նրա կարծիքով` Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրութիւններից յետոյ այդ հարցի հետ կապւած ակտիւութիւն կը նկատւի:

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button