Հայաստան - ԱրցախՀարցազրոյց

Բագրատ Եսայեան. «Նոր ձեւով ընթերցողին ներկայանալու խնդիր ունենք, նոր գործիքներ օգտագործելու համացանցի զարգացման ժամանակ»

Հարցազրոյց «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան տնօրէն Բագրատ Եսայեանի հետ

Ինչից սկսեցիք, թէ՛ որպէս Դաշնակցական, թէ՛ որպէս «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան տնօրէն:

– Իմ սերնդի մեծամասնութեան նման ամէն ինչ սկսեց Արցախեան վերազարթօնքից, 1988 թւականին: Երբ սկսեց ուսանողական շարժումը, այն ժամանակ ես համալսարանի պատմութեան ֆակուլտետի ուսանող էի, եւ բնականաբար, պատմութեան ֆակուլտետում ուսանողների մեծամասնութիւնը անմիջապէս ներգրաււեց շարժմանը եւ կարելի է ասել այդ օրւանից մինչ այսօր քաղաքական բոլոր գործընթացների մէջ եմ եղել:

Յաջորդ տարին Արցախեան շարժումը վայրիվերումներով էր գնում: 1988 թւականի վերջին Հայաստանում յատուկ դրութիւն հաստատւեց: Արգելւեցին բոլոր ցոյցերը, դրանից յետոյ, 1989 թւականին երկարատեւ այդ արգելքներից եռամսեայ եւ քառամսեայ արգելքներից յետոյ, որպէս ուսանողներ յատուկ դրութեան պայմաններում կազմակերպեցինք բողոքի ցոյցեր, որի արդիւնքում ձերբակալւեցի մէկ ամսեայ կալանքով: Դուրս գալուց յետոյ, ինձ հետ կապ հաստատեց Դաշնակցական մի խմբագիր: Ասելով, որ ցանկանում է հարցազրոյց անել, եւ այդ խմբագիրը պարզւեց Կիրօ Մանոյեանն է: 1989 թւականի յունիսից սկսած առաջին հարցազրոյցից յետոյ եղան նաեւ այլ հանդիպումներ Դաշնակցական պատասխանատուների, գործիչների հետ: 1989 թւականից սկսեցի աշխատել արդէն, որպէս Դաշնակցական: Այն ժամանակ 1989 թւականին արդէն տարբեր կոմիտէներ էին ստեղծւել: Առաջիններից մէկը եղաւ այն կոմիտէն, որի անդամն էի ես: 34 տարւայ Դաշնակցական կենսագրութիւն ունեմ ու սա դեռ սկիզբն է: 

Պարոն Եսայեան, երկար տարիներ աշխատելով մամուլում, կասէք խնդրեմ հայկական մամուլը ինչի կարիքն ունի այսօր: Արցախի կորստից յետոյ համահայկական մամուլի անելիքն ինչ է, արդեօք բաւարար են արժէքները վեր հանող, ամփոփող հրապարակումները: Ի՞նչ չափանիշեր պէտք է ունենայ հայկական մամուլի գործիչը:

– Եթէ խօսում ենք համահայկական մամուլի մասին, ապա խնդիրները անհրաժեշտ է տարանջատել միմեանցից, որովհետեւ հայաստանեան մամուլը դիմագրաւում է լուրջ դժւարութիւնների: Ինչպէս կեանքի բոլոր ոլորտները, այնպէս էլ մամուլը խիստ նիւթականացւած եւ առեւտրականացւած է, այսինքն գրւում է այն ինչ, որ լաւ կը վաճառւի: Յաճախ աչքաթող է արւում «հայկական» մամուլը: Խնդիրը, որը ունի հայութիւնը այն վեր չի հանւում, այն հիմնարար խնդիրները, լրջագոյն մարտահրաւէրները, որին դիմագրաււում է հայ ժողովուրդը եւ Հայաստանը վեր չի հանւում: Խօսւում է պահի խնդիրներից, սկանդալներից, բառավէճերից եւ ոչ թէ բովանդակային բանավէճերից, սա յանգեցնում է հայկական մամուլի ծանծաղացման: Խորութիւն, բացարձակապէս չեմ տեսնում: Այդ բացը պէտք է լրացւի, զանգւածային լրատւամիջոցները եւ մամուլը ամենահզօր գործիքներից են, սա նաեւ մեզ պարտադրւած վիճակ է, որովհետեւ տասնամեակներ շարունակ, արտասահմանեան նաեւ պետական եւ ոչ-պետական գրանտներով կազմակերպութիւններ եւ անձեր, թեմաներ էին թելադրում Հայաստանի մամուլին, որոնք շարունակաբար արծարծում էին սեռային բազմազանութեան, հարեւանների հետ խաղաղութեան մասին: Այսինքն դրսից պարտադրւած օրակարգերը, որը շարունակական ֆինանսաւորւում էր գրանտային կազմակերպութիւնների, պետութիւնների կողմից: Հիմնական նրանց խօսակցութիւնը զանգւածային լրատւամիջոցներով էր ծաւալւում: Այսինքն, ցաւօք սրտի, մինչեւ 2018 թւականը եղած իշխանութիւնը, բաւարար նպատակաուղղւած ջանքեր չգործադրեց եւ միջոցներ չտրամադրեց հայկական օրակարգի քննարկման համար հայ հասարակութեան մէջ: Սա յանգեցրեց հայկական հասարակութեան մէջ արժեհամակարգային ուղենիշերի աստիճանաբար ջնջմանը եւ մենք յայտնւեցինք մի իրավիճակում, որ հասարակութիւնը կատարելապէս ապակողմնորոշւած էր: 2018 թւականը արդիւնք էր նաեւ դրա, երբ մենք չունէինք յստակ ազգային արժեհամակարգային ուղենիշեր, որոնց պահպանումը պէտք է լինէր առաջին հերթին իշխանութեան հիմնական գործունէութեան ուղղութիւններից մէկը, եւ սա համարում եմ հայկական մամուլի ամենամեծ բացթողումը:

Սփիւռքի համար, կարծում եմ աւելի հեշտ է, որովհետեւ կայացած համայնքներում երբ արդէն կայ համայնքային կեանք եւ համայնքային կառոյցներ, որոնք որոշ չափով ինքնաբաւ են ինքնաբաւութեան ձգտումով, այդտեղ մամուլը յստակ իր խնդիրներն է նշանակել եւ տասնամեակներ շարունակ, որոշ չափով հայկական ազգային հանրութեան խնդիրների արծարծումը դառնում է Սփիւռքի հայկական մամուլի հիմնական նարատիւներից մէկը: Սա նպաստում է, որ ազգային հարցերը, օրակարգերը աւելի խորութեամբ քննարկւեն սփիւռքեան մամուլում:

Ինչ խօսք ֆինանսական միջոցները նաեւ շատ կարեւոր են: Միջին Արեւելքի բազմաթիւ երկրներ դիմագրաւում են տնտեսական դժւարութիւններին: Մերձաւոր Արեւելքի բոլոր համայնքներում շատ դժւար իրավիճակ է ստեղծւում, եւ այստեղ նոյնպէս հայկական մամուլի պահելու հարց ունենք: Այսինքն նոր ձեւով ընթերցողին ներկայանալու խնդիր ունենք, նոր գործիքներ օգտագործելու համացանցի զարգացման ժամանակ, որը խիստ կարեւոր է: 

Արցախի հարցում վճռահատութեան առումով, ինչպիսին պէտք է լինի համահայկական մամուլի գործունէութիւնը: Ինչպէս է հնարաւոր նոր համագործակցութեան մոդելներ ձեւաւորել համահայկական մամուլի միջեւ:

– Իսկապէս ազգային գաղափարախօսութեան հետեւորդ մամուլը շատ ծանր իրավիճակում է գտնւում, որովհետեւ ՀՀ-ում պետական իշխանութիւնը գրաւող խմբակը բացարձակ հակառակ պատկերացումն ունի տասնամեակներով մեր մէջ դաստիարակւած արժեհամակարգի հետ, որին մենք հետեւում էինք, այսինքն վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձնաւորութիւնը յայտարարում եւ հակադրում է երկու բան, ասելով պետութիւնը հէնց հայրենիքն է, այսինքն պետութեան սահմանից դուրս, հայրենիք գոյութիւն չունի: Սա յստակ ուղերձ է ամբողջ հայ ժողովրդին՝ մշեցիներին, վանեցիներին, կարսեցիների ժառանգներին, որ այս անձնաւորութիւնը մեր հայրենիքի այդ հատւածները, որոնց հայրենիք լինելը հազարամեակներով նիւթական մշակութային ժառանգներով ապացուցւած է հայկական հայրենիք է, հայերի բնօրրան է, այդ անձնաւորութիւնը, հայրենիքի այդ հատւածները ջնջում է հայրենիքի քարտէզից:

Ես վստահ եմ, որ այդ անձնաւորութիւնը նոյն գիտակցութեամբ, եւ այդ ժամանակւանից նրա հիւանդ ուղեղում, համոզում է գոյութիւն ունեցել, որ Արցախը քանի որ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան սահմանների մէջ չի եղել, հետեւաբար մեր հայրենիքի մաս չի կազմում, եւ պէտք է ամէն կերպ ազատւել Արցախից: Քանի որ կար իր հայրենի հողին կապւած Արցախի ժողովուրդ, այն գնաց ընդհուպ մինչեւ գիտակցւած ցեղասպանութեան յանցակցութեան: Սարսափեցնում է նրան, որ հայ ժողովուրդը կարող է իր մտքում ունենալ մեծ հայրենիքի՝ ազատ, անկախ, միացեալ հայրենիքի տեսլական: Հէնց այստեղ է, որ պէտք է հասկանանք այս խմբակը որեւէ կապ չունի ազգային մտածողութեան, ազգային պետութեան, հայ ժողովրդի դարաւոր իղձերի եւ տեսլականի հետ: Սրանք ընդամէնը ժամիշխաններ են, որոնց խնդիրն է յագուրդ տալով երկու հարեւանների գիշատիչ ախորժակին յայտարարութիւն անեն, որ մենք հայրենիք այլեւս այն տարողութեամբ ինչ որ իւրաքանչիւր հայի մտքում կայ աշխարհի ցանկացած անկիւնում, այլեւս չունենք այդ հայրենիքը: Մենք ընդամէնը 29800 քմ. ունենք եւ այս Հայաստանն ենք համարում հայրենիք եւ դրանից դուրս որեւէ բան հայկական չենք համարում: Ուրեմն սա է հիմնական խնդիրը, նարատիւը, եւ բաժանարար գիծը այսօրւայ իշխանութեան եւ ազգային մտածողութիւն ունեցող մեր ժողովրդի միջեւ: Սրա շուրջ է, որ պէտք է հայ մամուլը իր ձայնը բարձրացնի այս ուղղութեամբ իր ամբողջ պոտենցիալով: Բանն այն է, որ իշխանական խմբակը տիրապետում է պետական բոլոր լծակներին, թէ՛ ճնշման, թէ՛ ֆինանսական, թէ՛ բիզնեսի վրայ ազդելու առումով եւ այս հարցում ունի նաեւ իր Արեւմտեան աջակիցների անվերապահ հովանաւորութիւնը, ՀՀ-ում փակւել է երկու ընդդիմադիր հեռուստաալիք «Երկիր մեդիա»-ն եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը: Որեւէ խօսք չկայ նրանց կողմից Հայաստանում ազատ մամուլի նկատմամբ ճնշումների մասին: Արեւմտեան լրագրողական կազմակերպութիւնները ծպտուն չեն հանում: Այստեղ նաեւ այլ հարցեր են առաջանում, որովհետեւ մամուլը առանց տնտեսական եւ ֆինանսական միջոցների դատապարտւած է: Բայց կարծում եմ դա միանշանակ չէ, եւ աշխարհում բացի պետական բիւջէներից, կայ նաեւ հայկական ազգային կապիտալ: Մեր օրակարգի հարց պէտք է իսկապէս դառնայ հայկական կապիտալը, եթէ այն հայկական արմատներ ունի: Սովորաբար, ասում են կապիտալը ազգային հիմքեր չունի, բայց նոյնիսկ բիզնեսների դէպքում կան իսկապէս հայկական մտածողութիւն ունեցող մարդիկ եւ կապիտալ, որ ունի զուտ ազգային արմատ եւ նպատակներ: Եւ այդպիսի կառոյցներ կան ինչպէս՝ Դաշնակցութիւնը, Համազգայինը, Հայ Բարեգործական Ընդհանուր միութիւնը, եթէ իսկապէս այդ կազմակերպութիւնների համար կարեւոր է ազգային, հայկական արժեհամակարգը եւ հայկական տեսլականը պէտք է ձեռնամուխ լինել այս տեսլականին ծառայող կազմակերպութիւններին, ԶԼՄ-ներին, տնտեսապէս, ֆինանսապէս աջակցող մեխանիզմի ստեղծմանը: Որովհետեւ պետութիւնից, իշխանութիւնից, պետական բիւջէից արեւմտեան աղբիւրներից, մենք աջակցութեան որեւէ յոյս չենք կարող ունենալ: Նրանք հետապնդում են բոլորովին ուրիշ նպատակներ, ուրիշ տեսակի հայկական հասարակութիւն են ցանկանում ունենալ: Հլու-հնազանդ հաշտւած 29800 քմ.-ի վրայ իրենց գոյութիւնը պահպանող էթնիկ միաւոր, որը սպասարկելու է մեր դարաւոր թշնամիների տնտեսական շահերին: 

Ինչպէս է Սփիւռքից ստացած էներգիան, հայրենասիրութեան, գործի մղելու առումով: Հետեւո՞ւմ են Ձեզ, մոտիւացնո՞ղ է, պահանջատիրական է յետադարձ կա՞պը, որովհետեւ «Երկիր մեդիա»-ն, որպէս հայրենիքում աշխատող հեռուստաընկերութիւն նաեւ համահայկական հասարակութեան միտքն առաջնորդող եւ մոբիլիզացնող մեծ ներուժ ունի:

– Նոր հնարաւորութիւն է ստեղծւել համացանցի այս մակարդակի հասնելուց յետոյ: Նոր հնարաւորութիւններ է ստեղծւել «Երկիր մեդիա»-ի եւ մասնաւորապէս սփիւռքեան տարբեր համայնքներում գործող հայկական մամուլների համար: Կարծում եմ այս պայմաններում մենք նորովի պէտք է արձագանգենք մարտահրաւէրներին, առաջին հերթին: Կարծում եմ, նոր իրավիճակներում «Երկիր մեդիա»-ի եւ նրա ստեղծած արտադրանքի կարիքը կայ նաեւ սփիւռքեան համայնքներում, որովհետեւ բազմաթիւ իմ շփումները գործընկերների հետ բերում են այն համոզման, որ այն ծառայութիւնները եւ արտադրանքը, որը ստեղծում ենք կամ մատուցում ենք սփիւռքեան շատ համայնքներին հասանելի չեն: Բաւականին մեծ տեխնիկական յագեցւածութիւն է պահանջում այն ինչ, որ «Երկիր մեդիա»-ն լաւ կամ վատ այսօր կատարում է: Այս առումով «Երկիր մեդիա»-ի կարիքը կայ, եւ ես դա զգում եմ նաեւ իմ խօսակցութիւններից, սփիւռքեան ընկերների հետ զրոյցներում: Իսկապէս սա շատ պարտաւորեցնող է, կարծում եմ մենք շատ արագ պէտք է որոշակի լուծումների յանգենք ինչպէս հասանելի դառնանք սփիւռքեան հայրենակիցներին սա ամենաառաջինը: Երկրորդը՝ ստեղծենք այնպիսի բովանդակութիւն, որ նաեւ «Երկիր մեդիա»-ն ինքը աւելի հետաքրքիր լինի մեր Սփիւռքի հայրենակիցների համար: Երրորդը՝ կարողանանք սպասարկել նաեւ Սփիւռքի այն լրատւամիջոցներին, ովքեր ունեն հայաստանեան բովանդակութեան կարիք, որովհետեւ Բէյրութում, Թեհրանում, Լոս Անջելէսում նստած շատ բարդ է ստեղծել հայաստանեան բովանդակութիւն եւ ներկայացնել ներհայաստանեան իրողութիւնները: Այս հնարաւորութիւնը «Երկիր մեդիա»-ն ունի եւ կարծում եմ լրջօրէն պէտք է մտածել, թէ սա ինչպէս ենք հասցնելու Սփիւռքի մեր համայնքներ:

Իհարկէ, նաեւ անհրաժեշտ է լրջօրէն մտածել սփիւռքեան մամուլների հետ համագործակցութիւնների խորացման մասին:Շնորհակալ եմ, պարոն Եսայեան:

– Ես, նոյնպէս շնորհակալ եմ:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button