ՀարցազրոյցՄշակութային

Վիկտորիա Ալեքսանեան. «Ճշմարտութեան ձգտումը ինձ տարաւ ստեղծագործական դաշտ»

Վիկտորիա Ալեքսանեանը ծնւել է 1987 թւականին Երեւանում: Կարճամետրաժ ֆիլմերի սցենարիստ, ռեժիսոր, պրոդիւսեր է։ Հայաստանի անկախ կինոգործիչների միութեան համահիմնադիր:

Սովորել է Հայ-ռուսական համալսարանի լրագրութեան բաժնում, այնուհետեւ՝ Կոլումբիայի համալսարանի Արւեստների դպրոցի կինոարտադրութեան բաժնում։ Կրթութիւնն աւարտելուց յետոյ վերադարձել է Հայաստան։

Որպէս լրագրող՝ աշխատել է հայաստանեան մի շարք մշակութային ամսագրերում։ Լրագրութեան բնագաւառում մագիստրոսի կոչումը ստանալուց յետոյ զբաղւել է գեղարւեստական բեմադրութիւններով: Որպէս բլոգեր եւ կատարող՝ Նորւեգիայում միացել է բացօթեայ թատերական նախագծի, իսկ աւելի ուշ տեղափոխւել է Նիւ Եօրք եւ կինոարտադրութիւնն ուսումնասիրել է Կոլումբիայի համալսարանի Արւեստների դպրոցում։

2018 թւականի նոյեմբերին Գիւմրիի «Թումօ» կենտրոնում կազմակերպել է կինոարտադրութեան ուսուցման լաբորատորիա, որտեղ անցկացրել է մէկամսեայ ինտենսիւ կրթական կինոարտադրութեան աշխատարան, որի արդիւնքում «Թումօ»-ի ուսանողների հետ համատեղ ստեղծել են «Գիւմրի, իմ սէր» կարճամետրաժ ֆիլմը։

Ռեժիսոր Վիկտորիա Ալեքսանեանի «Կապոյտի միջով» կարճամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկւել է Ամերիկեան կինոակադեմիայի որակաւորման Go Short-International Short Film Festival Nijmegen կինոփառատօնի հոլանդական ֆիլմերի մրցոյթում: Ֆիլմի սցենարիստները Վիկտորիա Ալեքսանեանն ու Արմինէ Անդան են:

Առաջին մասնագիտութեամբ լրագրող էք, ինչպէ՞ս ստացւեց լրագրողի եւ ռեժիսորի մասնագիտութիւնների համատեղելը: Նախօրէին Ձեր «Ֆէյսբուք»-եան էջում գրել էիք, որ սուտը դարձաւ յարմար, մատչելի եւ արագ լուծում բոլոր խնդիրներին, եւ ճշմարտութիւնը ինքնին արժեզրկւեց, այն Ձեր երկու մասնագիտութիւնների ձախողումը չէ՞:

– Ամենասկզբից ընտրելով լրագրութիւնը ինձ հետաքրքիր էր մարդկանց հետ շփումը, մարդկանց պատմութիւնը: Այդ ժամանակ այդքան էլ գիտակից չէի ճշմարտութեան նկատմամբ: Այնտեղ իմացայ, որ ճշմարտութիւն գոյութիւն ունի եւ որպէս լրագրող կանգնած եմ այդ ճշմարտութեան սահմանին ու սահմանապահն եմ:

Եթէ լրագրողը ճշմարտութիւնը չասի եւ չհաղորդի ամբողջ լսարանին եւ հասարակութեանն այդ դէպքում իր արածն անիմաստ է դառնում, բարդ է ճշմարտութեան պոչը բռնելը եւ այդ ճշմարտութիւնը ներկայացնել այնպիսին ինչպիսին, որ կայ:

Խմբագիրները եւ ամբողջ լրագրութիւնը ներկայացնող բիզնես հատւածը իրենք էլ շահագրգռւած չէին ներկայացնելու իրականութիւնը, ուղղակի սենսացիոն եւ ուշադրութիւն գրաւող ձեւով էին ներկայացնում, փորձում էին նաեւ լսարան գրաւել եւ այդ մոլուցքը բերում է մեր հասարակութեան հիւանդացման:

Գիտէք, մենք շատ պատասխանատու ենք որպէս լրագրող, թէ ինչ ենք հաղորդում եւ ինչ լոյսի տակ ենք այդ ամբողջը անում, իրականութիւնը այնպիսին է, որ եթէ կայ, համեմւում է այդպիսի բաներով, որ ցոյց է տալիս շահ եւ որոշ տեսանկիւն:

Այդպէս եղաւ, երբ որոշեցի, որ լրագրողի աշխատանքից դուրս գալ եւ ստեղծագործութիւններով լինել ազատ: Իհարկէ, ստեղծագործելու, ռեժիսոր դառնալու ցանկութիւնը տարիներ առաջ էին առաջացել, մանկութեան տարիներին: Երկու տարբեր մասնագիտութիւններն ունեն այլ պատասխանատւութիւններ, միացնողը հիմնականում մարդկանց հետ հաղորդակցւելն ու ճշմարտութիւնն է:

Ինչպիսի խնդիրներ էք փորձում լուծել Ձեր ֆիլմերում, ինչպէ՞ս էք յաջողում ընտրել մի պատմութիւն եւ պատմել այնպէս, որ լայն մասսաներին հասանելի դառնայ, թիրախային լսարանի հարցն էլ կայ: Մարդկանց, որոնց հետ ցանկանում էք հաղորդակցւել, ինչպէ՞ս էք ընտրում, նրանք հիմնականում Հայաստանի՞ց են, Սփիւռքի՞ց, թէ զուտ աշխարհաքաղաքացիներ են:

– Ես ճիշտն ասած չեմ ընտրում լսարան, բայց լսարանն ի վերջոյ ստեղծւում է, չեմ հերքում այն, որ լսարանը շատ կարեւոր է եւ պէտք է լինի, բայց լսարանն ինքն է ընտրում իր ուզածը: Լսարան չեմ ընտրում, ընդամէնը ներկայացնում եմ այդ պատմութիւնները, որոնք ինձ կպնում են, եւ իմ կեանքով ինչ-որ կերպ անցկացնում եմ այս կամ այն կերպ եւ վերարտադրում եմ դրանք:

Ճշմարտութեան տակ ես հասկանում եմ նաեւ որակը, որովհետեւ ճշմարտութիւնը որակ է վերարտադրում:

Մի անգամ ասել էք, որ չէք ընկալում ինչու է ազգային լինելն անպայման խաչւում աւանդապաշտութեան հետ, իսկ այն իր հերթին` կրկին ճնշում անձի ազատութիւնները: Ի՞նչ նկատի ունէիք:

– Կան որոշ աւանդոյթներ, որոնք աւելի ոչ թէ ազգային են, այլ հասարակութեան աւանդոյթներ են, որոնք տարիներով արմատացել են մեր հասարակութեան մէջ: Դրանք թոյլ չեն տալիս դուրս գալ ազատութեան այն մակարդակ, որ կարողանանք ազատ լինել, որպէս ազգային միաւորներ: Այդպիսի հասարակութիւնը պարփակւում է, ձեռք բերելով այնպիսի յատկանիշեր, որ մի կողմից կարեւոր են հասարակութեան համար, որովհետեւ պահպանողական են եւ պահպանում են հասարակութիւնը բնաջնջւելուց, եւ միւս կողմից ստեղծում են այնպիսի իրավիճակներ, որ ցանկացած մէկը, որ դուրս գայ, կանգնի մի կողմ եւ ասի մի րոպէ սպասէք մենք 500 տարի իրար ձեռք-ձեռքի բռնած ասում էինք խաղողը կապոյտ է, բայց այն կապոյտ չէ, հետեւաբար այն ստեղծում է մի իրավիճակ, որ մի ամբողջ ալիք է բարձրացնում եւ վախ է միանգամից տարածում այն փոքր խմբի մէջ, որ 500 տարի միասին ապրել են մի հասարակութեան ներքոյ եւ հաւատացել են, որ խաղողը կապոյտ է եւ դա է իրենց պահել: Այն նաեւ կարող է շատ ուժեղ հարւած հասցնել հէնց այդ նոյն հասարակական միաւորին, եթէ չի յայտնւում այն մարդը եւ չի կանգնում ասում այն ճշմարտութիւնը, եւ չի առանձնանում, ինքն իրեն չի դնում այն վտանգաւոր իրավիճակի մէջ, հետեւաբար հասարակութիւնը շարունակում է ապրել կարծրատիպերի, աւանդոյթների տակ, քողարկելով եւ պաշտպանելով ինքն իրեն:

Նաեւ չեմ հերքում ազգայնականութեան կարեւորութիւնը, որովհետեւ ընկալելու համար, թէ ինչ միաւոր ես որպէս ազգ դու պէտք է նորից վերադառնաս, վերագտնես ինքդ քո ճշմարտութիւնը, եւ նոր ազատ կերպով արտայայտւես եւ ի վերջոյ փոխես ու զարգացնես քո հասարակութիւնը:

Այսօր շատերը հեռանում են Հայաստանից, քանի որ այլեւս ուժ չեն գտնում իրենց մէջ պայքարելու չունեն յաւերժ լուսաւոր կէտի սպասելու էներգիա, յուսահատութիւնը շատ մեծ է:

– Յուսահատութիւնը շատ մեծ է, այսօր ամբողջ աշխարհը գտնւում է այլայլւած իրավիճակում, այն ցաւօք սրտի Հայաստանում բերել է յուսահատութեան, մեր ճշմարտութիւնը այդքան հեշտ չեղաւ ներկայացնել աշխարհին: Կարծում էինք միայն հայերով կարող էինք Արցախը փրկել, բայց այդպէս չի ստացւում, այդպէս ստացւում է ոչ կորեկտ, որովհետեւ ամբողջ Եւրոպան, ամբողջ աշխարհը այդպիսի խնդիրներ ունի: Տասնամեակներ առաջ աշխարհը այլ քաղաքական վիճակում էր, քարտէզը այլ էր, որը վատ կարի պէս այսօր քանդւում է, որովհետեւ ամենասկզբից էլ այն անարդիւնաւէտ եւ ոչ պատշաճ կար էր արւել: Ցաւօք սրտի, այն նաեւ վերաբերւում է ոչ միայն Երկրորդ, այլ, նաեւ, Առաջին Համաշխարհային պատերազմին, մենք մեր պատմութեամբ աւելի ենք տուժել, յուսահատութիւնը նաեւ նրանից է, որ հասկացանք բարդ է ներկայացնել մեր ճշմարտութիւնը աշխարհին եւ, նաեւ, ոչ մէկ առանձնապէս հետաքրքրւած չէ դրանով:

Նոյնիսկ բացի ճշտից, եթէ մի ամբողջ նարատիւ ասենք, աշխարհին առանձնապէս հետաքրքիր չէ, եւ քաղաքական ուժերի եւ նրանց գերակշռութիւնից է ամէն ինչ կախւած, ցաւօք: Այնտեղ հիասթափութիւնն աւելի է գուցէ քաղաքականութիւնը ճանաչող օղակների միջեւ Հայաստանում:

Հայ երիտասարդութիւնը նաեւ ոգեւորւած էր, որովհետեւ կարծում էր ինչ որ ջանքով, կարող է մեծ բան փոխել, բայց մի բան անգամ մէկ միլիմետր բան փոխելու համար հարկաւոր է շատ մարդկանց զոհողութիւններ: Գիտէք, առանց հիասթափութեան հնարաւոր չէ նոր հասարակութիւն ստեղծել, առանց հիասթափութեան հնարաւոր չէ ստեղծագործել: Եթէ կարող ես դուրս գալ կեանքի հիասթափութիւնից եւ բուժւել ստեղծագործութեան շնորհիւ, հնարաւոր է նաեւ օգնել մի քանի հոգու: Եթէ նրանք լինեն տաս՝ ես կը լինեմ ուրախ, բայց եթէ լինեն հազարներ ես ինձ կը համարեմ Աստծու կողմից օրհնւած:

Մարդիկ ապրում են արագութեան եւ զբաղւածութեան մէջ, շատերը այդ համակարգւածութեան մէջ բացարձակ դադարում են զգալ սեփական անձը ու այլեւս չունեն ներսի ձայնն ընդհանուր աղմուկի մէջ լսելու ունակութիւն:

– Ամղուկը, այո շատ մեծ է, աղմուկը նաեւ նրանից է, որ մեր վրայ շատ մեծ ճնշում կայ եւ այդ ճնշման մէջ ցանկանում ես լինել ռելիւանտ եւ ցանկանում ես արտայայտւել հոսանքի հետ միասին: Այդ արտայայտութիւնը բերում է մի բանի, ինքդ քեզ հետ կապդ սկսում ես կորցնել: Դու պէտք է ասես, թէ այդ ամէն ինչի մէջ ինչ է հնարաւոր կատարել, որովհետեւ այսօր շատ մեծ վախ կայ արտայայտւել լրիւ ազատ, լրիւ ազատութիւնը վտանգաւոր է դարձել ամբողջ աշխարհում: Հիմա արտայայտւել նուրբ եւ ոչ մէկին չդիպչել, կարծում եմ՝ դա մի քիչ էլ համարեա նման է ոչինչ չասելուն:

Ինչպէ՞ս արտայայտւել, որպէս ստեղծագործող:

– Լինել այնքան լաւը, որակով, ճշմարիտ ինքդ քո հետ այնքան բաց հոգով, որ ի վերջոյ այն ճշմարտութիւնը, որ ունես ասելու, դիպչի նոյնիսկ այն մարդկանց, որ այլ բան են մտածում կամ իրենց միեւնոյն է:

Պէտք է ունենալ այնպիսի հաւատ, որ բերի այն ֆենոմենի, որ անտարբերութեան մէջ, մէկ էլ առկայծի մի շող, որ յանկարծ մարդիկ թեքեն իրենց գլուխը: Պէտք է լինել խիզախ, անվախ, տրւած ինքդ քո ճշմարտութեանը եւ չլինել ինքդ քո աշխարհի հետ կապից դուրս:

Ստեղծագործական գործընթացի բարդութիւնը այդ դժւարին ճանապարհն է, որը ինչ որ մի վերջնական բանի պէտք է բերի, որ մարդկանց սրտին կպնի:

Ճշմարտութեան մէջ պէտք է կարողանալ համոզել ոչ թէ բառերով այլ էմոցիայով, սրտով, մնացած բոլոր ճանապարհները ստեղծագործութիւնից դուրս են:

Սցենարներ գրելուց, պարզ է, որ դուք որպէս ռեժիսոր եւ սցենարիստ մեծ սպասումով էք հետեւում սեփական պրոցեսին: Ինչպէ՞ս էք յաջողում յաղթահարել այդ էմոցիաները:

– Այն շատ աւելի պակաս պոէտիկ է քան, այն ինչ նոր ասացի: Որովհետեւ ստեղծագործական պրոցեսն ըստ ինձ՝ աւելի կեղտոտ պրոցես է եւ բարդ աշխատանք է: Առանձնապէս, ասենք մուսա, ոչ մի մուսա չի գալիս, որ նստած լինի գեղեցիկ թախտին, եւ ամէն ինչ հոսայ, կամ համոզւած լինես, որ Աստծոյ կողմից ճառագայթներ ես ստանում չկայ նման բան:

Մղձաւանջի մէջ դու գտնում ես ճշմարտութեան ծիլեր, եւ եթէ բռնում ես ծիլերը, իրօք լինում են ժամանակ, որ այդ պրոցեսը սկսում է հոսել: Այն կռիւ է ինքդ քո դէմ, եւ եթէ ինքդ քեզ չմերժես եւ գրես այն ամէնը ինչ որ առաջին իսկ վայրկեանից գալիս է մտքիդ այն ստեղծագործել չէ:

Եկէք այս զրոյցի վերջաբանը թողնենք Ձեզ, ինչպէ՞ս կատարենք:

– Ապագայի առումով ես միշտ էլ փոքր յոյս թողնում եմ: Նոյնիսկ փոքր յոյս լինի, լինի դա շատ թոյլ, նեղ, լուսանցք: Այդ յոյսը շատ կարեւոր է ինձ համար էլ եւ այն լսարանի համար, ով կընտրի տեսնել իմ ստեղծածը, նրա համար էլ պարտադիր յոյս պէտք է լինի ամենավերջում եւ այդ յոյսով եկէք աւարտենք եւ անկախ հիասթափութիւնից եւ անկախ դժւար իրավիճակից, որ աշխարհում գտնում ենք այդ յոյսը, որը մեզ պէտք է տանի դէպի մեր սեփական յաղթանակը եւ մենք անցնում ենք այդ դժւարին պահով եւ քանի որ մենք դեռ կոտրւած չենք, կանգնած ենք, ստեղծագործում ենք, այդ յոյսը բազմացնելով կը հասնենք մեր սեփական յաղթանակին:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button