Հա
Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 17:05

Պատմութիւն կերտողը պատմութիւն դարձաւ

Երէկ երեկոյեան, 82 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Իսլ. յեղափոխութեան ամենաառանցքային եւ ամենաազդեցիկ դէմքերից մէկը` այաթ. Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին:

 Մահացել է այաթ. Հաշեմի Ռաֆսանջանին

 

 ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Երէկ երեկոյեան, 82 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Իսլ. յեղափոխութեան ամենաառանցքային եւ ամենաազդեցիկ դէմքերից մէկը` այաթ. Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին:

Ինչպէս տեղեկացնում են լրատւական գործակալութիւնները` այաթ. Ռաֆսանջանին Թաջրիշի «Շոհադա» հիւանդանոց է տեղափոխւել ժամը 17:45-ի սահմաններում`սրտի անբաւարարւածութեան պատճառով: Բժիշկները նրան ցուցաբերել են անհրաժեշտ բժշկական օգնութիւն: Նրա կեանքը, սակայն , փրկել չի յաջողւել: Այաթ. Հաշեմի Ռաֆսանջանին մահացել է սրտի կաթւածի պատճառով:

Մեծ եւ անգնահատելի է այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի աւանդը յեղափոխութեան յաղթանակի, ինչպէս նաեւ`դրան  յաջորդած փոթորկալից տարիներին բազմազան ու բազմաբնոյթ մարտահրաւէրների յաղթահարման, համակարգի ամրապնդման, կայացման եւ առաջընթացի գործընթացում: 

Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ այաթ. Խոմէյնիի մերձաւորագոյն աշակերտն ու դաշնակիցն առանցքային դերակատարութիւն ունէր յետյաղթանակի առաջին տարիների ներքաղաքական անկայունութեան յաղթահարման, Իրաքի դէմ պարտադրեալ պատերազմի ընթացքում պաշտպանական գործողութիւնների կազմակերպման, թշնամու առաջընթացի կասեցման, փառահեղ յաղթանակաների գրանցման գործընթացներում:

Առանցքային էր յատկապէս նրա դերակատարութիւնը պատերազմի աւարտի գործընթացում: Նրա պրագմատիզմի, քաղաքական կամքի եւ իրատեսութեան շնորհիւ յաջողւեց յաղթահարել զգացական դաշտի սահմաններն ու ընդունել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի թիւ 598 բանաձեւը, որն ազդարարեց 8-ամեայ պատերազմի աւարտը:

Դրան յաջորդած 8 տարիների ընթացքում, որպէս Հանրապետութեան նախագահ, այաթ. Հաշեմի Ռաֆսանջանին մեկնարկեց ու ղեկավարեց երկրի աւերւած ենթակառուցւածքների եւ տնտեսութեան վերականգնման եւ արդիականացման գործընթացը, որն ուղորդւեց յաջողութիւններով ու ձախողումներով, ձեռքբերումներով ու բացթողումներով, ինչն էլ յաճախ հակասական գնահատականների եւ վերաբերմունքների պատճառ դարձաւ:

Անշուշտ, դեռեւս վաղ է խօսել այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի քաղաքական աւանդի ու ժառանգութեան մասին: Դա պահանջում է ժամանակ, եւ ամենակարեւորը`պատմագիտական անկողմնակալ մօտեցում:

Այդուհանդերձ, կարելի է առանձնացնել այաթ. Ռաֆսանջանիի, որպէս քաղաքական գործչի եւ ղակավարի կարեւորագոյն մի քանի առնաձնայատկութիւն.

Ա. Այաթ. Ռաֆսանջանին չափազանց կարող լաբբիիստ էր: Քաղաքական գործընթացներում նա յատուկ կարեւորում էր կուլիսեան բանակցութիւններն ու երկխօսութիւնը: Այս առանձնայատկութեան շնորհիւ էր, որ նրան բազմիցս յաջողւեց կարգաւորել երկրի եւ համակարգի համար առանցքային նշանակութեան խնդիրներն ու մարտահրաւէրները:

Համակարգի վերնախաւում անհնար է գտնել որեւէ այլ ղեկավարի, որն այաթ. Ռաֆսանջանիի չափ կը տիրապետէր յետնաբեմում բանակցելու արւեստին:

Բ. Նա կատարելապէս իւրացրել էր մեծ քաղաքականութիւնում սառնասիրտ խաղացող լինելու անհրաժեշտութիւնը:

Անհնար է յիշել քաղաքական գոնէ մէկ դրւագ, երբ այաթ. Ռաֆսանջանին քաղաքական որոշումները կայացրած լինի էմոցիոնալ`զգացական դաշտում:

Թերեւս, հէնց սա էր նրա քաղաքական երկարակեցութեան բանաձեւը: Հէնց այս բացառիկ ունակութեան շնորհիւ էր, որ նա յաղթահարում էր բազմաբնոյթ մարտահրաւէրները, պարտութիւնից յաղթանակ էր կառուցում`մնալով մշտապէս վերելքում:

Գ. Երկրի զարգացման, հեռանկարների եւ ապագայի կապակցութեամբ նա ունէր մեծ եւ յստակ տեսլական, որի ակնոցով էր դիտարկում քաղաքական բոլոր գործընթացները:

Այդ տեսլականը նա փորձում էր մշտապէս արդիականացնել, այն համապատասխանեցնելով օրւայ պահանջին եւ առաջնահերթութիւններին:

Դ. Արտաքին քաղաքական ոլորտում նա երկխօսութեան եւ կառուցողական գործակցութեան անդաւաճան կողմնակից էր:

Ինչպէս ընդունւած է ասել` նրա համար չկային ոչ յաւէրժական կոնֆլիկտներ, ոչ էլ յաւէրժական հակառակորդներ:

Նա հաւատացած էր, որ երկխօսութեան եւ գործակցութեան շնորհիւ հնարաւոր է ցանկացած մարտահրաւէր վերափոխել`այն վերածելով առիթի, որը կարելի է ծառայեցնել երկրի ռազմավարական նպատակների իրագործման համար:

Իսլ. յեղափոխութեան պատմութեան խոշորագոյն գործիչներից մէկի մահն անկասկած չի կարող անմիջականօրէն չազդել երկրի ներքաղաքական գործընթացների վրայ:

Անշուշտ այաթ. Ռաֆսանջանիի մահը որոշակիօրէն ազդելու է ներքաղաքական ասպարէզում ուժերի դասաւորութեան եւ յարաբերակցութեան վրայ:

Նրա բացակայութիւնն առաջինը զգալու են չափաւորական-բարեփոխականները, որոնց, ներիշխանական յարաբերութիւններում մանեւրելու եւ դիւիդենտներ շահելու հնարաւորութիւնը զգալիօրէն կը նւազի: Մանաւանդ, որ այաթ. Ռաֆսանջանին համարւում էր բարեփոխականների կապող օղակը՝ պահպանողականների չափաւորական թեւի եւ աւանդական հոգեւորականութեան հետ:

Այաթ. Ռաֆսանջանիին միանշանակօրէն փոխարինել կարող է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, ով, ի դէպ, իր քաղաքական մկրտութիւնն ստացել է հէնց այաթ. Ռաֆսանջանիի դպրոցում: Դա, սակայն, պահանջելու է որաշկի ժամանակ, ուժերի յաւելեալ ներդրում եւ քաղաքական վերադիրքաւորում:

Թերեւս հէնց այս հանգամանքն է, որ նախագահական գալիք ընտրութիւնները դարձնելու է էլ աւելի կարեւոր, առանցքային եւ ինտրիգային:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։