Հա
Շաբաթ, 14 Յունւարի 2017 14:00

Թրամփի վարչակազմի նոր հռետորաբանութիւնը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագրի ճակատագրի մասին քննարկումների ջերմաստիճանը մօտենում է եռման կէտին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագրի ճակատագրի մասին քննարկումների ջերմաստիճանը մօտենում է եռման կէտին:

Լրահոսում իրար հակասող, մէկը միւսին մերժող լուրերի եւ վերլուծութիւնների պակաս բնաւ էլ չի զգացւում: Ընդհակառակը՝ ինֆորմացիոն հոսքն այնպիսին է, որը մեղմ ասաց, կարող է «շնչարգելութեան» պատճառ դառնալ:

Այս խառնաշփոթում, սակայն, ակնյայտ է մի բան. ինչքան մօտենում է Թրամփի պաշտօնավարման՝ յունւարի 20-ի օրը, այնքան աւելի է բալանսաւորւում միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ամերիկացի ապագայ պաշտօնեաների հռետորաբանութիւնը:

Նախընտրական պայքարի ընթացքում «միջուկային համապարփակ համաձայնագիրը պատռելու» մասին բղաւոցների հետքը շատ արագ խամրում է՝ փոխարինւելով դեռեւս կոշտ, սակայն զգալիօրէն բարեփոխւած մօտեցումներով, որոնց միանշանակ կարելի է բնութագրել որպէս նահանջ՝ նախընտրական ամբոխավարական հռետորաբանութիւնից:

Ուշադրութիւն դարձնենք միջուկային համապարփակ համաձայնագրի կապակցութեամբ արտաքին քաղաքականութեան, պաշտպանութեան եւ անվտանգութեան ոլորտներում Դոնալդ Թրամփի կառավարութեան առանցքային դէմքերի արտայայտութիւններին.

Համապարփակ համաձայնագրի մասին վերջին շրջանում հնչած ամենակոշտ մօտեցման հեղինակ, պետքարտուղարի պաշտօնի թեկնածու Ռեքս Թիլերսոնը խօսել է ընդամենը դրա «ամբողջական վերանայման» անհրաժեշտութեան մասին:

Նա, ի դէպ, շեշտել է, որ սա ընտրւած նախագահ Դոնալդ Թրամփի պահանջն է: Պահանջ, որը բնականաբար համատեղութեան որեւէ եզր չի կարող ունենալ համաձայնագիրը չեղարկելու մասին Թրամփի նախկին արտայայտութիւնների հետ:

Պաշտպանութեան նախարարի թեկնածու, պաշտոնաթող գեներալ Ջէյմզ Մատիսը, որը յայտնի է իր ընդգծւած հակաիրանական մօտեցումներով, Սենատի լսումների ժամանակ յատուկ նշել է, թէ առկայ բոլոր թերութիւններով հանդերձ, ԱՄՆ-ը պէտք է միանշանակօրէն հաւատարիմ մնայ եւ յարգի միջուկային համապարփակ համաձայնագիրը: Մօտեցում, որը թէեւ վկայում է միջուկային համապարփակ համաձայանգրի վերաբերեալ Թրամփի վարչակարգի դժգոհութեան մասին, այդուհանդերձ բաւականին հաւասարակշռւած եւ իրատեսական է հնչում:

Ոչ պակաս ուշադրութեան արժանի է նաեւ Կենտրոնական հետախուզութեան վարչութեան (CIA) ղեկավարի պաշտօնի թեկնածու Մայք Փոմփէոյի արտայատութիւնն այն մասին, թէ պաշտօնը ստանձնելու դէպքում իր ղեկավարած կառոյցը զբաղւելու է  «Իրանի կողմից միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների ամբողջական կատարաման մասին հաւաստ տեղեկութիւններ հաւաքելու գործով»: Դարձեալ ոչ մի ակնարկ համաձայնագրի հնարաւոր չեղարկման մասին:

Անկասկած նման պատասխանատու յայտարարութիւնները չեն կարող համադրւած չլինել ԱՄՆ-ի ապագայ նախագահի հետ, իսկ այս բոլորի հանրագումարը նշանակում է այն, որ Սպիտակ տանը Թրամփի թիմի հաստատւելուց յետոյ թէեւ Իրանի հետ յարաբերութիւններում լարւածութիւնը չի բացառւելու, այնուամենայնիւ նրանք փորձելու են հնարաւորինս համաչափ ու հաւասարակշռւած մօտեցում ցուցաբերել միջուկային գործարքի նկատմամբ:

Ինպէս փորձագէտներն են նշում. միջուկային համապարփակ համաձայնագիրը միջազգային փաստաթուղթ է, որի հնարաւոր չեղարկման համար անհրաժեշտ է այն ընդունած բոլոր կողմերի համաձայնութիւնը: Փաստաթուղթը ստորագրած ԵՄ-ն, Ռուսաստանն ու Չինաստանն արդէն պարզորոշ հասկացնել են տւել, որ դրա չեղարկումը, կամ, անգամ, վերանայումը բացառւած է, իսկ սա նշանակում է, որ Սպիտակ տան ցանկացած միակողմանի գործողութիւն կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի համար:

Սա առաջինը գիտակցում են հէնց Վաշինգտոնում՝ փորձելով մեղմել իրավիճակն ու ապագայ գործողութիւնների համար ստանալ մանեւրի յաւելեալ տարածութիւն եւ հնարաւորութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։