Հա
Շաբաթ, 21 Յունւարի 2017 14:30

Ամբոխավարութեան յաղթարշաւի մեկնարկը տրւած է

Դոնալդ Թրամփը պաշտօնապէս ստանձնեց Միացեալ Նահանգների 45-րդ նախագահի պարտականութիւնները:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Դոնալդ Թրամփը պաշտօնապէս ստանձնեց Միացեալ Նահանգների 45-րդ նախագահի պարտականութիւնները:

Երդմնակալութեան արարողութեան ժամանակ իր հնչեցրած ելոյթով նա չզարմացրեց ոչ մէկին: Աւիլ ստոյգ, նա վերջնականապէս հասկացնել տւեց բոլորին, որ այլեւս պէտք է համակերպւել եւ չպէտք է զարմանալ իր ելոյթներով:

ԵՍ ՉԵՄ ՓՈԽՒԵԼՈՒ. Ահա այսպէս պէտք է բնութագրել Դոնալդ Թրամփի ելոյթի հիմնական պատգամաը: Նա վճռել է մնալ նոյն ամբոխավարը, որը գիտի, թէ ինչպէս պէտք է խաղալ իր լսարանի զգացկան՝ ոչ իմացական լարերի հետ:

Ուշադրութեան դարձրէք նրա ելոյթի հիմնական ֆրազներին.

- Ամերիկան կրկին կը դարձնենք մեծ տէրութիւն: Աւելի մեծ, քան այն երբեւէ եղել է.

- Ամերիկացինե՛ր, սա ձեր երկիրն է, ձեր բոլորի երկիրը.

- Ի լուր աշխարհի յայտարարում ենք, որ այսօրւանից սկսեալ գործ են ունենալու բոլորովին նոր Ամերիկայի հետ: Այսօրւանից սկսեալ Ամերիկան, առաջին հերթին, կարեւորելու է ինքն իրեն.

- Արտաքին քաղաքականութիւնը, տնտեսութիւնը, պէտք է ծառայեն Ամերիկային, այլ, ոչ թէ այլ երկրներին:

- Մենք արմատախիլ կանենք իսլամական ծայրայեղական ահաբեկչութիւնը.

- Ամերիկան կրկին յաղթելու է: Յաղթանակ, որի նմանի ականատեսը չենք եղել երբեւէ.

- Մենք ստեղծելու ենք նոր աշխատատեղեր, վերահսկելու ենք սահմանները, կառուցելու ենք նոր ճանապարհներ, թունելներ, օդանաւակայններ եւ երկաթգծեր.

- Ամերիկացի՛ գնիր ամերիկեան արտադրանք.

- Ամէն ինչ ամերիկացիների համար

- Մաշկի գոյնը կարեւոր չէ, մենք բոլորս հայրենասէր ամերիկացիներ ենք.

- Ամերիկան հարուստ երկիր է, սակայն, անցեալ տարիների ընթացքում այդ հարստութիւնը բաժին է հասել հասարակութեան մի փոքր հատւածին: Հիմա, սակայն, վրայ է հասել փոփոխութեան ժամանակը: Աշխատասէր մարդու իրաւունքն աւելին է՝ քան չքաւորութիւնը.

Եւ… այս բոլորն ամբողջովին տեղաւորւում են Թրամփի նախընտրական հիմնական կարգախօսի՝ «Make America Great Again»-ի տրամաբանութեան սահմաններում: Ինչպէս արդէն նրա յաղթանակի յաջորդ օրն ենք գրել, նման լասվեգասեան նէոնային ցուցանակներին. շլացուցիչ՝ սակայն անբովանդակ, բայց, միեւնոյն ժամանակ, հասկանալի, ընկալելի եւ, մասնաւանդ ցանկալի՝ շարքային քաղաքացու համար, որի գլխաւոր հոգսը սեփական անձի եւ ընտանիքի բարօրութեան ապահովումն է:

Այս համատեքստում, բոլորին յուզող գլխաւոր հարցը շարունակում է մնալ մէկը. Ինչ սպասել Թրամփից: Այս հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հաշւի առնել մի կարեւոր հանգամանք. Դոնալդ Թրամփը թէեւ ներկայացնում է «Հանրապետական» կուսակցութիւնը, սակայն, նա օրգանակ որեւէ կապ չունի այդ կուսակցութեան կառոյցի, քաղաքականութիւն մշակող եւ որոշումներ կայացնող նրա առանցքի հետ: Այլ խօսքով՝ նա մարգինալ նախագահ է, ինչը նրան տալիս է մանեւրի որոշակի հնարաւորութիւն, բայց, միեւնոյն ժամանակ, կարող է ստեղծել նաեւ որոշակի խնդիրներ, եթէ, իհարկէ, ներպետական կամ էլ աշխարահաքաղաքական լրջագոյն որոշումներ կայացնելիս ԱՄՆ-ի Կոնգրեսի «Հանրապետական» մեծամասնութեան որոշակի հատւածը որոշի միանալ դեմոկրատական փոքրամասնութեանն ու գնալ նրա հետ առճակատման:

Ներկայ դրութեամբ, Թրամփի առաջնահերթութիւնները մի քանիսն են. Ներպետական ասպարէզում՝ հարկային քաղաքականութեան արմատական վերանայում, «Obamacare»-ի հնարաւորինս արագ չեղարկում, Մեքսիկայի սահմանին պատի կառուցում, իսկ աշխարհաքաղաքական ասպարէզում՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորում, դաշնակցային գործընկերութիւնների եւ արատքին յարաբերութիւնների արմատական վերանայում, իր բութագրամաբ՝ «Իսլամական ծայարյեղական ահաբեկչութեան» ոչնչացում, նոր դաշինքների ստեղծում:

Սրանք անհրաժեշտ են Թրամփին՝ իր էլեկտորատին համոզելու համար, թէ նա կարող է արագ իրականցնել նախընտրական իր խոստումները: Հակառակը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել նրա համար: Սակայն, չպէտք է մոռանալ նաեւ, որ սրանցից իւրաքանչիւրն ունեն քաղաքական սկանդալի վերածւելու անհրաժեշտ ներուժ, որոնք կարող են մեծ գլխացաւանքների պատճառ դառնալ:

Այդ իսկ պատճառով էլ մեծ հաւանականութեամբ, տեսանելի ապագայում, Թրամփի՝ աւելի ընդգծւած ու շեշտաւորւած ամբոխավարութեան ականատեսն ենք լինելու: Դա նրա յաղթաթուղթն է, նրա յաջողութեան բանալին՝ թալիսմանը: Թրամփը դա հաստատապէս օգտագործելու իր խնդիրները լուծելու նպատակով:

Այնպէս, որ ամբոխավարութեան յաղթարշաւի մեկնարկ դեռ նոր է տրւած: Այն  որոշակիօրէն ստւերելու է ԱՄՆ-ի քաղաքական գործընթացները՝ դրանք դարձնելով առաւել ծայրայեղական, ինչ-որ տեղ նաեւ անկանխատեսելի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։