Հա
Երկուշաբթի, 23 Յունւարի 2017 14:40

Ի՞նչ է ակնկալում Անկարան Աստանայից

Այսօր Աստանայում մեկնարկել է միջսիրական բանակցութիւնները, որին մասնակցում են նաեւ սիրիական ճգնաժամի հմնական խաղացողները՝ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան, որոնցից թերեւս ամենահետաքրքիրն ու ինտրիգայինը Թուրքիայի դիրքորոշումը եւ հետապնդած նպատակներն են:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Այսօր Աստանայում մեկնարկել է միջսիրական բանակցութիւնները, որին մասնակցում են նաեւ սիրիական ճգնաժամի հմնական խաղացողները՝ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան, որոնցից թերեւս ամենահետաքրքիրն ու ինտրիգայինը Թուրքիայի դիրքորոշումը եւ հետապնդած նպատակներն են:

Հալէպի ազատագրումն անկասկած ծանրագոյն հարւածն էր սիրիական ճգնաժամում Թուրքիայի դիրքերին, որն իր հիմնական խաղադրոյքը կատարել էր Հալէպում՝ սիրիական ընդդիմութեան յաջողութեան վրայ:

Հալէպի պարտութիւնը Թուրքիայի իշխանութիւններին ստիպեց հիմնական վերանայման ենթարկել իրենց սիրիական ռազմավարութիւնը:

Մարտավարական կտրուկ շրջադարձի արդիւքնում, Անկարան, նախ սկսեց Սիրիայի հետ կապւած իր բոլոր քայլերը համադրել Մոսկւայի հետ, իսկ յետոյ, Աստանայի բանակցութիւնների նախօրէին, յայտարարեց այն մասին, թէ ներկայում հրաժարւում է նախագահ Ասադի հրաժարականի պահանջից:

«Թէեւ մենք առաջւայ պէս կարծում ենք, որ Սիրիայում տեղի ունեցող արիւնահեղութիւնը կապ ունի Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ, սակայն ներկայում տարածաշրջանային իրավիճակը փոխւել է, Թուրքիան չի կարող պնդել առանց Ասադի մասնակցութեան որեւէ համաձայնության հաստատման վերաբերյալ»,- յայտարարել էր Թուրքիայի փոխվարչապետերից Մեհմեդ Շիմշեքը:

Ակնյայտ է, որ պաշտօնական Անկարան Աստանայի բանակցութիւնները դիտարկում է, որպէս «թայմ աութ», ինչը կարող է նրան ուժերի վերադասաւորման եւ վերադիրքաւորւելու որոշակի հնարաւորութիւն տալ:

Միանշանակ է, որ Թուրքիան այնքան էլ շահագրգռւած չէ Աստանայի բանակցութիւնների ձախողմամբ: Դա, ինչ-որ տեղ հակասում է թուրքական իշխանութիւնների հետապնդած թէ՛ կարճաժամկէտ, թէ՛ հեռահար շահերին:

Կարճաժամկէտ կտրւածքով, Թուրքիայի համար կենսական նշանակութիւն կարող է ունենալ Սիրիայում, հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչը սիրիական ընդդիմութեան վերակազմաւորման հնարաւորութիւն կը տայ: Բանակցութիւնների արդիւնքում (Աստանայում, իսկ յետոյ հաւանաբար Ժնեւում) թուրքերը կը փորձեն քաղաքական հնարաւոր առաւելագոյն դիւիդենտները շահել ընդդիմութեան համար:

Երկարատեւ կտրւածքով, Թուրքիան կը փորձի բանակցային գործընթացից հնարաւորինս հեռու պահել Սիրիայի քրդերին՝ իր համար վերապահելով Սիրիայի հիւսիսում քրդերի հաւանական գործողութիւններին հակազդելու իրաւունքը:

Չմոռանանք, որ Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանումն կենսական նշանակութիւն ունի Թուրքիայի ազգային անվտանգութեան անմիջական շահերի համար:

Իսկ ամենակարեւորը՝ Ռուսաստանի հետ մերձեցման, Մոսկւայի հետ համադրւած աշխատելու ֆոնին Թուրքիան կը փորձի աստիճանաբար չէզոքացնել Իրանի եւ լիբանանեան «Հեզբօլլահ»-ի դերակատարութիւնը Սիրիայում, իր համար ապահովելով մանեւրի յաւելեալ տարածութիւն եւ հնարաւորութիւն՝ սիրիական ճգնաժամում կրկին վերածւելով հիմնական եւ որոշիչ խաղացողի:

Այս համատեքստում, Ռուսաստանի հետ յարաբերութիւններում, նրանք պատրաստ են գնալ ցանկացած զիջման՝ անհրաժեշտութեան դէպքում երաշխաւորելով անգամ Մոսկւայի ռազմավարական անմիջական շահերի եւ հեռահար նպատակնբերի անձեռմխելիութիւնը Սիրիայում, եթէ, իհարկէ, իրադարձութիւնները դասաւորւեն այնպէս, ինչպէս՝ իրենք են ցանկանում: Հակառակ դէպքում, Սիրիայի հարցում, ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի կողմը միշտ էլ շրջւել կարելի է:

Անկարայում գիտակցում են, թէ Աստանայի բանակցութիւններում «առաջին ջութակ»-ի դերը վերապահւած է լինելու Ռուսաստանին եւ Իրանին, իսկ իրենք պէտք է բաւարարւեն երկրորդական՝ միջնորդի դերով միայն: Առ այդ, պէտք է համակերպւել սպասողական դրութեան պայամններին՝ փորձելով առաւելագոյնը քաղել բանակցային գործընթացից: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։