Հա
25/01/2017 - 14:50

Աստանայի բանակցութիւններ. Կա՞ն արդեօք իրական ձեռքբերումներ

Բանակցութիւններ աւարտից բոլորին յուզող հարցը միանաշանակ մէկն է. Աստանայի բանակցութիւններն ունեցե՞լ են արդեօք իրական ձեռքբերումներ, թէ՝ ոչ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Աստանայուն աւարտւեցին միջսիրիական բանակցութիւնները:

Սիրիական հակամարտութեան երեք հիմնական խաղացողների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ Սիրայում բռնութիւնները նւազագոյնի հասցնելու մասին կոնսենսուսն, այնուամենայնիւ կայացաւ, սակայն Սիրիայի կառավարութիւնն ու սիրիական ընդդիմութիւնը շարունակեցին խուսափել ուղղակի շփումներից:

Բանակցութիւնների ամփոփիչ յայտարարութիւնը կարեւորում է երեք երկրների դերակատարութիւնը սիրիական հակամարտութեան կարգաւորման գործում, ամրագրում է նրանց հաւատարմութիւնը Սիրիայի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան սկզբունքներին եւ պարտաւորեցնում է մշակել մեխանիզմներ՝ հրադադրի ռեժիմի պահպանման մոնիտորինգի համար:

Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպէս նաեւ՝ Սիրիայի կառավարական պատւիրակութիւնը կարեւորել են բանակցութիւնների արդիւնքները, մինչ դեռ սիրիական ընդդիմութեանը չեն բաւարարել դրանք: Ընդդիմութիւնը շտապել է յայտարարել, որ թերահաւատօրէն է վերաբերւում ամփոփիչ յայտարարութիւնում ամրագրւած պայմանաւորւածութիւնների իրագործման հեռանկարին:

Բանակցութիւններ աւարտից բոլորին յուզող հարցը միանաշանակ մէկն է. Աստանայի բանակցութիւններն ունեցե՞լ են արդեօք իրական ձեռքբերումներ, թէ՝ ոչ:

Հարցին պատասխանելու համար նշենք մի քանի հանգամանք.

Ա. Սիրիական ընդդիմութիւնը ողջունել է հակամարտութեան կարգաւորման գործում Ռուսաստանի եւ Թուրքիայի ընդգծւած դերակատարութիւնը՝ միաժամանակ պահանջելով, որ նւազագոյնի իջեցւի, կամ էլ ընդհանրապէս բացառւի Իրանի դերակատարութիւնն այդ գործընթացում:

Բ. Սիրիայի կառավարական պատւիրակութիւնը բացառել է Թուրքիայի հետ ուղղակի բանակցութիւնների հնարաւորութիւնը: Նման դիքորոշումը, պատւիրակութեան ղեկավար Բաշշար Ջաֆարին պայմանաւորել է նրանով, որ Թուրքիան ասում է մի բան, բայց իրականում անում մէկ այլ բան:

Գ. Սիրայի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան սկզբունքների մասին Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի յանձնառութեան ֆոնին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Թուրքիան չի պատրաստւում Սիրիայի կառավարութեանը վերադարձնել Ալ Բաբը քաղաքը։ «Մենք գործողությունը չենք անցկացնում նրա համար, որ հետագայում քաղաքը յանձնենք ռեժիմին։ Մենք ի սկզբանէ ասել ենք, որ գործողութիւնն իրականացւում է մեր անվտանգութեան ամրապնդման եւ հարաւից սպառնալիքը վերացնելու համար»,- յայտարարել է նա:  

Դ. Աստանայի բանակցութիւնների ընթացքում, Լաւրովն ու Չաւուշօղլուն երկկողմ հանդիպումներից մէկի ընթացքում քննարկել են Սիրայում, նոր ձեւաչափով կառավարութեան ձեւաւորման հնարաւորութիւնը, ուր երաշխաւորւած կը լինի նախագահ Ասադի դերակատարութիւնը:

Ե. Միաժամանակ, Բէյրութում, Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը յայտարարել է, թէ Իրանը հանդէս է գալիս սիրիական հակամարտութեան դիւանագիտական լուծման օգտին, սակայն չի հրաժարւի ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարում Սիրիային տրամադրւող օգնութիւնից:

Զ. Բանակցութիւնների ընթացքում Սիրիայի կառավարութեան եւ զինւած ընդդիմութեան ներկայացուցիչները խուսափել են ուղղակի շփումներից, այն դէպքում, երբ հակամարտութեան ամենաանմիջական դերակատարների նման շփումներն առանցքային նշանակութիւն ունեն նմանատիպ բանակցութիւնների արդիւնաւորման գործում:

Այս ֆոնին, Աստանայի բանակցութիւններում գրանցւած շոշափելի արդիւնքների մասին խօսելն անկասկած չափազանցւած լաւատեսութեան ժանրից է:

Իրականում, Աստանայի բանակցութիւններն ընդգծեցին բաժանարար այն գծերը, որոնք ցանկացած պահի կարող են խզում առաջցնել սիրիական հակամարտութեան քաղաքական կարգաւորման գործընթացում:

Եթէ բնութագրելու լինենք Աստանայի բանակցութիւնները, ապա դրանք տարածաշրջանում սեփական դիրքրերի կառաուցման համար շատ ժամանակ եւ ռեսուրսներ ծախսած  հակամարտութեան հիմնական խաղացողների համար դիրքային վերադասաւորման, ուժերի յարաբերակցութեան վերագնահատման եւ ռազամավարական առաջնահերթութիւնների հնարաւոր փոփոխութեան բացառիկ հնարաւորութիւն էին:

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • Թուրքագէտ. ««S-400» համակարգերի գնման շուրջ կնքւած գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակութիւն ստանալ»
    Թուրքագէտ. ««S-400» համակարգերի գնման շուրջ կնքւած գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակութիւն ստանալ»

    Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ «S-400» համակարգերի գնման շուրջ կնքւած գործարքը կարող է աշխարհաքաղաքական նշանակութիւն ստանալ, քանի որ այդ գործարքի շնորհիւ Թուրքիան հաստատում է վերջին տարիներին իր քաղաքական նոր մօտեցումները տարածաշրջանային զարգացումների նկատմամբ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։