Դոկտ. Ահմադինեժադին ուղեկցել են նրա մերձաւորագոյն շրջապատը ներկայացնող Համիդ Բաղային եւ Էսֆանդեար Ռահիմ Մաշային, որոնք նոյնպէս առաջադրել են իրենց թեկնածութիւնը:
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Իրանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այսօր նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններին մասնակցութեան յայտ է ներկայացրել:
Դոկտ. Ահմադինեժադին ուղեկցել են նրա մերձաւորագոյն շրջապատը ներկայացնող Համիդ Բաղային եւ Էսֆանդեար Ռահիմ Մաշային, որոնք նոյնպէս առաջադրել են իրենց թեկնածութիւնը:
Նրանցից բացի, ընտրութիւններին մասնակցութեան յայտ է ներկայացրել նաեւ Մասուդ Զարիբաֆանը, որը նոյնպէս համարւում է Ահմադինեժադի քաղաքական համախոհներից: Զարիբաֆանը, սակայն, յայտարարել է, որ անկախ է մասնակցելու առաջիկայ ընտրութիւններին՝ ընդգծելով, որ ինքը որեւէ մէկի «քաղաքական շւաքը չէ»:
Անկասկած, նախկին նախագահի քայլը պէտք է համարել Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների արձանագրութեան գործընթացի երկրորդ օրւայ մեծագոյն անակնկալը: Չմոռանանք, որ դեռեւս ամիսներ առաջ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը Մահմուդ Ահմադինեժադին կոչ էր արել չմասնակցել առաջիկայ նախագահական ընտրութիւններին, իսկ ինքը՝ Ահմադինեժադը յայտարարել էր, որ պաշտպանելու է Համիդ Բաղայիի թեկնածութիւնը:
Արդէն կարելի է ենթադրել, որ Ահմադինեժադի եւ նրա մերձաւորագոյն շրջապատի ներկայութիւնը միանշանակօրէն դառնալու է 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների խոշորագոյն ինտրիգը:
Այն, նաեւ լրջագոյն մարտահրաւէր է Պահապանների խորհրդի համար, որի ֆիլտրից են անցնելու ընտրութիւններին մասնակցութեան յայտ ներկայացրած բոլոր թեկնածուները:
Թէ ինչպէ՞ս կը վարւի Պահապանների խորհուրդը պարզ կը դառնայ արձանագրութեան աւարտից 5 օր յետոյ, երբ կը հրապարակւի թեկնածուների վերջնական ցուցակը, որոնց արժանաւորութիւնը կը հաստատւի խորհրդի կողմից:
Հէնց այս գործընթացը պէտք է համարել վերը նշւած ինտրիգի առաջին արարը: Այժմ ընտրութիւնների հետ կապւած, շարքային քաղաքացիներին յուզող անմիջական հարցն այն է, թէ ինչպէ՞ս է կարող Պահապանների խորհուրդը չհաստատել նախկին նախագահի արժանաւորութիւնը, որի մասին ժամանակին յեղափոխութեան առաջնորդը նշել էր, թէ իր տեսակէտներն ու մօտեցումներն աւելի մօտ են նրան:
Կարելի է ենթադրել, որ նման «ներկայացուցչական» թիմով ընտրութիւններին մասնակցութեան յայտ ներկայացնելը շախմատային լեզւով ասաց՝ Ահմադինեժադի թիմի կողմից ձիու քայլ է, որը կոչւած է ապահովելու այդ քաղաքական հոսանքի թեկնածուներից մէկն ու մէկի մասնակցութիւնն ընտրութիւններին: Այդ թեկնածուն կարող է լինել Համիդ Բաղային, որին պաշտպանելու մասին յայտարարութեամբ էր հանդէս եկել Մահմուդ Ահմադինեժադը:
Թէեւ յստակ գնահատականներ տալու կամ որոշակի կանխատեսումներ անելու համար անհրաժեշտ է սպասել իրադարձութիւնների հետագայ զարգացումներին, այդուհանդերձ, կարելի է միանշանակօրէն նշել, թէ ինչպիսին էլ, որ լինի Ահմադինեժադի եւ նրա թիմակիցների նկատմամբ Պահապանների խորհրդի որոշումը, նրանց այս քայլը միանշանակօրէն ազդելու է նախագահական ընտրութիւնների ընթացքի վրայ՝ որոշակիօրէն ուղղորդելով իրադարձութիւնների հնարաւոր զարգացումները:
Յ. Գ. Պատկերացրէք մի պահ նախագահական ընտրութիւնների այսպիսի մի սցենար. նախագահի պաշտօնի համար մրցակցում են Ռոհանին, Ռէյիսին եւ Ահմադինեժադը… իսկ մեկնաբանութիւնը՝ ԻՆՉՊԻՍԻ ԹԷԺ ԳԱՐՈՒՆ Է ՍՊԱՍՒՈՒՄ ՄԵԶ: