Հա
Շաբաթ, 10 Յունիսի 2017 17:30

Թերեզա Մէյի ճակատագրական սխալը

Յունիսի 7-ին Մեծ Բրիտանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները միանշանակօրէն ծանր պարտութիւն էին իշխող՝ «Պահպանողական» կուսակցութեան, եւ նրա առաջնորդ, գործող վարչապետ Թերեզա Մէյի համար: 

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Յունիսի 7-ին Մեծ Բրիտանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները միանշանակօրէն ծանր պարտութիւն էին իշխող՝ «Պահպանողական» կուսակցութեան, եւ նրա առաջնորդ, գործող վարչապետ Թերեզա Մէյի համար:

Թէեւ պահպանողականներին յաջողւեց ընտրութիւնների արդիւնքում պահպանել առաջատարի դիրքերը, այդուհանդերձ, նրանք կորցրեցին խորհրդարանական մեծամասնութիւնը, ինչն էլ, փորձագէտների կարծիքով՝ հաւասարազօր էր պարտութեան:

Իրականում, պահպանողականների ձախողումը հիմնականում պայմանաւորւած էր վարչապետ Թերեզա Մէյի անձի, եւ նրա թոյլ տւած ճակատագրական սխալի հետ:

Ներքաղաքական դաշտում եւ «Brexit»-ի հետ կապւած ԵՄ-ի հետ բանակցութիւններում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով, տիկ. Մէյը խաղադրոյքը կատարեց արտահերթ ընտրութիւնների մարտավարութեան վրայ, առանց հաշւի առնելու առկայ քաղաքական իրողութիւններն ու բրիտանական հասարակութեան մօտ տրամադրութիւնները:

Ֆուտբոլային լեզւով ասաց, վարչապետ Մէյի այս քայլը նման էր ինքնագոլի: Նա թոյլ տւեց ճակատագրական նոյն այն սխալը, ինչը 2016 թւականին «Brexit»-ի հանրաքւէի հետ կապւած թոյլ էր տւել պահպանողական նախկին վարչապետ Դէյւիդ Կամերոնը: Արդիւնքում, ստացւեց այնպէս, որ ոչ միայն չամրապնդւեցին վարչապետ Մէյի քաղաքական դիրքերը, այլ, ընդհակառակը, հողը սահեց նրա եւ «պահպանողական» կուսակցութեան ոտքերի տակից:

Փորձագէտները հակւած են պահպանողականների ճակատագրական այս ձախողումը հիմնականում պայմանաւորել Թերեզա Մէյի անձով:

Ընտրութեանը հետեւած ժամերին, երբ արդէն յստակ էր, թէ ինչ արդիւնքներ են գրանցւել, «BBC»-ի ուղիղ եթերում վերլուծելով վարչապետ Մէյի եւ պահպանողականների ձախողման պատճառները, բրիտանացի փորձագէտներից մէկն ասաց. «Թերեզա Մէյը ճակատագրական սխալ թոյլ տւեց: Նա մոռացել էր, այն իրողութեան մասին, որ ինքը Մարգարետ Թաչերը չէ: Այլ, ընդամէնը քաղաքական գործիչ է, որը պատահականօրէն է յայտնւել վարչապետի պաշտօնում:

Նա այդ պաշտօնը զբաղեցրել է միայն այն պատճառով, որ «Brexit»-ի արշաւի ղեկավար Բորիս Ջանսոնը հրաժարւեց ընդունել պաշտօնը, իսկ պահպանողականները Մէյից բացի, չունէին որեւէ այլ թեկնածու»:

Եթէ դիտարկենք վերջին եկու օրերի բրիտանական մամուլի հրապարակումները, ապա կը տեսնենք, թէ այս կարծիքը կարմիր թելի պէս անցնում է յունիսի 8-ի ընտրութիւնների հետ կապւած գրեթէ բոլոր վերլուծականներում:

Անգլիացի լրագրողները յիշեցնում են, որ մինչ «Brexit»-ը Թերեզա Մէյը համրւում էր դրա ընդդիմախօսներից, սակայն, վարչապետի պաշտօնն զբաղեցնելուց յետոյ, նա դարձաւ դրա «ամենասկզբունքային» պաշտպաներից մէկը:

Թէեւ իր զբաղեցրած պաշտօնի պատճառով Թերեզա Մէյը ստիպւած էր ղեկավարել «Brexit»-ի իրագործման ընթացքն, այդուհանդերձ, դիրքորոշման նման կտրուկ փոփոխութիւնը միանշանակ չնկալւեց քաղաքացիների կողմից: Նրանք դա պայմանաւորեցին վարչապետ Մէյի պատեհապաշտութեամբ եւ անկայուն նկարագրով, ինչն էլ իր որոշիչ ազդեցութիւնն ունեցաւ խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների ժամանակ:

Ինչեւէ արդէն յստակ է, որ վարչապետ Մէյին եւ «Պահպանողական» կուսակցութեանը սպասւում են մարախլապատ Ալբիոնի եղանակին նման օրեր: Խորհրդարանական մեծամասնութիւն ձեւաւորելու համար նրանք ստիպւած են ապաւինելու պոպոլիստական հայեացքներով աչքի ընկնող հիւսիսիռլանդական «Դեմոկրատական միութիւն» կուսակցութեան աջակցութեանը, ինչն էլ փորձագէտների կարծիքով՝ մեղմ ասաց այնքան էլ յուսադրող ապագայ չի ենթադրում:

Դեռ աւելին՝ ընտրութիւնների արդիւնքների վերլուծութիւնն ապացուցում է, որ «Պահպանողական» կուսակցութեան համար վրայ են հասնում քաղաքական տեղատւութեան ժամանակներ:

Բերենք միայն մի օրինակ. մայրաքաղաք Լոնդոնի ամենահարուստ շրջանը՝ Քենզինկտոնը մշտապէս քւէարկել է պահպանողականների օգտին: Յունիսի 8-ի ընտրութիւնների ամենամեծ սենսացիաներից մէկն էլ այն էր, որ Քենզինկտոնի քւէատուփերն ստացան այսպէս կոչւած «կարմիր» երանգաւորում: Քենզինկտոնցիները նախապատւութիւնը տւեցին լէյբորիստներին:

Թէեւ պահպանողականները վերահաշւարկի պահանջ են ներկայացրել, սակայն, դա էլ չի փոխում հարցի էութիւնը: Վերահաշւարկի յաջող ընթացքի դէպքում էլ պատգամը յտակ է. արիստոկրատներն էլ արդէն, աստիճանաբար, մէջքով են թեքւում դէպի պահպանողականները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։