Հա
Երեքշաբթի, 25 Յուլիսի 2017 14:50

Խանասոր-120. Յանուն ազգային արժանապատւութեան խիզախել մինչեւ վերջ

Այսօր՝ յուլիսի 25-ին նշում ենք Խանասորի արշաւանքի 120-ամեակը: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծաւալած փառահեղ ռազմական գործողութիւնների ամենափայլուն էջերից մէկը՝ Խանասորի արշաւանքն օտարականի համար, առաջին իսկ հայեացքից կարող է թւալ մոռացւած արեւելքի հեռու եւ աննշան մի անկիւնում, տեղային, չնչին նշանակութեան միջցեղային մի բախում, որը տրամաբանօրէն ո՛չ այն պահին, ո՛չ առաւել եւս հիմա չպէտք է ունենայ որեւէ նշանակութիւն, որին կարող է դարձնել յատկանշման արժանի պատմական իրադարձութեան:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

«Ցոյց տանք մեր հասարակութեանը, որ ընդունակ ենք յեղափոխական կռիւը յաջողութեամբ առաջ տանելու: …Ցոյց տանք ամբողջ աշխարհին, թէ հայն էլ գիտէ կռւել ազատութեան համար»: Սրանք սրանից ճիշտ 120 տարի առաջ, Խանասորի արշաւանքի մեկնարկին, գլխաւոր հրամանատար Խանասորի Վարդանի խօսքերն են՝ ուղղւած արշաւանքի մասնակից հերոսներին:

Այսօր՝ յուլիսի 25-ին նշում ենք Խանասորի արշաւանքի 120-ամեակը: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծաւալած փառահեղ ռազմական գործողութիւնների ամենափայլուն էջերից մէկը՝ Խանասորի արշաւանքն օտարականի համար, առաջին իսկ հայեացքից կարող է թւալ մոռացւած արեւելքի հեռու եւ աննշան մի անկիւնում, տեղային, չնչին նշանակութեան միջցեղային մի բախում, որը տրամաբանօրէն ո՛չ այն պահին, ո՛չ առաւել եւս հիմա չպէտք է ունենայ որեւէ նշանակութիւն, որին կարող է դարձնել յատկանշման արժանի պատմական իրադարձութեան:

Սա, իահրկէ, ինչպէս նշեցինք, ընդամենն առաջին հայեացքից, այն էլ օտարականի տեսահորիզոնից: Իրականում, սակայն, ընդամենը մի քանի ժամ տեւած «փոքրիկ եւ աննշան» այս գործողութիւնը հաւաստիքն էր այն բանի, որ յաւիտենական ու անշրջելի թւացող դարերի թմբիրում յայտնւած, տեղատւութեանը վարժւած հայի մօտ դեռեւս իսպառ չի կորել սեփական ԵՍ-ը պարտադրելու, ԿԱՄՔ-ը թելադրելու ունակութիւնը: Խանասորը եկաւ փաստելու, որ հայ մարդու մօտ ոչ միայն շարունակում է գոյատեւել կռւելու կարողութիւնը, այլ, դեռ աւելին՝ անհրաժեշտութեան դէպքում նա կարող է խստօրէն պատժել այն ստահակին, որը կը համարձակւի ձեռք բարձրացնել իր վրայ՝ ոտնատակ տալով նրա ինքնասիրութիւնը:

Խանասորն էր, որ սկիզբ դրեց ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՏԻԿԻ ու ՖԻԴԱՅՈՒ լեգենդին, որ տասնամեակից աւելի դարձաւ մի կողմից քուրդ ու թուրք թալանչիների ամենաանցանկալի մղձաւանջն ու սարասփը, իսկ միւս կողմից՝ ազգային ազատագրական պայքարին զինւորագրւած հայ առաջադէմ երիտասարդութեան շարժիչ ուժն ու ոգեւորիչ խթանը:

Իսկ ամենակարեւորը. Խանասորն էր, որ հայ մարդու ենթագիտակցութեան մէջ՝ գենետիկ յիշողութեան կոդում վերասաղմնաւորեց յանուն ազգային արժանապատւութեան մինչեւ վերջ խիզախելու, հնարաւորն ու անհնարը կատարելու վստահութիւնը:

Մի կողմ թողնենք Խանասորի արշաւանքին հետեւած, բոլորին ծանօթ մեր պատմութեան անցեալի հերոսական էջերն ու դրւագները եւ անդրադառնանք մեր յիշողութեան մէջ դեռեւս վառ, ամենաթարմ օրինակին՝ Ապրիլեան քառօրեայ պատերազմին: Անկասկած այդ պատերազմին մասնակից յաւիտենականացած կամ ապրող հերոս տղաներից շատերն անգամ չէին լսել Խանասորի արշաւանքի եւ նրա մասնակիցների հերոսութիւնների մասին, այդուհանդերձ, նրանք ակամայից գործեցին հէնց այնպէս՝ ինչպէս 1897 թւականի յուլիս 25-ին գործեցին Խանասորի հերոսները:

Այս գնահատականները ոմանց համար կարող են թւալ չափազանցւած, ռոմանտիկ, իրականութեան հետ անգամ հեռաւոր աղերս չունեցող յուզական պոռթկումներ: Սակայն, փաստը մնում է փաստ. առաջին հայեացքից «փոքրիկ եւ աննշան» թւացող հէնց խանասորատիպ պատմական եղելութիւններն ու իրադարձութիւններն են, որ ձեւաւորում են մարդ անհատի եւ ազգային հաւաքականութեան ենթագիտակցութեան մէջ թաքնւած կերպարը, որն իր ողջ շքեղութեամբ դրսեւորում է պատմական օրհասական պահերին:

Եւ հէնց այդ «փոքրիկ եւ աննշան» թւացող պատմական եղելութիւնների եւ իրադարձութիւնների շարքին է պատկանում Խանասորի արշաւանքը, որի 120-ամեակը նշում ենք այսօր՝ 2017 թւականի յուլիսի 25-ին:

Փա՛ռք Խանասորի հերոսների յիշատակին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։