Հա
Կիրակի, 24 Սեպտեմբերի 2017 12:00

Այսօր Գերմանիայում նոր խորհրդարան են ընտրում

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայանալու են Բունդեսթագի ընտրութիւնները:

Վերջին բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, թէ գործող կանցլեր Անգելլա Մերկէլի գլխաւորած «Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն»-«Քրիստոնեայ-սոցիալիստական միութիւն» դաշինքը (ՔԴՄ/ՔՍՄ) առաջատարն է: Սակայն գլխաւոր ինտրիգը կայանում է նրանում, թէ ինչպէս կը բաշխւեն ընտրողների ձայները միւս կուսակցութիւնների միջեւ, ինչն էլ կարող է ճակատագրական նշանակութիւն ունենալ ապագայ կառավարութեան ձեւաւորման գործընթացի համար:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայանալու են Բունդեսթագի ընտրութիւնները:

Վերջին բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, թէ գործող կանցլեր Անգելլա Մերկէլի գլխաւորած «Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն»-«Քրիստոնեայ-սոցիալիստական միութիւն» դաշինքը (ՔԴՄ/ՔՍՄ) առաջատարն է: Սակայն գլխաւոր ինտրիգը կայանում է նրանում, թէ ինչպէս կը բաշխւեն ընտրողների ձայները միւս կուսակցութիւնների միջեւ, ինչն էլ կարող է ճակատագրական նշանակութիւն ունենալ ապագայ կառավարութեան ձեւաւորման գործընթացի համար:

Սոցհարցումների անցկացման գործում մասնագիտացած գերմանական երեք խոշորագոյն հաստատութիւնների՝ «Allensbach»-ի, «Emnid»-ի եւ «Forsa»-ի հրապարակած տւեալները վկայում են այն մասին, որ Մերկէլի գլխաւորած դաշինքը կը ստանայ ընտրողների շուրջ 36%-ի վստահութեան քւէն, ինչն էլ բաւարարում է յաղթանակի՝ բայց ոչ կառավարութեան ձեւաւորման համար:

Երկրորդը քրիստոնեայ-դեմոկրատների աւանդական մրցակիցներն են լինելու. Մարտին Շուլցի գլխաւորած «Սոցիալ դեմոկրատական» կուսակցութիւնը (ՍԴԿ) կը ստանայ ձայների 21-22%-ը:

«Ձախեր» կուսակցութիւնը կը ստանայ ձայների 9-10%-ը, իսկ «Կանաչներ»-ի կուսակցութիւնը՝ շուրջ 8%-ը:

Բունդեսթագի անցեալ շրջանի ընտրութիւններից յետոյ կրած ջախջախիչ պարտութիւնից յետոյ «Ազատ դեմոկրատներ» կուսակցութեանը յաջողւել է շտկել իրավիճակը: Այս անգամ նրանց կը յաջողւի յաղթահարել 5%-ի արգելքն ու մուտք գործել խորհրդարան: Նրանք կը ստանան ընտրողների 9-9.5%-ի ձայները:

Այդուհանդերձ, այս ընտրութիւնների գլխաւոր սենսացիան եւ այսպէս կոչւած «յայտնութիւն»-ն անկասկած ծայրայեղ աջ հայեացքներով աչքի ընկնող «Այլընտրանք Գերմանիայ համար» կուսակցութիւնն է, որն իր հակամիգրացիոն, պոպուլիստական հայեացքների շնորհիւ կարողացել է իր շուրջ համախմբել գործող իշխանութիւնների միգրացիոն քաղաքականութիւնից դժգոհ ընտրազանգւածին:

Բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, որ նրանց կը վստահի ընտրողների 10.5-11%-ը, իսկ սա նշանակում է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը կը դառնայ Բունդեսթագի երրորդ կուսակցութիւնը:

Նման արդիւնքները միանշանակ բացառում են այսպէս կոչւած «Փոքրամասնութեան կառավարութեան» ձեւաւորման հնարաւորութիւնը: Քրիստոնեայ-դեմոկրատների, ձախերի եւ կանաչների ձայների ընդհանուր հանրագումարը չի բաւարարում նման տարբերակի կեանքի կոչման համար:

Առ այդ, կառավարութեան ձեւաւորման համար տարբերակները մնում են երկուսը՝ «Մեծ կուալիցիա» կամ «Ճամայկական կուալիցիա»:

«Մեծ կուալիցիա»-ն, որն ի դէպ համարւում է ամենահնարաւոր տարբերակը ձեւաւորւելու է Գերմանիայի առաջատար երկու ուժերի՝ ՔԴՄ/ՔՍՄ-ի եւ ՍԴԿ-ի միաւորման արդիւնքում: Այդ տարբերակը գործում է նաեւ հիմա: Գերմանիայի գործող կառավարութիւնը նման կուալիցիայի ծննունդն է:

Երկրորդ՝ նւազ հաւանական տարբերակը, ՔԴՄ/ՔՍՄ-ի, ազատ դեմոկրատների եւ կանաչների մասնակցութեամբ այսպէս կոչւած «Ճամայկական կուալիցիա» (անունը վերցւած է Ճամայկայի պետական դրօշի գոյներից եւ ակնարկում է վերը նշւած գերմանական երեք քաղաքական ուժերի գոյներին) ձեւաւորումն է:

Հաշւի առնելով ազատ դեմոկրատների եւ կանչների ծրագրային ու գաղափարական լուրջ տարաձայնութիւնները, որը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել կառավարութեան աշխատանքների սահուն ընթացքի համար, նման կոալիցիայի ձեւաւորումն այնքան էլ չի ոգեւորում առաջատար ուժին՝ ՔԴՄ/ՔՍՄ-ին:

Իհարկէ տեսական այս տարբերակաները կը գործեն եթէ, իհարկէ, ընտրութիւնների անակնկալը սահմանափակւի միայն «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցութեան 10.5-11%-անոց քւէներով:

Գերմանիայում, աւանդաբար, ոչ ոք չի կասկածում անցկացւած սոցհարցումների արդիւնքների ճշգրտութեանը: Դրանց շեղումը երբեւէ չի անցել 1%-ի սահմանը: Այդուհանդերձ վերջին 1-1.5 տարիների ընթացքում ԵՄ-ի անդամ երկրների տարածքում անցկացւած ընտրութիւնների փորձը վկայում է այն մասին, որ ամենաանհաւանական անակնկալներն անգամ բացառւած չեն: Մանաւանդ, երբ հաշւի ենք առնում միգրացիոն հոսքերի պատճառով եւրոպական հասարակութիւնների մօտ առկայ մտահոգութիւններն ու տարաձայնութիւնները, որոնք եւրոպական քաղաքական արենայում վերածւել են ծայրայեղ աջերի եւ պոպուլիստական ուժերի շարժիչ ուժին ու յաջողութեան գրաւականին:

Իսկ փաստ է, որ Գերմանիայի այսօրւայ հասարակութիւնը երկփեղկւած է առաջինը հէնց միգրացիոն հոսքերի եւ միգրանտների պատճառով, որն էլ լաւագոյնս օգտագործում են պոպուլիստ-ծայրայեղականները: Բաւական է նշենք, որ Մերկէլի եւ նրա հիմնական ախոյեանի՝ Շուլցի միջեւ կայացած վերջին հեռուստաբանավէճի հիմնական ու առանցքային թեման, դա հէնց միգրացիոն քաղաքականութիւնն ու այսպէս կոչւած միգրացիոն ճգնաժամն էր, ինչն էլ յարուցեց բազմաթիւ փորձագէտների եւ լրագրողների մտահոգութիւնն ու դժգոհանքը. «Միթէ՞ այս ընտրութիւններում չկայ ուշադրութեանն արժանի ուրիշ որեւէ այլ խնդիր, միգրացիայից եւ միգրանտներից բացի»,- հռետորական հարց էին բարձրացնում նրանք:

Ինչեւէ, ինչպէս էլ, որ լինեն ընտրութիւնների արդիւնքները, Բունդեսթագի այս ընտրութիւնները վկայում են Գերմանիայի քաղաքական դաշտում տեղի ունեցող լրջագոյն փոփոխութիւնների եւ ուժերի վերադասաւորման մասին, ինչն էլ անկասկած չի կարող չմտահոգել ԵՄ-ի առաջատար երկրի քաղաքական դաշտին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, արել է ամէն ինչ, որպէսզի Գերմանիայում բացառի ծայրայեղական-ֆաշիստական գաղափարների վերաարտադրումը: Իսկ սա ոչ այլ ինչ է, քան միանշանակ ձախողում ոչ միայն Գերմանիայի, այլ, նաեւ, ողջ եւրոպական ընտանիքի եւ եւրոպական ժողովրդավարութեան համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։