Print this page
13/08/2018 - 14:30

Կասպեան կոնւենցիա. հնարաւոր կորուստների մասին մտորելու պահը

Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան արդէն միս ու արիւն ստացած իրաւական փաստաթուղթ է, որի աշխարհաքաղաքական նշանակութիւնն ու հետեւանքներն անշուշտ ի յայտ կը գան տեսանելի ապագայում:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան արդէն միս ու արիւն ստացած իրաւական փաստաթուղթ է, որի աշխարհաքաղաքական նշանակութիւնն ու հետեւանքներն անշուշտ ի յայտ կը գան տեսանելի ապագայում:

Կոնւենցիայի ընդունումից յետոյ, Իրանը, յանձինս նախագահ Ռոհանիի եւ արտաքին քաղաքական գերատեսչութեան համակարգի շեշտադրւած կարեւորեց փաստաթղթի յատկապէս այն դրոյթները որոնցից մէկը բացառում է արտատարածաշրջանային ուժերի ռազմական ներկայութիւնը Կասպից ծովում, իսկ միւսը սահմանում է, որ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ յատակը եւ ընդերքը բաժանւում են հարեւան պետութիւնների միջեւ միջազգային իրաւունքի հիման վրայ նրանց միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների համաձայն:

Առաջին կէտն ինչ խօսք, աշխարհաքաղաքական առումով կարեւոր ձեռքբերում է Իրանի համար, որը գոյացել է Կասպեան տարածաշրջանում, անվտանգութեան հարցերով Թեհրանի եւ Մոսկւայի շահերի համընկման արդիւնքում:

Իսկ ինչ վերաբերում է երկրորդ կէտին, ապա ակնյայտ է, որ այն կոչւած է ինչ-որ կերպ քողարկելու Կասպից ծովի հարաւային ափի երեք երկրների միջեւ գոյութիւն ունեցող լուրջ տարաձայնութիւնները:

Խնդիրը գոյանում է նրանում, որ Կասպիցի հիւսիսային հատւածի սահմանազատումն իրականացւել է ՌԴ-ի եւ Ղազախստանի երկկողմ համաձայնութեան հիման վրայ: Այս թեմայով վէճերը վերաբերում են ծովի հարաւային հատւածի սահմանազատմանը:

Կասպիցի այս հատւածի պաշարներով հարուստ յատակին եւ ընդերքին յաւակնում են Իրանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը:

Եթէ անվտանգութեան հարցերի հետ կապւած Իրանի եւ Ռուսաստանի շահերի համընկնումը նժարի ծանրութիւնը թեքում է դէպի Իրանի կողմը, ապա նոյնը չի կարելի ասել ծովի յատակի եւ ընդերքի սահմանազատման՝ ոչ պակաս ռազմավարական նշանակութեան հարցում, ուր Իրանը յայտնւել է բացարձակ մեկուսացած կարգավիճակում:

Հարցը կայանում է նրանում, որ Մերձկասպեան տարածաշրջանի միւս չորս պետութիւնները կողմ են սահմանազատմանը՝ ուղիղ ելքայի գծերի միջոցով, ինչն էլ ծովի յատակից եւ ընդերքից Իրանի բաժինն իջեցնում է ընդամենը 11.3%-ի, որը բացարձակապէս անընդունելի է Թեհրանի համար:

Եւ իզուր չէր, որ Ակտաուի գագաթաժողովում նախագահ Ռոհանիի ելոյթի կարեւորագոյն առանցքը հէնց այս՝ սահմանազատման խնդիրն էր կազմում:

Իր ելոյթում նախագահը յատուկ ընդգծեց, որ Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան չի սահմանում ծովում վերջնական սահմանազատման գծերը՝ կարեւորելով այդ հարցով բանակցութիւնների անհրաժեշտութիւնը:

«Պայմանաւորւածութիւնների առումով բանակցութիւնները, մասնաւորապէս՝ Կասպից ծովի սահմանազատման եւ ուղիղ ելքային գծերի որոշման ոլորտներում պէտք է շարունակւեն, որպէսզի փոխըմբռնման եւ կառուցողական փոխգործակցութեան միջոցով ապագայում համապատասխան ոլորտներում համաձայնութիւնների հասնենք»,- յայտարարեց նա:

Իրաւական ոչ մասնագիտական հայեացքով անգամ կարելի է հասկանալ, որ Կոնւենցիայի՝ սահմանազտման մասին կէտն իր մէջ պարունակում է անորոշութեան հսկայական պաշար, ինչն էլ ենթադրում է երկարատեւ եւ մաշողական բնոյթի բանակցութիւններ ծովի հարաւային ափի երկրների միջեւ, որոնք առաջին իսկ հայեացքից այնքան էլ հեռանկարային եւ վստահութիւն նրշնչող չեն կարող լինել Իրանի ռազմավարական շահերի ապահովման առումով, մանաւանդ, եթէ, հաշւի առնենք կարեւոր այն հանգամանքը, որ այս հարցում Թեհրանի եւ Մոսկւայի շահերը յստակօրէն հակասում են միմեանց:

Հէնց սա էլ պէտք է համարել Կասպից ծովի իրաւական կարգավիճակի հետ կապւած Իրանի այսպէս կոչւած «աքիլեսեան գարշապարը», որն էլ Մերձկասպեան տարածաշրջանում Իրանի ռազմավարական շահերի երաշխաւորման առումով մտահոգութեան լուրջ տեղիք է տալիս:

Թէեւ համաձայնութեան չգոյանալու դէպքում կայ հարցը միջազգային արբիտրաժներ տեղափոխելու տեսական հնարաւորութիւն, սակայն, այն, նոյնպէս այնքան էլ յուսադրող չէ, մանաւանդ, երբ հաշւի ենք առնում՝ ա. Մերձկասպեան տարածաշրջանի միւս չորս պետութիւնների համաձայնութիւնը՝ սահմանազատումը ուղիղ ելքային գծերով որոշելու սկզբունքի շուրջ, բ. Այս հարցի հետ կապւած, Ռուսաստանի շահերի հակասումն Իրանի հետ, գ. Իրանի դիրքորոշման հետ կապւած արտատարածաշրջանային ազդեցիկ ուժերի աջակցութեան բացակայութիւնը:

Թէեւ նման բարդ իրավիճակներում կոնսենսուսի գոյացումը որոշակի ձեռքբերումների դիմաց նաեւ անխուսափելի զիջումներ ու կորուստներ է ենթադրում, սակայն, կոնկրետ այս պարագայում ստիպւած ենք չափազանց զգօն մօտենալ թէ՛ ձեռքբերումներին, թէ՛ հնարաւոր զիջումներին ու կորուստներին:

Խնդիրը վերաբերում է Կասպից ծովում Իրանի պատմական՝ հազարամեակների վաղեմիութիւն ունեցող իրաւունքներին, որոնք կարող են յոդս ցնդել գրչի մէկ հարւածով եւ անվերադարձ:

Չմոռանանք, որ Կոնւենցիաները յաւիտենական չեն, դրանցում ամրագրւած կէտերը՝ առաւել եւս:

Կասպից ծովում արտատարածաշրջանային ուժերի ռազմական ներկայութիւնը բացառող կէտը, որը ներկայ դրութեամբ համարւում է Իրանի յաղթաթուղթը, մի գեղեցիկ օր կարող է առոչինչ դառնալ, եթէ, իհարկէ, տարածաշրջանում խախտւի ուժերի յարաբերակցութիւնն ի վնաս Ռուսաստանի եւ Իրանի, կամ էլ Կրեմլը վերանայի Մերձկասպեան տարածաշրջանի հետ կապւած իր ռազմավարական մօտեցումներն ու առաջնահերթութիւնները:

Տխուր է բայց փաստ, որ այդ դէպքում, յանուն անվտանգութեան երաշխիքների էներգակիր ռեսուրսներ զիջելու արդիւնքում տարածաշրջանի ամենահնաբնակը՝ Իրանը կարող է յայտնւել ոչ աւել, ոչ պակաս հինգերորդ կարգի խաղացողի կարգավիճակում, եթէ, իհարկէ, ուժերի յարաբերակցութեան մնացեալ բաղադրիչները նոյնպէս չփոխւեն ի շահ Իրանի:

Այնպէս որ… մտորել է պէտք:

Յարակից լուրեր