Print this page
06/09/2018 - 13:10

Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են

Վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանը սիրիական ճգնաժամի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գագաթաժողովի հիւրընկալն է լինելու:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանը սիրիական ճգնաժամի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գագաթաժողովի հիւրընկալն է լինելու:

Թեհրանի գագաթաժողովը հետեւելու է նոյն ձեւաչափով, Սոչիում եւ Անկարայում կայացած գագաթաժողովներին, որոնց արդիւնքում թէեւ լուրջ յաջողութիւններ արձանագրւեցին ահաբեկչութեան դէմ պայքարի գործում, այդուհանդերձ, դրանք չկարողացան հասնել Սիրիայում համապարփակ խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը, որը հիմնականում պայմանաւորւած էր ռազմաքաղաքական բաւարար տւեալների բացակայութեամբ:

Թեհրանի գագաթաժողովի նախօրէին այդ նախադրեալների աճի կտրւածքով չկայ որեւէ լուրջ առաջընթաց: Դեռ աւելին՝ իրավիճակն առաւել է բարդացել Իդլիբի ազատագրմանն ուղղւած ռազմական գործողութիւնների ֆոնին:

Մի կողմից, ՌԴ-ն, Իրանն ու Սիրիան համատեղ ջանքերով նպատակադրւած են ազատագրելու ահաբեկչական խմբաւորումների վերջին խոշոր յենակէտը՝ Իդլիբը, իսկ միւս կողմից պաշտօնական Անկարային ակնյայտօրէն մտահոգում է այդ փաստը:

Ուշադրութիւն դարձրէք Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի՝ Իդլիբի հետ կապւած, Իրանի եւ Ռուսաստանի նպատակաների մասին յայտարարութեանը:

«Մենք անմիջական կապի մէջ ենք բանակցային գործընթացում Ասադի ռեժիմի երաշխաւորը հանդիսացող Ռուսաստանի ու Իրանի հետ։ Ոչ ոք դիմացինին թող չխաբի, սրանց նպատակն Իդլիբը գրաւելն է։ Այս ամէնը լուրջ ռիսկեր է պարունակում։ Ամէն կողմից սա ողբերգութիւն է դառնալու։ Յարձակումից յետոյ մենք կապի ենք դուրս եկել Ռուսաստանի հետ, ասել ենք, որ այդ ամէնը սխալ է։ Թեհրանում գագաթնաժողովին ընդառաջ նման բան անելը ճիշտ չէ»,- ասել է Չաւուշօղլուն։

Զուգահեռաբար տեսանելի են դառնում սիրիական ռազմաքաղաքական գործընթացներում Վաշինգտոնի ներգրաււածութեան ակտիւացման փորձերը: Իդլիբի ռմբակոծութիւններից ժամեր առաջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին եւ Իրանին յորդորել էր զերծ մնալ ընդդիմադիրների վերահսկողութեան տակ գտնւող Իդլիբ նահանգի դէմ «անխոհեմ» յարձակում գործելուց:

Այս չորս խաղացողներին պէտք է աւելացնել նաեւ հինգերորդ, ոչ պակաս կարեւոր խաղացողին՝ Իսրայէլին, որին լրջօրէն մտահոգում է Սիրիայի տարածքում, իր սահմաններից ընդամենը 80 կմ. հեռաւորութեան վրայ, Իրանի ռազմական ներկայութեան ամրապնդումը:

Նեթանիահուն առիթը բաց չի թողնում յայտարարելու, որ Իսրայէլը կանի ամէն ինչ, որպէսզի թոյլ չտայ Իրանին եւ նրա հետ կապւած աշխարհազօրայիններին ամրապնդւելու Սիրիայի տարածքում: Եւ հէնց այդ հանգամանքով է պայմանաւորւած Իսրայէլի կողմից սիրիական ռազմական գործողութիւններին ուղղակի միջամտութեան յաճախակիացման միտումը։

Կասկածից վեր է, որ Թեհրանի գագաթաժողովի նախօրէին յանձինս Սիրիայի, Մերձաւոր Արեւելքը թեւակոխում է միջազգային եւ տարածաշրջանային հիմնական դերակատարների շահերի յարաբերակցութեան նոր՝ խորքային վերադասաւորման երեւի թէ վերջնական փուլ:

Հէնց այս հանգամանք էլ ստիպում է լուրջ վերապահումներով մօտենալ Թեհրանի գագաթաժողովի հնարաւոր արդիւնքներին: Դեռ աւելին, Իդլիբի հետ կապւած իրավիճակի կտրուկ սրացումը ենթադրում է յաւելեալ լարւածութիւն՝ վերջնական խաղաղութեան հեռանկարները դարձնելով չափազան մշուշոտ:

Յարակից լուրեր