Հա
17/09/2018 - 15:00

Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը

Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը:

Տարածաշրջանում Իրանի ազդեցութեան զսպման, Իրանին մեկուսացնելու նպատակով Իսրայէլը քաղաքական լուրջ ակտիւութիւն է դրսեւորում՝ փորձելով մեծացնել ամերիկա-իսրայէլական հակաիրանական ալեանսի դաշնակիցների աշխարհագրութիւնը:

Ռազմաքաղաքական այս հակամարտութեան ֆոնին, Կովկասի կտրւածքով, կրկին անգամ կտրուկ աճել է ադրբեջնական գործօնի կարեւորութիւնն ու նշանակութիւնը:

Ակնյայտ է, որ ամերիկա-իսրայէլական ալեանսն Իրանի դէմ գործադրւող ճնշումների նոր փուլում միանշանակօրէն կարիք ունի, որ Ադրբեջանը միանայ հակաիրանական ճամբարին որպէս դաշնակից, որի տարածքն Իրանի դէմ հաւանական պատերազմի դէպքում կարող է վերածւել ռազմական յենակէտի:

Իրադարձութիւնների այս համատեքստում, թերեւս հէնց հիւսիսային հարեւանի կողմից եկող հնարաւոր սպառնալիքների եւ մարտահրաւէրների գիտակցումն է ստիպել Իրանին վերջին 1-1.5 տարւայ ընթացքում կտրուկ թափ հաղորդել իր տարածաշրջանային դիւանագիտութեան ադրբեջանական ուղղւածութեանը:

Ըստ էութեան Իրանում իշխանութեան տապալմանն ուղղւած ամերիկա-իսրայէլական հեռահար ծրագրի մէջ Ադրբեջանի հաւանական ներգրաւումն Իրանի կողմից դիտարկւում է որպէս կարեւորագոյն մարտահրաւէր, ինչն էլ պաշտօնական Թեհրանին ստիպում է իր տարածաշրջանային դիւանագիտութեան շրջանակում առաջին պլան մղել Բաքւի հետ յարաբերութիւնները՝ փորձելով դրան տալ թէ՛ ռազմավարական, թէ՛ մարտավարական որոշակի նշանակութիւն եւ տրամաբանութիւն:

Այս համատեքստում արժէ, սակայն, յիշատակել մի քանի կարեւոր փաստեր, որոնք, այնուամենայնիւ, Թեհրանին պէտք է, որ յուշեն իր տարածաշրջանային քաղաքականութիւնում յօգուտ Ադրբեջանի՝ հաւասարակշռութեան խախտման վտանգներն ու ինչ-որ տեղ անյուսալի հեռանկարները:

Առաջին. Ադրբեջանի ազգային անվտանգութեան սպառնալիքների առաջնահերթութիւնների ցուցակում Իրանը շարունակում է իր ուրոյն տեղն զբաղեցնել՝ գերազանցելով անգամ Բաքւի տարածաշրջանային անմիջական ախոյեանին՝ Հայաստանին:

Երկրորդ. Ադրբեջան-Իսրայէլ պաշտօնական օրակարգում մշտապէս առանցքային տեղ ունեն ռազմատեխնիկական համագործակցութեան հարցերը։

Բաքւում հիմնաւոր յոյսեր ունեն կտրուկ աւելացնելու Իսրայէլից մատակարարւող սպառազինութիւնների ցանկն ու ծաւալները: Մասնաւորապէս՝ պարբերաբար շրջանառւում են խօսակցութիւններ՝ հակահրթիռային «Երկաթէ գմբեթ» համակարգի մասին։

Չմոռանանք, որ ռազմական փորձագէտների կարծիքով՝ իսրայէլական հակահրթիռային համակարգը, ունակ չէ չէզոքացնել Հայաստանի «Իսկանդերներ»-ին, այդուհանդերձ, միանգամայն ի վիճակի է պաշտպանել Ադրբեջանն իրանական հրթիռների հաւանական հարւածից։

Երրորդ. Ըստ որոշ տւեալների՝ ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնւում են մի քանի իսրայէլական գաղտնալսող կայաններ, որոնք գործածւում են Իրանի դէմ:

Չորրորդ. Արդէն բոլորը գիտեն, որ Իրանի հետ Միջուկային գործարքից դուրս գալու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համար հիմք են ծառայել Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի ներկայացրած տեղեկութիւններն Իրանի միջուկային ծրագրի մասին (Դրանց յաւաստիութեան մասին քննարկումները դուրս են այս յօդւածի տրամաբանութեան շրջանակից):

Այս կապակցութեամբ ուշագրաւ էր յատկապէս լրատւութիւնն այն մասին, որ իսրայէլական կողմին յաջողւել է տեղեկատւութիւնն Իրանից դուրս բերել Ադրբեջանի տարածքով:

Չմոռանանք, որ սա բնաւ էլ առաջին դէպքը չէ, երբ Իսրայէլի յատուկ ծառայութիւններն Ադրբեջանի տարածքն օգտագործում են Իրանի դէմ գործողութիւնների համար: Դեռեւս 2014 թւականին Իսլ. յեղափոխութեան պահակազօրը յայտնել էր Նաթանզի միջուկային կենտրոնի տարածքում հետախուզական թռիչք իրականացնող իսրայէլական ԱԹՍ-ի խոցման մասին, որը մեծ հաւանականութեամբ Իրանի օդային տարածք էր ներթափանցել Նախիջեւանի շրջանից:

Այս համատեքստում առանցքային նշանակութիւն ունէր յատկապէս 2016 թւականին Իսրայէլի վարչապետի այցը Բաքու, որն Իսրայէլի յատուկ ծառայութիւնների ղեկավարը որակեց որպէս «ռազմավարական նշանակութեան այց», որի ընթացքում կողմերը պայմանաւորւեցին համագործակցել անվտանգութեան ոլորտում, ինչն էլ տրամաբանօրէն ենթադրում էր երկու երկրների յատուկ ծառայութիւնների համագործակցութիւնը:

Այցից ընդամէնը մէկ տարի անց, Իրանում տեղի ունեցան 2017 թւականի դեկտեմբերի-2018 թւականի յունւարի զանգւածային անկարգութիւնները, որոնք ըստ որոշ փորձագէտների՝ անմիջականօրէն ուղղորդւում էին Ադրբեջանի տարածքում տեղակայւած Մուսադի մասնագէտների կողմից:

Ադրբեջանա-իսրայէլական համագործակցութեան մէջ առկայ սպառնալիքների գիտակցումը, պէտք է, որ առաւել քան երբեւէ, պաշտօնական Թեհրանին շահագրգռի Բաքւի հետ յարաբերութիւնների զարգացմանը զուգահեռ, բոլոր բնագաւառներում ընդլայնի նաեւ Հայաստանի հատ ռազմավարական նշանակութեան յարաբերութիւնները, առաջին հերթին՝ հէնց որպէս բնական հակակշիռ ադրբեջանա-իսրայէլական դաշինքի:

Մինչդեռ այսօր հակառակի ականատեսն ենք, ինչն անկասկած երկարատեւ հեռանկարների կտրւածքով չի կարող բխել Իրանի ազգային անվտանգութեան անմիջական շահերից:

Անտարակոյս, Թեհրանի եւ Բաքւի մերձեցումն արտացոլում է տարածաշրջանի քաղաքական իրողութիւնները` Իրանի շրջափակումը, ԱՄՆ-ի մերժողական կեցւածքը, մօտակայ հեռանկարում սաստկացող ճնշումները, ինչու չէ, նաեւ, իրանական ուղղւածութեամբ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնում նկատւող որոշակի անորոշութիւնն ու պասիւութիւնը: 

Այդուհանդերձ, չպէտք է մոռանալ աշխարհաքաղաքական աներկբայ այն իրողութեան մասին, որ ադրբեջանա-իսրայէլական յարաբերութիւններն անմիջականօրէն փոխկապակցւած են հայ-իրանական յարաբերութիւնների հետ:

Իսրայէլի տարածաշրջանային ակտիւութեանը հակակշռելու, պատասխան սցենարի մշակման համար Թեհրանը Երեւանի անմիջական աջակցութեան եւ դաշնակցութեան կարիքն ունի:

Իսրայէլի հետ յարաբերութիւնները Բաքւի արտաքին քաղաքականութեան ռազմավարութեան կարեւորագոյն բաղկացուցիչն են: Տեսանելի ապագայում դրանք զարգանալու են անշեղօրէն: Մինչդեռ, ինչպէս կանխատեսում են փորձագէտները, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնները մերձակայ հեռանկարում զարգանալու են պարբերական սառեցումների եւ ջերմացումների կաղապարում, ինչն էլ հիմնականում պայմանաւորւած է լինելու Իրանի եւ ամերիկա-իսրայէլական ալեանսի յարաբերութիւններում նկատւող սրացման մակարդակով եւ դրանից բխող զարգացումներով:

Հէնց վերը նշւած հանգամանքն էլ պէտք է, որ Իրանին յուշի կովկասեան իր երկու հարեւանների հետ յարաբերութիւններում հաւասարակշռութեան վերականգնման անհրաժեշտութեան մասին: Այլապէս դրանից միանշանակօրէն կարող է տուժել հայ-իրանական ռազմավարական գործընկերութիւնը, ինչն էլ իր հերթին կարող է անդառնալի հետեւանքներ ունենայ Իրանի համար՝ կովկասեան ճակատում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։