Հա

Օրակարգ

15/04/2012

Ապրիլի 14-ին Արցախում ոգեկոչւեց ԼՂՀ-ի առաջին գումարման Գերագոյն խորհրդի ուղիղ 20 տարի առաջ կեանքից հեռացած նախագահ Արթուր Մկրտչեանի յիշատակը:
Առաւօտեան Ստեփանակերտի յուշահամալիր էին այցելել ԼՂՀ-ի Ազգային ժողովի պատգամաւորներ՝ ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլեանի գլխաւորութեամբ, Արթուր Մկրտչեանի ընտանիքի անդամներն ու բարեկամները, կուսակցական ընկերներ եւ լրագրողներ: Արթուր Մկրտչեանի յիշատակը յարգելու էին եկել նաեւ՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Լեւոն Մկրտչեանն ու ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

Արդէն մի քանի տարի է՝ բոլորի հետ յուշահամալիր է այցելում նաեւ փոքրիկ Արթուրը՝ Արթուր Մկրտչեանի թոռը, որը մեծերի հետ ծաղիկներ է դնում պապիկի յիշատակին կառուցւած յուշակոթողին:
Խօսելով Արթուր Մկրտչեանի մասին՝ Կիրօ Մանոյեանը շեշտել է նրա քաջ, գիտակ եւ հայրենասէր լինելը, սակայն, դժբախտաբար, նա չտեսաւ իր բոլոր երազանքների իրականացումը: «Արթուրի մահւան ժամանակ ներքաղաքական վիճակը, կասէի, ոչ ցանկալի էր: Յուսով ենք, որ նման ներքաղաքական վիճակ այլեւս չկրկնւի»,- նշել է նա:
ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանի ասութեամբ՝ բնականաբար, բոլորի մօտ ափսոսանքի եւ տխրութեան տրամադրութիւն կայ: «Բայց, նաեւ հպարտութեան զգացումով ենք այցելում, որովհետեւ մեր պետականութեան հիմքերի եւ դրա վրայ շէնքի ճիշտ կառուցման համար կարեւոր է, թէ ինչպէս ենք յարգում մեր պետականութեան կարեւոր բազայի ձեւաւորումը: Իսկապէս պետականութեան ինստիտուտների ձեւաւորման գործում 1991-92 թթ. տրւել է ճիշտ արժեհամակարգ, եւ դրանում Արթուր Մկրտչեանն ունի իր առանձնայատուկ տեղը, որովհետեւ նրա կերպարի հետ ենք նաեւ կապում արժեհամակարգի ձեւաւորումը, նաեւ, ինչը պակաս կարեւոր չէ, բարոյականութեան մուտքը քաղաքականութիւն»,- շեշտել է ԼՂՀ ԱԺ-ի նախագահը՝ յաւելելով, որ հնարաւորութիւն ունեն կատարելու Արթուր Մկրտչեանի թողած պատգամները:

«yerkir.am»

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։