Հա

Օրակարգ

14/04/2012

Մի անգամ լրագրողի խնդրանքով կարծիք յայտնելով տնտեսական աճի տեմպերի վերաբերեալ ներկայ կառավարութեան յաղթական զեկոյցի մասին՝ ես նշեցի, որ մենք, կարծես, միաժամանակ երկու Հայաստանում ենք ապրում: Մէկը ցուցադրում են հեռուստացոյցով, եւ մենք այդ վիրտուալ Հայաստանում տեսնում ենք ղեկավարների պայծառ դէմքեր, նրանց աշխոյժ, կուշտ շքախումբը եւ ահեղ թիկնապահներին, լսում ենք աճի վիճակագրութեան եւ աշխատանքային յաղթանակների մասին, ինչ-որ անյայտ տեխնոպարկերի, արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, տեղեկատւական տեխնոլոգիաների յեղափոխական թռիչքների մասին, աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման մասին, տեսնում ենք երջանկութեան արցունքներ՝ քաղաքացիների դէմքերին, որոնք հիացմունքով դիտում ու լսում են այս ամէնը:

Երկրորդ՝ իրական Հայաստանն ապրում է բոլորովին այլ կերպ՝ կքած գների աճի տակ, ճնշւած փողոցների աղտից ու աղբից, աղքատութիւնից, համընդհանուր անբարեկրթութիւնից ու անգրագիտութիւնից, գողութիւնից ու անօրինականութիւնից, յուսահատութիւնից ու արտագաղթից:
Այդպէս էլ կապրէինք այդ տարբեր երկրներում՝ կառավարութիւնը, օլիգարխները, առաջնորդները եւ կոալիցիոն կուսակցութիւնների կերակրատաշտակից օգտւողներն իրենց վիրտուալ, հեռուստատեսային Հայաստանում, մենք՝ իրական, եթէ չլինէին ընտրութիւնները: Հաւանօրէն, երկու Հայաստանների գաղափարն այնքան է դուր եկել իշխանութիւններին, որ նրանք որոշել են իրենց վիրտուալ Հայաստանին յաւելակցել այն, ինչ մինչ այդ բացակայում էր՝ բնակչութիւն: Այսպէս՝ ի յայտ եկան ընտրացուցակները, որոնք հարիւրհազարաւոր անուններով գերազանցում են իրականութիւնը: Այսպէս՝ վարկանիշ չունեցող երկրի իշխանութիւնները ունեցան սեփական ընտրազանգւած՝ գոյութիւն չունեցող քաղաքացիներ՝ տասնեակներով գրանցւած գոյութիւն չունեցող հասցէների իւրաքանչիւր քառակուսի մետրում:
Եւ եթէ խոր մտածենք՝ իրական նախընտրական պայքարն ընթանում է հէնց այդ երկու Հայաստանների միջեւ. այն Հայաստանի, որն իրականում կայ, ու որտեղ ապրում ենք մենք, եւ այն Հայաստանի, որը իշխանութիւնների երեւակայութեան արդիւնքն է, եւ որին մեզ առաջարկում են հաւատալ, որ փոխւի: Իսկ մենք չենք ցանկանում փոխել այն, ինչին հնարաւոր չէ հաւատալ, մենք չենք ցանկանում հաւատալ իշխանական քաղտեխնոլոգների կողմից յօրինւած կեղծ երկրին, ընդհակառակը՝ մենք ցանկանում ենք դէն նետել այդ կեղծը՝ մեր իրական Հայաստանից, եւ միայն այդ ժամանակ այն կը դառնայ այնպիսին, ինչպիսին երազում ենք ունենալ:

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։