Հա

Օրակարգ

12/04/2012 - 04:30

Հայաստանի համար կենսական կարեւորութիւն ունի, որ Իրանում տիրի կայուն իրավիճակ: Հակամարտութիւնը խստագոյնս կազդի Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական իրավիճակի վրայ: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը՝ «Gazeta.ru»-ի հետ հարցազրոյցում՝ անդրադառնալով Իրանի խնդրի սրման դէպքում՝ Հարաւային Կովկասում զարգացումներին եւ Հայասատնի ազգային շահերի պաշտպանութեան միջոցների վերանայմանը:
«Իհարկէ, մենք շատ ուշադիր հետեւում ենք իրավիճակին եւ հաշւի ենք առնում այս վտանգները: Եթէ որեւիցէ ռազմական լուծման փորձ լինի այս խնդրի շուրջ, դա կը լինի ամենաանցանկալի իրավիճակը՝ մեզ համար: Մեր յարաբերութիւններն աշխարհի հետ կառուցւում են Իրանի եւ Վրաստանի միջոցով, քանի որ Թուրքիան շարունակում է շրջափակման մէջ պահել Հայաստանը, իսկ Ադրբեջանի հետ մենք որեւէ տնտեսական կապեր չունենք»,- նշել է Տ. Սարգսեանը:

Այն հարցին՝ արդեօք փոխւե՞լ են Իրանից Հայաստան եկող նաւթամուղի եւ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագծի հեռանկարները՝ Իրանի իրավիճակի վատթարացման արդիւնքում, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Այս երկու նախագծերն առաջ են գնում: Մենք Իրանի հետ ստորագրել ենք փոխըմբռնման յուշագիր: Իրանական կողմը պարտաւորւել է մասնաճիւղ ստեղծել իր տարածքում: Շինարարական աշխատանքների գրեթէ սկզբից մենք բանակցութիւններ ենք տանում ներդրողների հետ:
Այս կերպ առաջընթացի մէջ է նաեւ նաւթատարի նախագիծը: Այսօր մենք Իրանի հետ նաեւ իրականացնում ենք բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծ, որը թոյլ կը տայ բարձրացնել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտածման ծաւալը, ինչպէս նաեւ իրականացնում ենք երկու երկրների սահմանին էլեկտրակայանի կառուցման նախագիծ: Մեր բոլոր նախագծերը գտնւում են իրականացման փուլում»:
Բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքների մեկնարկը կը տրւի այս տարի, նաւթատարի հետ կապւած՝ այս տարի աւարտին կը հասցւեն տեխնիկական բնութագրիչները. յոյս ունենք համաձայնութիւն կնքել նաեւ երկաթգծի ներդրողների հետ:

«Արմէնպրես»

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։