Հա

Օրակարգ

10/04/2012

«Tert.am» - Ապրիլի 8-ին պաշտօնապէս սկսւեց ՀՀ ԱԺ-ի ընտրութիւնների նախընտրական քարոզարշաւը: Յատկանշական է, որ կուսակցութիւնների հիմնական մասը Ս. Յարութեան տօնը դարձրել են հեռուստաեթերային քարոզարշաւով ցուցադրւող հոլովակների հիմնական առանցքը:
«Ազա՛տ ընտրէք, արժանապատի՛ւ ընտրէք, ասէք՝ ո՛չ մուրաբային, թունաքիմիկատին, փողին, իշխող կուսակցութիւններին: Ասէք՝ այո՝ հայ մարդուն, հայ քաղաքացուն, հայոց պետութեանը, Եռագոյնին, ընկած տղաներին»,- «Ժառանգութիւն» կուսակցութեան քարոզչական տեսահոլովակից կոչ է անում կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը, որը կանգնած է Չարենցի կամարի տակ՝ Արարատ լեռան ֆոնին:

Ըստ Րաֆֆի Յովհաննիսեանի՝ այսօր հանրապետութեան երեք նախագահներին շնորհակալութիւն ասելու ու առաջ նայելու ժամանակն է:
Տեսահոլովակն աւարտւում է հետեւեալ խօսքով. «Գալիս ենք, դուք գալի՞ս էք: Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
altՀայ Յեղափոխական Դաշնակցութեան տեսահոլովակում կուսակցութեան Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը, շնորհաւորելով ընտրողների ընտանիքներին՝ Ս. Զատկի տօնի կապակցութեամբ, ասում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, միգուցէ պատահական չէ, որ այս տարի այս գեղեցիկ, լուսաւոր՝ վերակենդանացման տօնը համընկել է քարոզչական արշաւի սկզբի հետ, որովհետեւ մենք մօտենում ենք այնպիսի ընտրութիւնների, որոնք կարող են շրջադարձ անել»:
Վահան Յովհաննիսեանը, նշելով, որ այս ընտրութիւնները կարող են վերադարձնել մարդկանց արժանապատւութիւնը, յոյս է յայտնում, որ մէկ ամիս յետոյ՝ մայիսի 7-ին, ժողովրդին շնորհաւորի մեր ժողովրդի տարած մի այլ յաղթանակի՝ ժողովրդի եւ Դաշնակցութեան տարած յաղթանակի կապակցութեամբ:
«Ազատութիւն, արդարութիւն, դաշնակցութիւն»՝ ՀՅԴ-ի կարգախօսի այս երեք բառերից իւրաքանչիւրը, ըստ Վահան Յովհաննիսեանի, այն է, ինչ պէտք է մեր ժողովրդին:
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) տեսահոլովակը եւս սկսւում է Ս. Յարութեան տօնի կապակցութեամբ շնորհաւորանքով եւ զուգահեռով. «Այսքան պայծառ ու լուսաւոր լինում է, թերեւս, յաղթանակի ցնծութիւնը»:
«Քրիստոսը յաղթում է վհատութեանը, հաւատը յաղթում է անհաւատութեանը, ճշմարտութիւնը յաղթում է կեղծիքին ու ստին, իսկ խօսքը՝ բիրտ ուժին»,- ասւում է ՀԱԿ-ի տեսահոլովակում:
«Բարգաւաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցութեան քարոզչական տեսանիւթը հիմնականում կառուցւած է ԲՀԿ-ի նախընտրական ծրագրային հիմնադրոյթների վրայ, Գագիկ Ծառուկեանի ԲՀԿ-ի վերջին համագումարում ելոյթի այն հատւածները, որոնք վերաբերում էին արտագաղթին եւ կրթութեանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) տեսահոլովակը երկու մասից է կազմւած: Առաջին մասում պատկերւած է Հայաստանի հոգսաշատ ներկան. երեւանեան փողոցների խցանումներ, հոգսերով համակւած մարդիկ, որ անընդհատ շտապում են: Կադրի յետեւից ձայնն ասում է, որ շատերն են կրկնում. «Երկիրը երկիր չէ»: Մինչդեռ, նոյն ձայնը շարունակում է, որ կայ անտեսանելի Հայաստանը: Այդ Հայաստանը մշակութային կեանքով հարուստ Հայաստանն է, ֆուտբոլի հաւաքականի յաղթանակներն են, մեր շախմատիստների յաջողութիւններն են, ռազմական շքերթով քայլող բանակն է եւ այլն: Տեսահոլովակի այս մասն աւարտւում է «Հաւատանք, որ փոխենք» կարգախօսով:
Երկրորդ մասում ներկայացւում են կուսակցութեան նախկին եւ ներկայ առաջնորդները՝ Աշոտ Նաւասարդեանը, Վազգէն Սարգսեանը, Անդրանիկ Մարգարեանը եւ վերջապէս՝ Սերժ Սարգսեանը՝ ազատամարտի, պետականաշինութեան, առանցքային տարբեր միջոցառումների ու Հանրապետական կուսակցութեան համագումարների ֆոնին: Խոշոր պլանով ցուցադրւում են նաեւ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկւած պետական պաշտօնատարները կամ քաղաքական թիմը՝ վարչապետ Տիգրան Սարգսեան, կառավարութիւն, ՀՀԿ-ի Գերագոյն մարմնի անդամներ:
«Օրինաց երկիր» (ՕԵԿ) կուսակցութեան տեսահոլովակը Ազատութեան հրապարակում այս կուսակցութեան հանրահաւաքից էր: Ներկայացւում են կուսակցութեան համամասնական ցուցակի տարբեր համարներում ընդգրկւած թեկնածուների ելոյթներից հատւածներ: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Հեղինէ Բիշարեանը կուսակցութեան ուժեղ առաջնորդ Արթուր Բաղդասարեանին հաւատալու կոչ է անում կանանց եւ ասում, որ ՕԵԿ-ը ստեղծելու է այնպիսի երկիր, որտեղ մայրը չի մտածելու իր երեխայի ուսման հոգսերի մասին, տատիկը՝ իր թոռնիկների ապագայի մասին:
Կուսակցութեան առանցքային դէմքերից Մհեր Շահգելդեանը խոստանում է, որ կառուցելու են «Օրինաց Հայաստան»: Տեսահոլովակի վերջում կուսակցութեան առաջնորդ Արթուր Բաղդասարեանն ասում է, իր ասութեամբ, «մի պարզ ճշմարտութիւն»՝ «Մենք յաղթելու ենք»:
«Միաւորւած հայեր» կուսակցութեան տեսահոլովակն առաջարկում էր նոր դէմքեր, «նոր ուժ, երրորդ ուժ»:
Կուսակցութեան նախագահ Ռուբէն Աւագեանը բացատրում է, որ կուսակցութեան նպատակն է Հայաստանը դարձնել ճշմարիտ սոցիալ-իրաւական ժողովրդավարական պետութիւն, որտեղ կը գործի իրաւունքի գերակայութիւնը, բոլորը հաւասար կը լինեն օրէնքի առջեւ, կը պաշտպանւեն մարդու իրաւունքները, իսկ ուժի օրէնքն ու փողի իշխանութիւնն իրենց տեղը կը զիջեն «ազգին ծառայող օրէնքին»:
Ըստ Ռուբէն Աւագեանի՝ Հայաստանի քաղաքական դաշտում ներկայ են «անցեալը»՝ ընդդիմադիր ուժերը, «ներկան»՝ իշխանամէտ ուժերը եւ «ապագան»՝ պետականամէտ երրորդ ուժը: Դա էլ, բնականաբար, իր ղեկավարած կուսակցութիւնն է:
Վերջում Ռուբէն Աւագեանը նշում է, որ «Միաւորւած հայեր» կուսակցութիւնը սատար է կանգնում նաեւ Զւարթնոց տաճարի վերականգնման գործին:
Հայաստանի Կոմունիստական կուսակցութեան նախընտրական տեսահոլովակն առատ է անկախութեան առաջին ու այսպէս կոչւած «մութ ու ցուրտ» տարիների կադրերով. 88-ի հանրահաւաքներ, մարդիկ, որ փողոցներում ցախ են հաւաքում, սառած ու մութ մայրաքաղաք, կերոսինի տարաներով անցորդներ: Ժամանակակից Հայաստան, որտեղ շքեղ մեքենաների ու շինութիւնների կողքին՝ պատկերւում են աղքատ, հաշմանդամ ու մուրացիկ երեխաներ ու մեծահասակներ՝ անտարբեր հասարակութեան կողքին:
Այս միջակայքում կադրեր են Խորհրդային Հայաստանի շքերթներից, շինարարութիւններից, երբ երկիրը «տեղափոխւեց զարգացման հուն», ծաղկեցին արհեստներն ու արւեստներ, եւ այս ամենի ֆոնին՝ երջանիկ դէմքերով դպրոցականներ, շարքային մարդիկ, տիեզերագնացներ:
Յատկանշական է, որ տեսահոլովակի ընթացքում, որպէս ֆոն, երեւում են ՀԽՍՀ-ի դրօշը եւ զինանշանը:
Տեսահոլովակի վերջում Հայկոմկուսի առաջնորդ Ռուբէն Թովմասեանն առաջարկում է վերյիշել այս ամէնն ու կատարել ճիշտ ընտրութիւն:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցութեան տեսահոլովակը եւս շնորհաւորում է հաւատացեալ ժողովրդին՝ Ս. Յարութեան տօնի կապակցութեամբ: Կուսակցութեան ղեկավար Արամ Սարգսեանն ասում է. «Եւ ես այսօր մտադիր չեմ քարոզ անելու, ես գիտեմ, որ ամէն մի հաւատացեալ այսօր խորհուրդ է անում Աստծոյ հետ»: Իսկ այդ խորհուրդը կայանում է նրանում, որը մարդը կարողանայ ի կատար ածել Աստծոյ տասը պատգամները: «Պէտք է ճշմարիտ լինել եւ ընտրութիւնը ճիշտ կատարել»,- ամփոփում է Ա. Սարգսեանը:
Նշենք, որ ըստ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի սահմանած կարգի՝ քարոզարշաւին մասնակից քաղաքական ուժերը ապրիլի 8-ից մինչեւ 22-ը՝ ներառեալ, օրական 2 րոպէ անվճար եւ մինչեւ 4 րոպէ վճարովի հիմունքներով հեռուստատեսային քարոզչութեան հնարաւորութիւն ունեն:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։