Հա

Օրակարգ

05/04/2012

«Եւրոնեսթ»-ի ապրիլի 3-ի լիագումար նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կոշտ ձեւակերպումներով ելոյթը՝ ԼՂՀ-ի հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերաբերեալ, հաւանութեան չի արժանացել ոչ միայն հայկական պատւիրակութեան, այլեւ՝ եւրոպացի պատգամաւորների կողմից: Արդէն տեղեկացրել ենք, որ Հայաստանի պատւիրակութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը գրաւոր ներկայացրել է ՀՀ պատւիրակութեան բողոքը՝ այդ ելոյթի կապակցութեամբ:

Ապրիլի 4-ին yerkir.am-ի հետ զրոյցում հայկական պատւիրակութեան անդամ, ՀՀ ԱԺ-ի Հայաստանի Հանրապետական խմբակցութեան պատգամաւոր Յովհաննէս Սահակեանը յայտնեց, որ մէկ օր առաջ, որպէս բոյկոտի նշան, ՀՀ պատւիրակութիւնը հրաժարւել է մասնակցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի կողմից տրւած ճաշին: Արդէն ապրիլի 4-ի առաւօտեան պարզւել է, որ ճաշին չի մասնակցել նաեւ եւրոպացի պատգամաւորների մեծ մասը:
Հայկական պատւիրակութեան անդամ, ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի պատասխան ելոյթի ժամանակ, ըստ Յ. Սահակեանի, Ալիեւն արդէն դահլիճում չէր, իսկ ադրբեջանցի պատգամաւորները որեւէ արձագանգ չեն հնչեցրել:
«Ադրբեջանցի պատգամաւորները շատ լաւ էլ հասկացան, որ մեզ համար էական չէ, թէ որ երկրի հարթակում ենք. մենք հնչեցնում ենք իրականութիւնը եւ կարող ենք համարժէք պատասխան տալ: Նրանք հասկացան, որ մենք բաւական լուրջ եւ մարտական ենք տրամադրւած»,- նշեց մեր զրուցակիցը:
Լարւած իրադրութիւնը փորձել են մեղմել եւրոպացի պատգամաւորները: Նրանք թէեւ համամիտ չեն եղել Ալիեւի անսպասելի ելոյթին եւ համարժէք են համարել հայկական պատւիրակութեան պատասխանը, բայց, այդուհանդերձ, փորձել են կրքերը հանդարտեցնել՝ նշելով, թէ, ի վերջոյ, ելոյթ ունեցողը երկրի նախագահն էր:
Յ. Սահակեանը յայտնեց, որ այդ ամենից յետոյ ուժեղացւել է իրենց անվտանգութիւնը, նաեւ ադրբեջանական կողմը իր լրատւամիջոցներին արգելել է շփւել հայկական կողմի հետ, քանի որ հայկական կողմի պատասխանները ակնյայտ դուր չեն գալիս Ադրբեջանին:

«Yerkir.am»

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։