Հա

Օրակարգ

04/04/2012

Կովկասեան բարեհամբոյր ընդունելութեան մասին բոլոր պատկերացումները ապրիլի 3-ին ցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով ելոյթով հանդէս է եկել Բաքւում տեղի ունեցող «Եւրոնեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:
Նկատենք, որ դեռ ապրիլի 2-ին «Եւրոնեսթ»-ի Բիւրոյի անդամները հանդիպել են նախագահ Ալիեւի հետ, որտեղ, ըստ «Եւրոնեսթ»-ում հայկական պատւիրակութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանի, տհաճ անակնկալներ չեն եղել: Ալիեւն անգամ չի յիշատակել որեւէ վիճելի հարց, «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցութիւնն ընդհանրապէս չի օգտագործել: Եւրոպացի պատգամաւորներին աւելի շատ հետաքրքրել են Ադրբեջանում ազատութիւնների սահմանափակումների մասին հարցերը:

Մինչդեռ, ապրիլի 3-ի լիագումար նիստում Ալիեւի ելոյթից անգամ եւրոպացի դիւանագէտներն են զարմացել:
«Լիագումար նիստի ժամանակ Ալիեւը ցնցող ագրեսիւութեան յայտարարութիւններ արեց՝ անւանելով մեզ ֆաշիստ, օկուպանտ, ովքեր պղծել են իրենց գերեզմանները: Կարճ ասած՝ բոլորովին այլանդակ ելոյթ: Մենք անպատասխան չենք թողնելու նրա յայտարարութիւնները:
Սա, իհարկէ, սպասելի էր մեզ համար, բայց անգամ եւրոպացի մեր կոլեգաներն էին ցնցւած: Բոլորն ակնկալում էին, որ գոնէ շնորհակալութիւն կը յայտնւի հայկական պատւիրակութեան մասնակցութեան համար»,- «Երկիրն այսօր»-ի հետ հեռախօսազրոյցում ասել է Վահան Յովհաննիսեանը:
Մեր հարցին, թէ «Եւրոնեսթ»-ի ղեկավարութեան կողմից եղե՞լ է որեւէ արձագանգ, Վահան Յովհաննիսեանն ասաց, որ որոշ ակնարկներ եղել են, դրականօրէն շեշտւել է հայկական պատւիրակութեան այցը Բաքու: Իսկ Եւրոմիութեան ընդլայնման հարցերով յանձնակատար Շտեֆան Ֆիւլէն, արձագանգելով Ալիեւի ելոյթին, ասել է, որ հիմնախնդիրը երկուստեք բարդութիւններ ունի:
«Նա խօսեց, աւելի շուտ փորձեց մեղմել Ալիեւի ամբողջութեամբ հայկական կողմի վրայ մեղքը բարդելը, բայց բնական է, որ երբ դու հիւրընկալւում ես որեւէ երկրում եւ նման վերաբերմունքի ես արժանանում, չպէտք է սպասել ուրիշների կողմից վերաբերմունքի: Ամբողջ յոյսը մենք ենք, եւ մենք չենք պատրաստւում յանձնւել»,- ասաց Վ. Յովհաննիսեանը:
Ալիեւը չի խօսել հիմնախնդրի լուծումն այս քաղաքական հարթակում փնտրելու մասին, ինչի անընդունելութեան մասին դեռ ապրիլի 2-ին ասել էր Վահան Յովհաննիսեանը: Նա պարզապէս հանդէս է եկել որպէս Ադրբեջանի նախագահ եւ իրեն յատուկ ոճով փորձել հարցը նաեւ այստեղ բարձրացնել:

«Yerkirmedia.am»

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։