Հա

Օրակարգ

03/04/2012

Բաքւում ապրիլի 2-ին մեկնարկեց Եւրոնեսթի լիագումար երկօրեայ նիստը, որին մասնակցում է նաեւ հայկական ողջ պատւիրակութիւնը՝ պատւիրակութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանի գլխաւորութեամբ:
«Երկիրն այսօր»-ի հետ հեռախօսազրոյցում Վահան Յովհաննիսեանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից ձեռնարկւել են անվտանգութեան բոլոր միջոցները՝ աշխատանքները նորմալ կազմակերպելու համար: Նա տեղեկացրեց նաեւ, որ առաջին նիստից յետոյ Եւրոնեսթի Բիւրոյի ներկայացուցիչները հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Իսկ մինչ այդ, ինչպէս մեկնարկած նիստում, այնպէս էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վահան Յովհաննիսեանը յայտարարել է, որ Եւրոնեսթը չպէտք է դառնայ հակամարտութիւնների լուծման հարթակ, պէտք է բացառւեն նաեւ ագրեսիւ յայտարարութիւնները:
Վահան Յովհաննիսեանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողների Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը վերաբերող հարցերին, ներկայացրել խաղաղ լուծման հասնելու համար այն քայլերը, որ պէտք է անեն ադրբեջանական իշխանութիւնները:
«Լրագրողների հետ զրոյցում ես նշեցի, որ այդ հարցում կարող ենք հասնել յաջողութեան եւ խաղաղ լուծման միայն այն դէպքում, երբ Ադրբեջանի կողմից յստակ հնչի, թէ իրենք ինչ զիջման են պատրաստ: Մինչեւ հիմա նրանք միայն խօսում են այնպիսի վերադարձի, այնպիսի կարգավիճակի մասին, որ եղել է դեռ մինչեւ 1988 թւականը: Սա անընդունելի է եւ խաղաղութեան չի բերի:
Նշեցի նաեւ, որ բանակցային ամէն ռաունդից յետոյ Ադրբեջանը սկսում է սպառնալ, որ իրենց բիւջէն մեծ է, որ իրենք սպառազինութեան վրայ շատ աւելի են ծախսում: Ասացի, որ Ադրբեջանը ծախսում է յարձակողական զէնքերի վրայ, ինչը մի քանի անգամ թանկ է, քան՝ այն պաշտպանողական զէնքերը, որ գնում է Հայաստանը:
Իհարկէ, նշեցի, որ Ադրբեջանը հարուստ է, քան՝ Հայաստանը, բայց Հայաստանը երբեք այնքան չի կարող աղքատ լինել, որ չկարողանայ իր անվտանգութեան մակարդակն ապահովել: Ուրեմն՝ Ադրբեջանի կողմից պէտք է հնչի իր զիջման եզրը, որից յետոյ կարող է շատ արագ եւ խաղաղ լուծւել հիմնախնդիրը»:

«Yerkirmedia.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։