Հա

Օրակարգ

02/04/2012 - 04:30

Երեւան, «Երկիր», «Արմէնպրես» - Մարտի 30-ին, ժամը 11-ին, Երեւանի «Անի Փլազա» հիւրանոցում տեղի ունեցաւ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի չորրորդ խորհրդաժողովի պաշտօնական բացումը, որին իրենց մասնակցութիւնը բերեցին աւելի քան 25 յանձնախմբերի եւ գրասենեակների 60 ներկայացուցիչներ՝ Արգենտինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Արաբական Միացեալ Էմիրութիւններից, Լիբանանից, Կիպրոսից, Կանադայից, Հայաստանից, Արցախից, Եգիպտոսից, Աւստրալիայից, Իրանից, Ռուսաստանից, Ուրուգւայից, Սիրիայից, Վրաստանից, Քուվէյթից, Ֆրանսիայից եւ Երուսաղէմից:

Խորհրդաժողովի նպատակն էր քննարկել Հայ Դատի աշխատանքների ընթացքը՝ 2010 թւականին կայացած Հայ Դատի նախորդ խորհրդաժողովից մինչեւ օրս, ինչպէս նաեւ ՀՅԴ Հայ Դատի ռազմավարութեան հիման վրայ մշակել առաջիկայ երկամեակի աշխատանքային ծրագրերը: Եռօրեայ խորհրդաժողովի ընթացքում քննարկւեցին օրակարգի վեց հայցեր. Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման եւ պահանջատիրական պայքարի նպատակով ի գործ դրւած աշխատանքներ, հայ-թուրքական յարաբերութիւններ, Արցախի իրաւական միջազգային ճանաչման եւ բանակցային գործընթացի հիմնախնդիր, Ադրբեջանի հակահայ քաղաքականութեան դէմ պայքար, Հայաստանի արտաքին քաղաքականութիւնն ու մարտահրաւէրները, Ջաւախքի հայութեան իրաւունքների պաշտպանութեան ի խնդիր կատարւած նախաձեռնութիւններ:
altԲացման պաշտօնական հանդիսութեան ընթացքում արտասանած իր խօսքում ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը անդրադարձաւ այն երեւոյթին, թէ Հայաստանի հասարակութեան մօտ միշտ հարցում է առաջ գալիս, թէ Հայ Դատի պայքարը այսօր արդիակա՞ն է, եւ կարելի՞ է արդիւնքներ ապահովել: «Այսօր աւելի ակտուալ հարց չկայ, քան Հայ Դատի պայքարն է: Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման համար պայքարի գործընթացը շարունակւում է նաեւ այսօր, եւ դա սկսել են հասկանալ նաեւ օտարերկրացիները»,- ասաց նա՝ աւելացնելով, որ Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման համար չպայքարել նշանակում է մահանալ, որովհետեւ գոյատեւման միակ ձեւը պայքարն է:
«Միջազգային կառոյցների խորհրդարանական վեհաժողովները, կազմակերպութիւնները որպէս այդպիսին բաղկացած են մարդկանից, որոնք այս կամ այն թեմային լաւ չեն տիրապետում, ինչը հասկանալի է, քանի որ նրանք պատգամաւորներ են: Շատ յաճախ նրանք յայտնւում է, որ ինչ-որ ուժային կենտրոններից եկող թելադրանքի կամ կեղծ ներշնչած գաղափարների թելադրանքների տակ են, կամ էլ, որը շատ յաճախ հանդիպում է, նաեւ թուրք-ադրբեջանական լաբբիստական կազմակերպութիւնների ազդեցութեան տակ»,- ասաց Վ. Յովհաննիսեանը:
Նրա համաձայն՝ թէեւ խորհրդարանական դիւանագիտութիւնը շատերի համար անկարեւոր է թւում, բայցեւայնպէս՝ կան այնպիսի օրինակներ, որոնք ցոյց են տալիս, որ ընդունւող բանաձեւերը կարող են վտանգաւոր հետեւանքներ ունենալ, նոյնիսկ եթէ ոմանք դրանք անկարեւոր համարեն: ՀՅԴ Բիւրոյի անդամը առաջարկեց ամուր կերպով կառչել եւ մեծ կարեւորութիւն տալ խորհրդարանական դիւանագիտութեանը: Նա միջազգային կառոյցներում ծաւալած աշխատանքի ծիրում յատուկ կերպով անդրադարձաւ Ցեղասպանութեան ճանաչման հարցին, տնտեսական ներդրումներին, ինչպէս նաեւ՝ Ղարաբաղի ճանաչման հարցին:
Հայ Դատի խորհրդաժողովի ընթացքում խօսքը տրւեց նաեւ ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանին, որը կոչ ուղղեց մեր բարձրացրած հայկական հարցերի համար ճակատաբաց պայքար մղելուց չվախենալու, լինեն նրանք Հայոց Ցեղասպանութեան, Արցախին կամ հայ-թուրքական յարաբերութիւններին առնչւող:
Խօսելով Հայաստանի արտաքին քաղաքականութեան մարտահրաւէրների մասին՝ նա նշեց, որ այսօր արտաքին քաղաքականութեան օրակարգից անքակտելի է ո՛չ միայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պարագան, այլ նաեւ՝ հատուցման խնդիրը:
«Հայ Դատի գաղափարախօսութիւնն ապահովում է թէ՛ նախաձեռնողականութիւն, թէ՛ անխոցելիութիւն: Նախաձեռնողականութիւնն այն է, որ Հայ Դատի գաղափարախօսութեան հիմքում ընկած է պահանջատիրութիւնը, իսկ պահանջատիրութիւնը մեր ոտնահարւած իրաւունքների վերականգնման արդիւնքն է: Սա պէտք է լինի մեր օրակարգում եւ դրանից չպէտք է վախենալ, որովհետեւ Հայ Դատի մեր պայքարը ցոյց տւեց, որ մեր գաղափարախօսութիւնն անխոցելի է, քանզի մեր պահանջներն արդար են եւ լիովին տեղաւորւում են միջազգային նորմերի մէջ. մենք չենք պահանջում աւելին, քան դրա իրաւունքն ունենք»,- նշեց Ա. Ռուստամեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։