Հա

Օրակարգ

13/03/2012

Թուրքական «Թարաֆ» թերթի հետ հարցազրոյցի ժամանակ թուրք յայտնի պատմաբան Թաներ Աքչամը մեկնաբանել է փետրւարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպւած եւ Խոջալուի իրադարձութիւններին նւիրւած ցոյցը:
«Այդ խիստ հակահայկական ցոյցը կազմակերպւել է կառավարութեան աջակցութեամբ: Ահա այդպէս ենք մենք պատրաստւում 2015 թւականին, երբ կը լրանայ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը:

Այդ ցոյցը վկայեց, որ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը (ԱԶԿ) կարող է գործածել ցեղապաշտութեան գործօնը: Եթէ դուք Հայոց Ցեղասպանութեան հարցում ճնշում էք գործադրում ինձ վրայ, ապա ես էլ կարող եմ գործի գցել Խոջալու-Ադրբեջան խաղաքարտը:
Ըստ իս՝ պէտք է հետեւել նախքան այդ ցոյցը Թուրքիայում կատարւած զարգացումներին: Նախ Թուրքիայում սպանւեց Հրանտ Դինք անունով քաղաքացին: Նրա մարդասպաններն ու սպանութեան կազմակերպիչները գտնւում են պետական պաշտպանութեան ներքոյ:
Իսկ ցոյցից 10 օր առաջ Ստամբուլում քաղաքապետարանի աջակցութեամբ ի յայտ եկան «Հայերի ստերին մի՛ հաւատացէք» խորագրով վահանակներ: Ապա Թուրքիայի ներքին գործերի նախարարը մասնակցեց այդ ցոյցին, որի մասնակիցները յայտարարեցին. «Մենք Օգիւն Սամասթներ ենք, իսկ ո՞ւր են «Բոլորս Հրանտ Դինք ենք» վանկարկողները»:
Թուրքիայում մշտապէս գոյութիւն են ունեցել այդպիսի ծայրայեղ ազգայնական եւ ցեղապաշտական մօտեցումներ: Սակայն, Խոջալուի ցոյցից առաջ դա այդպիսի ակնյայտ դրսեւորում չէր ստացել՝ անգամ պանթուրանիստների կողմից: Խոջալուի ցոյցը վկայեց, որ ապահովւած չէ երկրում բնակւող հայ քաղաքացիների անվտանգութիւնը:
Նաեւ հայերի կեանքի համար պատասխանատու ներքին գործերի նախարարը մասնակցում է մի ցոյցի, ուր յայտարարում են, որ թափւած արիւնը գետնին չի մնայ: Թուրքիայում քրիստոնեայ քաղաքացիների կեանքը վտանգի տակ է:

«1in.am»

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։