Հա

Օրակարգ

23/05/2016 - 12:10

Իրան-Հնդկաստան

Վերջին 15 տարում, Հնդկաստանի վարչապետի առաջին այցն Իրան, կարեւորւում է յատկապէս Իրանի դէմ սահմանւած միջազգային պատժամիջոցների չեղարկման համատեքստում, մանաւանդ, եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ պաշտօնական Թեհրանը Հնդկաստանին դիտարկում է որպէս յետպատժամիջոցեան ժամանակաշրջանի իր կարեւորագոյն առեւտրա-տնտեսական ու ներդրումային գործընկերներից մէկը:

Տարածաշրջանային ռազմավարական նոր առանցք է ուրւագծւում

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Պաշտօնական այցով Թեհրան է ժամանել Հնդկաստանի Հանրապետութեան վարչապետ Նարենդրա Մոդին:
Վերջին 15 տարում, Հնդկաստանի վարչապետի առաջին այցն Իրան, կարեւորւում է յատկապէս Իրանի դէմ սահմանւած միջազգային պատժամիջոցների չեղարկման համատեքստում, մանաւանդ, եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ պաշտօնական Թեհրանը Հնդկաստանին դիտարկում է որպէս յետպատժամիջոցեան ժամանակաշրջանի իր կարեւորագոյն առեւտրա-տնտեսական ու ներդրումային գործընկերներից մէկը:
Նախատեսւում է, որ այս այցը նոր լիցք ու որակ կը հաղորդի Թեհրան-Դելհի առեւտրա-տնտեսական յարաբերութիւններին, որի ծաւալը 2015-2016 տնտեսական տարում կազմել է ընդամենը 8 մլրդ. 299 մլն. դոլար, որն ինչ խօսք չափազանց հեռու է երկկողմ յարաբերութիւններում առկայ փաստացի ներուժից:
Վարչապետ Մոդիի թեհրանեան այցի ընթացքում, տարբեր ոլորտներում ստորագրւող համագործակցութեան բազմաբնոյթ պայմանագրերից, փորձագէտները յատկապէս կարեւորում են իրանական Չաբահար նաւահանգիստը տարածաշրջանային առեւտրա-տնտեսական եւ տրանսպորտային կարեւորագոյն հանգոյցի վերածելու նախագծի յստակեցման, ինչպէս նաեւ Իրան-Աֆղանստան-Հնդկաստան տարանցիկ տրանսպորտային միջանցք ստեղծելու նախագծի մասին փաստաթղթերը:
Այս երկու նախագծերի ռազմավարական նշանակութիւնը յատկապէս ընդգծւում է տարածաշրջանային բազմաբնոյթ քաղաքա-տնտեսական հակասութիւնների ֆոնին, որոնք հիմնականում պայմանաւորւած են Օմման ծովում, Հնդկական ովկիանոսում ու Աֆղանստանում Հնդկաստան-Չինաստան, Հնդկաստան-Պակիստան եւ Իրան-Պակիստան աւանդական մրցակցութեամբ եւ շահերի բախումով:
Պաշտօնական Դելհիի համար ակնյայտօրէն մտահոգիչ է իր վաղեմի երկու ախոյեանների՝ Պակիստանի եւ Չինաստանի ռազմավարական նշանակութեան կապերի ամրապնդումն ու Պեկինի օրըստօրէ առաւել ընդգծւող ներկայութիւնը Օմման ծովում եւ Հնդկական ովկիանոսում, որը հիմնականում դրսեւորւում է պակիստանեան Գւադար նաւահանգստում չինական կողմի բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրի տեսքով: Այս հանգամանքը չի կարող չմտահոգել նաեւ Թեհրանին, այն առումով, որ Գւադարի նախագիծը կարող է կտրուկ մեծացնել պաշտօնական Իսլամաբադի դերն ու նշանակութիւնը Հնդկական ովկիանոսի առեւտրա-տնտեսական եւ ռազմա-քաղաքական յարաբերութիւններում՝ խախտելով ուժերի դասաւորութեան աւանդական յարաբերութիւնը տարածաշրջանում:
Միեւնոյն ժամանակ, Իրան-Աֆղանստան-Հնդկաստան տարանցիկ տրանսպորտային ուղու ստեղծումը կարող է զգալիօրէն թուլացնել Պակիստանի ազդեցութիւնն ու նշանակութիւնը՝ Աֆղանստանի քաղաքական ու տնտեսական կեանքում, ինչն ամբողջովին համընկնում է Թեհրանի եւ Դելհիի Հինդոկուշեան տարածաշրջանային ռազմավարական նշանակութեան հեռահար նպատակներին ու շահերին:
Այս առումով միանշանակօրէն կարելի է բանաձեւել, որ Մոդիի այցը Թեհրան առեւտրա-տնտեսական մեծ նշանակութիւնից բացի, ունի նաեւ քաղաքական ընդգծւած կարեւորութիւն, քանզի այն ազդարարում է տարածաշրջանային ռազմավարական նշանակութեան նոր՝ Թեհրան-Դելհի առանցքի ձեւաւորումը, որն ունի բոլոր նախապայմաններն ու ներուժը՝ վերածւելու Մերձաւոր Արեւելքի եւ հարաւ-արեւելեան Ասիայի անվտանգութեան եւ կայունութեան պահպանման ու ամրապնդման առանցքային գործօններից մէկի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։