Հա

Օրակարգ

25/05/2016 - 12:30

«Ադրբեջանը խոյահարում է Իրանի եւ «վեցեակ»-ի միջեւ միջուկային համաձայնութիւնը»

Բաքւի եւ Թել-Աւիւի միջեւ տարբեր մակարդակներում ծաւալւող բաւական սերտ համագործակցութեան շրջանակներում թւում էր, թէ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի բոլորովին վերջերս կայացած պաշտօնական այցը հրէական պետութիւն հերթականների շարքից է լինելու:

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ


Բաքւի եւ Թել-Աւիւի միջեւ տարբեր մակարդակներում ծաւալւող բաւական սերտ համագործակցութեան շրջանակներում թւում էր, թէ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի բոլորովին վերջերս կայացած պաշտօնական այցը հրէական պետութիւն հերթականների շարքից է լինելու: Մինչդեռ պարզւում է, որ դեռեւս «Wikileaks»-ում յայտնւած Իլհամ Ալիեւի բնորոշմամբ «կողմնակի հայեացքներից ծածուկ ադրբեջանա-իսրայէլական գործակցութեան մէկ տասներորդով երեւացող այսբերգն» այս անգամ էլ նպատակ էր հետապնդում, եթէ շարունակելու լինենք պատկերաւոր շարադրանքը, խոյահարելու Իրանի եւ «վեցեակ»-ի միջեւ դեռեւս անցեալ տարի կայացած եւ պատմական որակումը ստացած միջուկային համաձայնութիւնը:
Բանն այն է, որ ոչ աւել, ոչ պակաս հէնց իսրայէլական խորհրդարանի պաշտօնական կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանցի բարձրաստիճան դիւանագէտը նշւած այցի շրջանակներում Կնեսետի արտաքին գործերի եւ պաշտպանութեան հարցերով յանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի հետ հանդիպման ընթացքում փաստացիօրէն ուղղակի մեղադրանք է հնչեցրել Թեհրանի հասցէին՝ պնդելով, որ «Իրանը չի հրաժարւել իր միջուկային ծրագիրը զարգացնելուց, այլ յետաձգել է այդ ծրագրի որոշ հատւածների իրականացումը»:
Եթէ հաշւի առնելու լինենք, այն հանգամանքը, որ Իրանի բարեփոխական կառավարութեան դեռեւս փորձառութեան պակաս ունեցող որոշ գործիչների կողմից առաջ քաշւող եւ առայժմ բաւական հեղհեղուկ ծրագրաւորմամբ աչքի ընկնող, այսպէս կոչւած, տնտեսական պրագմատիզմի ռազմավարութեան շրջանակներում Թեհրանը վերջին շրջանում որոշակի փորձեր էր կատարում կարգաւորելու յարաբերութիւնները Բաքւի վարչակարգի հետ՝ որպէս անկիւնաքար դիտարկելով երկու երկրների միջեւ հէնց տնտեսական համագործակցութեան խթանումը, ապա Ա. Ազիմովի նման յայտարարութիւնն իր քարոզչական լիցքով եւ տրամաբանութեամբ գրեթէ նոյնական է Թուրքիայի կողմից ռուսական օդանաւի խոցման գործողութեանը Սիրիայի երկնքում, երբ աշխարհաքաղաքական շահերում առկայ անլուծելի հակասութիւնը ընդամենը մի ակնթարթում փոշիացրեց ոչ միայն ցանկացած «տնտեսական պրագմատիզմ», այլ նաեւ երկու երկրների թւացեալ անշեղօրէն զարգացող յարաբերութիւնները փոխակերպեց բացայայտ «սառը պատերազմի»:
Կասկած չկայ, որ «վեցեակ»-ի երկրների հետ կայացած միջուկային համաձայնութիւնը Իրանի համար չափազանց կարեւոր, եթէ ոչ գրեթէ կենսական նշանակութիւն ունեցող ձեռքբերում է, ինչով էլ հէնց պայմանաւորւում են երկրի առնւազն առաջիկայ տարիների թէ՛ տնտեսական, եւ թէ՛ քաղաքական զարգացումների ողջ համատեքստը, ուստի կասկած չկայ, որ իբր շիայական երկրորդ պետութեան խաղաթուղթը Թեհրանի հետ յարաբերութիւններում յաճախ շահարկող Բաքւի վարչակարգը Մերձաւոր Արեւելքում Իրանի գլխաւոր ախոյեան Իսրայէլի հետ ձեռք-ձեռքի տւած իրականում վարում է բացայայտ հակաիրանական քաղաքականութիւն՝ այս անգամ փորձելով ստեղծել լրացուցիչ լարման կէտեր լայն իմաստով տարածաշրջանային կայունութեան համար խիստ կարեւոր այնպիսի մի զգայուն խնդրի շրջանակներում, ինչպիսին իրանական միջուկային ծրագիրն է:
Նման պայմաններում իրանական ներկայ կառավարութեան համար կարծես թէ այլ ելք չի մնում, քան հարեւանների հետ յարաբերութիւններում վերանայելու ցանկացած «պրագմատիզմ»՝ վերադառնալով պարսից խօսուն ասացւածքի իմաստնութեանը՝ «հացի մասին մտածի՛ր, քանզի ձմերուկը ջուր է»:

«panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։