Հա

Օրակարգ

29/05/2016 - 13:00

Սերժ Սարգսեան.- «Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից յետ վերադառնալու օրն է»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ բարձրագոյն ղեկավարութեան եւ յուշահամալիր այցելած հիւրերի հետ մասնակցեց Հանրապետութեան տօնին նւիրւած հանդիսաւոր միջոցառմանը, զօրահանդէսին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ բարձրագոյն ղեկավարութեան եւ յուշահամալիր այցելած հիւրերի հետ մասնակցեց Հանրապետութեան տօնին նւիրւած հանդիսաւոր միջոցառմանը, զօրահանդէսին:
ՀՀ նախագահը Սարդարապատում շնորհաւորական ուղերձ յղեց Հանրապետութեան տօնի առթիւ: Նա նշեց, որ այս տօնը մեզ համար առաջին հերթին փրկութեան տօն է:
«Մենք փրկեցինք մեր վերջին հողակտորը եւ այդ հողակտորի վրայ մնացած մեր ժողովրդի վերջին բեկորները: Որքան էլ ծանր է խոստովանել, բայց դա էր իրականութիւնը: Յուսահատութեան եւ արնաքամութեան եզրին կանգնած հայ ժողովուրդն իր մէջ ուժ գտաւ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դէմ, յաղթելու եւ յետ շպրտելու նրան:
Մայիսեան հերոսամարտերը եւ դրանց յաղթական ելքը շատերը զարմանալի հրաշք էին անւանում: Մենք յաղթեցինք, մենք ապրեցինք եւ մենք ազատագրւեցինք»,- Սարդարապատի յուշահամալիրում ասաց ՀՀ նախագահը: Նա ընդգծեց, որ Հայաստանի անկախութիւնն ու պետականութիւնը ոչ ոք չի նւիրել: Դրա համար հայ ազգը վճարել է այնքան, որքան, թերեւս, ոչ ոք չի վճարել: Դա արւել է մենակ, աւելին՝ ի հեճկուս ճակատագրի հարւածների:
ՀՀ նախագահն, անդրադառնալով այս տարւայ ապրիլի սկզբի ռազմական իրադարձութիւններին, նշեց, որ դրանք աւելի տեսանելի դարձրին մի շարք իրողութիւններ՝ թէ՛ լաւ, թէ՛ վատ, թէ՛ մեր ներսում, թէ՛ մեր շուրջը:
«Դրանց մէջ ինձ համար ամենակարեւորը մեր նոր սերունդն է՝ անկախութեան սերունդը, որ ե՛ւ մեզ, ե՛ւ բոլորին ցոյց տւեց, որ ինքն է իսկապէս տերն ու պատասխանատուն է իր երկրի: 1918 թւականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնաւոր բանակ եւ նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետեւ մեծ հաշւով դա յուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռւողներն արդէն չգիտէին, թէ ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդեօք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետեւ կայ պետութիւն: Կայ անկախութեան սերունդ, որ ուզում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց եւ քայլելու է: Անկախութեան սերունդ, որ ուզում է քայլեցնել իր երկիրն առաջ եւ քայլեցնելու է: Անկախութեան սերունդ, որ բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը: Դա արգասիքն է այն իրողութեան, որ նրանց ընտանիքներում ու դպրոցներում նոյնպէս ճիշտ են հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մենք՝ որպէս պետութիւն, որպէս ազգ եւ հասարակութիւն ճիշտ ենք հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից յետ վերադառնելու օրն է: Դէպի կեանք, դէպի վերածնունդ, դէպի արարում եւ դէպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք: Կեցցէ՛ Հանրապետութեան տօնը: Փա՛ռք մեր ժողովրդին»,- ասաց նախագահը:
Նախագահի ելոյթից յետոյ տեղի ունեցաւ Հայաստանի զինւած ուժերի զինւորների հանդիսաւոր քայլերթը: Այնուհետեւ նախագահ Սերժ Սարգսեանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարութեան, ազգային ժողովի անդամները, հիւրերը ծաղկեպսակ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների յիշատակը յաւերժացնող յուշակոթողին: Նրանք մէկ րոպէ լռութեամբ եւ խոնարհումով յարգանքի տուրք մատուցեցին մայիսեան յաղթանակները կերտած հայորդիների յիշատակին:
Լրագրողների հետ զրոյցում՝ խօսելով կերտած յաղթանակների մասին՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանն էլ նշեց, որ մենք ապրիլին ունեցել ենք մեծ յաջողութիւն, կարողացել ենք ադրբեջանական յարձակմանը դիմակայել եւ յետ մղել:
«Կայ ժողովրդի միասնական կեցւածքի մասին վկայող փաստ, որը բոլոր յուսահատական արտայայտութիւններն ի չիք է դարձնում եւ ցոյց է տալիս, որ Ղարաբաղի հարցը շարունակում է մնալ հայ ժողովրդի հիմնական օրակարգը: Ցոյց է տալիս նաեւ մեր այն վճռականութիւնը, որ այս յաջողութիւնը պէտք է վերջնական յաղթանակի վերածել»,- նշեց Հրանտ Մարգարեանը:

«armenpress.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։