Հա

Օրակարգ

30/05/2016 - 13:10

Նժդեհի արձանի տեղադրման առիթով

Մայիսի 28-ին, Երեւանում, ՀՀ կառավարութեան երրորդ մասնաշէնքի հարեւանութեամբ, աւելի ճշգրիտ, բոլորին յայտնի Վերնիսաժին յարող պուրակում տեղի ունեցաւ ազգային, պետական-ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի բացումը:
Այն, որ հայոց մայրաքաղաքում զգացւում էր Նժդեհի պէս գործչի արձանի անհրաժեշտութիւնն աներկբայ իրողութիւն է, որի մասին երկու կարծիք լինել չի կարող:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Մայիսի 28-ին, Երեւանում, ՀՀ կառավարութեան երրորդ մասնաշէնքի հարեւանութեամբ, աւելի ճշգրիտ, բոլորին յայտնի Վերնիսաժին յարող պուրակում տեղի ունեցաւ ազգային, պետական-ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի բացումը:
Այն, որ հայոց մայրաքաղաքում զգացւում էր Նժդեհի պէս գործչի արձանի անհրաժեշտութիւնն աներկբայ իրողութիւն է, որի մասին երկու կարծիք լինել չի կարող: Սակայն, մեր Հայրենի իշխանութիւնների գրեթէ բոլոր նախաձեռնութիւնների ու գործերի պէս, մեծ հայորդու արձանի հետ կապւած եւս քիչ չեն անպատասխան մնացած հարցերն ու աչք ծակող հակասութիւնները:
Սկսենք առաջինից. Համացանցում փնտրէք, գտէք, Նժդեհի արձանի լուսանկարները, լարէք ձեր գեղագիտական ողջ ունակութիւնն ու ուշադիր դիտէք դրանք, եւ փորձէք բանաձեւել ձեր ամենաանմիջական տպաւորութիւնները: Մեծ տոկոսով, դրանք չեն տարբերւելու շատ-շատերի գնահատականից. Զօրավարի կերպարի, էութեան ու նկարագրի հետ հեռաւոր աղերս անգամ չունեցող, ոչինչ չասող կոմունիստական դարաշրջանի կարծրատիպերին համապատասխան, տիպիկ բոլշեւիկեան, «մոնումենտալ» մի քանդակ, որը կարծես, թէ կոչւած է շրջապատին պարտադրելու իր ոչ այնքան ցանկալի ներկայութիւնը (Ուշադրութիւն՝ «ոչ-ցանկալի» եւ «պարտադրող» եզրոյթները կոչւած են սահմանելու բոլշեւիկեան «մոնումենտալ» քանդակների առանձնայատկութիւնները):
Երկրորդ. Երեւանը երեւի, թէ աշխարհի այն բացառիկ քաղաքներից է (եթէ ոչ եզակին), որտեղ կայ պատմական նշանակութեան որեւէ անձնաւորութեան (Այս դէպքում՝ Գարեգին Նժդեհի) անւան հրապարակ, բայց նրա արձանը կանգնեցւած է քաղաքի մէկ այլ անկիւնում, իսկ նրա անւան հրապարակը «զարդարում» է մէկ այլ անձնաւորութեան արձանը…
Զաւեշտալին այն է, որ յիշեալ անձն (Այս դէպքում՝բոլշեւիկ Սուրէն Սպանդարեանը) իր դաւանած արժեհամակարգով, աշխարհայեացքով ու գաղափարներով, իր անւանումը հրապարակին շնորհած գործչի՝ Գարեգին Նժդեհի հակապատկերն է:
Զաւեշտը ողբերգութեան է վերածւում, երբ Երեւանի փոխքաղաքապետ Կամօ Արէեանը պատասխանելով այն հարցին, թէ ինչո՞ւ Գարեգին Նժդեհի արձանը չտեղադրւեց նրա անւան հրապարակում, ասել է. «Գարեգին Նժդեհի հրապարակը շատ անյաջող տեղ է՝ արձան տեղադրելու համար: Դա արձանի տեղ չէ: Այնտեղ տեղադրւած արձանն էլ անյաջող տեղ է դրւած: Մետրոյի կայարանի փոսի վրայ՝ անհաղորդակից ու անհասանելի մարդկանց: Անյարմար տեղ է»:
Եթէ Գարեգին Նժդեհի անւան հրապարակն իրօք այդքան անյարմար տեղ է որեւէ արձան տեղադրելու համար, խնդրեմ պարոնայք, հանէ՛ք անյապաղ բոլշեւիկ Սպանդարեանի արձանը, մանաւանդ, որ նա անկախութեան գաղափարախօսութեան արժեհամակարգի հակապատկերը մարմնաւորող, Բոլշեւիկեան գաղափարախօսութիւնը ներկայացնող գործիչ է:
Սա, սակայն, ողբերգութեան մեդալիոնի ընդամենը մի կողմն է: Աւելի ցաւոտ, հոգին վիրաւորող երեւոյթը մայրաքաղաք Երեւանում, Հայոց անկախ պետականութեան հիմնադիր, Մայիսի 28 կերտող նւիրեալ սերունդի յիշատակը յաւերժացնող ցանկացած երեւոյթի աչք ծակող բացակայութիւնն է:
Որտեղ են Քաջազնունին, Համօ Օհանջանեանը: Ուր է Դրօն, իսկ Սիմոն Վրացեա՞նը… Եւ ամենակարեւորը՝ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿԵԱ՛ՆԸ: Միթէ Արամի ողջ արժէքը նեղլիկ մի փողոց է, կամ անշուք մի կիսանդրի, որը Հայաստանի անկախութեան հիմնադրի արժէքն իջեցնում է լոկ Հայաստանի առաջին ոստիկանապետի մակարդակի:
Երկակի չափորոշիչներով, չի կարելի գնահատել պատմական երեւոյթներն ու դրանք կերտող անձանց: Եթէ մայրաքաղաք Երեւանում կան խորհրդային շրջանի ամենատարբեր նշանակութեան եւ տրամաչափի պետական-կուսակցական գործիչների անունը կրող փողոցներ ու հրապարակներ, նրանց յիշատակը յաւերժացնող արձաններ, կոթողներ ու ցուցատախտակներ, ապա, կարծում ենք, թէ եթէ ոչ աւելիի, այլ նոյն մակարդակի վերաբերմունքի են արժանի Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը կերտած ու ղեկավարած հերոսական սերնդի ներկայացուցիչները: Սա, ընդամենը յարգանքի նւազագոյն այն դրսեւորումն է, որին անկասկած արժանի են մեր պատմութեան ամենադրամատիկ, եւ միեւնոյն ժամանակ ամենահերոսական շրջանի այդ հսկայ գործիչները: Մարդիկ, որոնց անմնացորդ նւիրմանն ենք պարտական մեր այսօրւայ գոյութեան համար:
Տխուր է, բայց պէտք է խոստովանենք, որ եթէ չլինէր մեր հայրենի իշխանութիւնների կողմից Գարեգին Նժդեհի անձն ու գաղափարներն ամէն գնով սեփականացնելու եւ իւրացնելու փորձը, ապա, հաւանաբար, դժւար թէ այսօր մենք մեծ հայորդու արձանի տեղադրման ականատեսը լինէինք:
Սա դառն իրողութիւն է, որը փաստում է մեր իրականութեան գաղափարական քաղցը, խեղաձեււած արժեհամակարգի գոյութիւնը: Մեր իրականութիւնը, դժբախտաբար, յայտնւել է կրկնւող՝ վերարտադրւող նոյն ձանձրացնող մտքերի ու գաղափարների, նոյն կարծրատիպերի ճիրաններում:
Եւ սա բնաւ էլ պատահական չէ: Վերանկախացումից ի վեր, Հայաստանը ղեկավարում է այն սերունդը, որի մտածողութիւնը, աշխարհայեացքն ու ընկալումները ձեւաւորւել են խորհրդային շրջանում՝ այդ շրջանի կարծրատիպերին համապատասխան:
Այս ընթացքի շարունակականութիւնը նշանակում է կորցնել պատմութեան ընկալումը, կորցնել տարածութեան՝ հեռու-մօտիկի եւ ժամանակի՝ երէկւայ, այսօրւայ ու վաղւայ ընկալումը, քայլել դէպի գաղափարական սնանկացում, իսկ գաղափարական սնանկացման ուղով՝ դէպի…

Յարակից լուրեր

  • Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով
    Ամբոխավարութիւն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով

    Ես չեմ էլ կասկածում, որ ոչ հեռու ապագայում Նիկոլ Փաշինեանից մէջբերումներ կանեն ոչ միայն որպէս քաղաքական գործչի, ՀՀ վարչապետի, այլեւ մի մարդու, որը մեծ աւանդ ունի Հայաստանում ամբոխավարութիւնը բոլորովին նոր «մակարդակի» բարձրացնելու գործում:

  • Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով
    Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով

    Մերօրեայ իրականութիւնը շատ է նման Ջորջ Օրւէլի «Անասնաֆերմա»-ին: 1917 թւականի բոլշեւիկեան յեղափոխութեան եւ դրան յաջորդած ստալինիզմի ժամանակաշրջանին վերաբերող քաղաքական սատիրայի եւ հակաուտոպիական ժանրից այս վիպակը, կարծես, ճիշտ ու ճիշտ գրւած է նաեւ մեր օրերի Հայաստանի համար: «Անասնաֆերմա»-ի պէս մեզ մօտ էլ շատ արագ ի յայտ է եկել, այսպէս կոչւած, արտօնեալների մի խաւ, որը մտել է «Անասնաֆերմա»-ի նոր տէրերի կերպարի մէջ՝ իւրացնելով նրանց կարգախօսը` «Բոլոր չորքոտանիները հաւասար են, իսկ երկոտանիները՝ աւելի հաւասար»: Նոր Հայաստանի մերօրեայ «տէրերն» իրենց թոյլ են տալիս այն բոլորը, ինչ մտքներով կանցնի. չէ՞ որ նրանք են մեր իրականութեան պարոն Ջոնզին վռնդել ֆերմայից եւ մեզ պարգեւել այնքան երազած ազատութիւնը: Նրանք հիմա ամենակարող տէր ու տնօրէններ, ամենաարդար դատաւորներն են` կարող են զրպարտել, մեղադրել ու դատապարտել ցանկացած մարդու, ով կը համարձակւի ընդդիմանալ իրենց եւ հակառակ կարծիք արտայայտել:

  • Երեւանում մեկնարկել է «Եւրասիական շաբաթ» միջազգային ֆորումը
    Երեւանում մեկնարկել է «Եւրասիական շաբաթ» միջազգային ֆորումը

    Երեւանում մեկնարկել է «Եւրասիական շաբաթ» միջազգային ֆորումը: ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը, Եւրասիական տնտեսական յանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանը եւ բարձրաստիճան այլ պաշտօնեաներ, հիւրեր, մինչ պլենար նիստի մեկնարկը, շրջեցին տաղավարներով ծանօթացան մասնակից ընկերութիւնների հնարաւորութիւններին ու ծրագրերին:

  • Երեւանը տօնում է 2800-ամեայ յոբելեանը
    Երեւանը տօնում է 2800-ամեայ յոբելեանը

    Երեւանը 2800 տարեկան է: ՀՀ ներկայիս մայրաքաղաքը հիմնադրել է Վանի թագաւորութեան արքայ Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում՝ 782 թւականին Էրեբունի անւամբ: 

  • Երեւանը տօնում է 2800-ամեակը. «Էրեբունի-Երեւան» տօնակատարութիւնները մեկնարկում են մարաթոնով
    Երեւանը տօնում է 2800-ամեակը. «Էրեբունի-Երեւան» տօնակատարութիւնները մեկնարկում են մարաթոնով

    Մեկնարկեց Երեւանի օրւան նւիրւած մարաթոնեան վազքը 42.2 կմ. տարածութեամբ: Երեւանեան մարաթոնին մասնակցում է 2800 վազորդ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։