Հա

Օրակարգ

31/05/2016 - 12:40

Արա Պապեան.- «Գերմանիան Թուրքիային պատժելու խնդիր ունի, կը դրւի անգամ հատուցման խնդիր»

Յունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի նախագծում ոչ միայն կը լինի «ցեղասպանութեան» եզրոյթը, այլեւ կը դրւի փոխհատուցման խնդիր, քանի որ Գերմանիան ունի Թուրքիային պատժելու խնդիր:
«tert.am»-ի հետ զրոյցում կարծիք յայտնեց «Մոդուս վիւենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը:

Յունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի նախագծում ոչ միայն կը լինի «ցեղասպանութեան» եզրոյթը, այլեւ կը դրւի փոխհատուցման խնդիր, քանի որ Գերմանիան ունի Թուրքիային պատժելու խնդիր:
«tert.am»-ի հետ զրոյցում կարծիք յայտնեց «Մոդուս վիւենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը:
«Շատ պարզ խնդիր է լուծում հիմա Գերմանիան, նա Թուրքիային պատժելու խնդիր ունի եւ նաեւ նախադէպ ստեղծելու խնդիր, որն ըստ իս կանի՝ հատուցումների մասին խօսելով: Եթէ սա լինի, ապա շատ մեծ քաղաքական հետեւանքներ կունենայ, որովհետեւ, ի վերջոյ, Գերմանիան Եւրոմիութեան միջուկ երկիր է, տնտեսական լոկոմոտիւը»,- ասաց քաղաքագէտը:
Ըստ նրա՝ հատուցման խնդիր դնելով Գերմանիան կազատւի նաեւ ինչ-ինչ հոգեբանական բարդոյթներից, որը քաղաքագէտը ձեւակերպեց հետեւեալ կերպ, որ դրանով Գերմանիան «Հոլոկոստի հետ կապւած ինչ-ինչ հոգեբանական խնդիր է լուծում»:
«Ես կարծում եմ, որ գործօններից մէկը, որ բանաձեւը նման աջակցութիւն ունի, պայմանաւորւած է նրանով, որ սա ընդունելով Գերմանիան հրեաներին է «մեսիջ» ուղարկում, որ բացառիկ չէք»,- աւելացրեց Արա Պապեանը:
Քաղաքագէտը կարեւոր հանգամանք է համարում նաեւ այն, որ եթէ այս պահին բանաձեւը պաշտպանած 4 խմբակցութիւնների մօտ տարաձայնութիւններ կան ձեւակերպումների առումով, ապա բուն «ցեղասպանութիւն» բառը ոչ ոք չի վիճարկում:
«Մենք պէտք է յիշեցնենք՝ մօտ տասը տարի առաջ այդ բառը չկար, բայց նկարագրական մասում ցեղասպանութիւն յանցագործութեան նկարագրութիւնն էր»,- յիշեցրեց քաղաքագէտը:
Արա Պապեանը նշեց, որ այս հարցում իր լաւատեսութիւնը, ի տարբերութիւն թուրքագէտների, կար դեռ ամիսներ առաջ: Ասաց, որ թուրքագէտները հարցին մօտենում են թուրքագիտական տեսակէտից՝ կարդալով նաեւ ահռելի քանակութեամբ թուրքական մամուլ:
Արա Պապեանը, լաւատես է մնում, իհարկէ, կարդալով հրապարակումներն, այն մասին, որ բանաձեւը բաւականին կոշտ դիմադրութեան է արժանանում, ընդհուպ մինչեւ մահւան սպառնալիքներ են հնչում գերմանացի պատգամաւորների հասցէին: Ինչ վերաբերում է Գերմանիայում բնակւող թուրքերի գործօնին, ապա Արա Պապեանը ասում է, որ որքան էլ թուրքական զանգւածը Գերմանիայում ստւար լինի, նախ, գոնէ, այս պահին շատ աւելի պակաս է, քան բուն գերմանական զանգւածը, եւ երկրորդը՝ թուրքական այդ զանգւածում զգալի թիւ են կազմում ալեւիները, քրդերը մի կողմից, եւ միւս կողմից՝ ոչ բոլոր թուրքերն են, որ, ըստ նրա՝ դէմ են բանաձեւի ընդունմանը:
Նշենք, որ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը լրատւամիջոցներից մէկին ասել էր, որ Հայոց Ցեղասպանութեան հարցում Գերմանիան մասնակի պատասխանատու լինելով՝ այդ առիթը պէտք է օգտագործի՝ պատմութեան սեւ էջերից ամբողջութեամբ ազատւելու համար:
Արա Պապեանը կարծում է, որ, ամէն դէպքում, Գերմանիայի մեղսակցութիւնն այնքանով է, որքանով այս երկու երկրները Առաջին Աշխարհամարտի տարիներին պաշտօնապէս եղել են դաշնակիցներ: Ինչպէս նաեւ այն, որ գերմանական բանակի մօտ 15 հազար սպաներ այդ տարիներին ծառայել են թուրքական բանակում, բայց նրանցից ոչ մէկի՝ սպանութիւնների մասնակցութեան մասին, ըստ Արա Պապեանի, վկայութիւններ չկան:
«Գերմանիան մեղադրւում է այն հարցում, որ ունենալով կանխելու հնարաւորութիւն, դա չի արել: Թէեւ, դա էլ մի քիչ կասկածելի է՝ ունէ՞ր նման հնարաւորութիւն, որովհետեւ, մենք գիտենք, որ Գերմանիայի դիրքորոշումն այն է եղել, որ հայերին կոտորում են, Թուրքիան մեզ համար կարեւոր է, յարաբերութիւններ չպէտք է փչացնենք: Այսօր էլ շատ երկրներ նոյն բանն են ասում, որ Ադրբեջանը մեղաւոր է, բայց մենք չենք կարող յանուն արդարութեան ինչ-որ շահեր ստորադասել»,- աւելացրեց քաղաքագէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։