Հա

Օրակարգ

12/06/2016 - 12:20

Թուրքիային ուղղւած մեսիջը յստակ է, եւ յետդարձի ճանապարհ չունի

Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցութեան՝ թուրքական արմատներ ունեցող պատգամաւոր Ջեմ Օզդեմիրին ուղղւած բազմաթիւ սպառնալիքներ ու վիրաւորանքներ հնչեցին Թուրքիայում, այդ թւում նաեւ՝ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից:

Ջեմ Օզդեմիրի հարցազրոյցն «Ակօս»-ին


Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցութեան՝ թուրքական արմատներ ունեցող պատգամաւոր Ջեմ Օզդեմիրին ուղղւած բազմաթիւ սպառնալիքներ ու վիրաւորանքներ հնչեցին Թուրքիայում, այդ թւում նաեւ՝ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից:
«Ակօս»-ն Օզդեմիրի հետ զրուցել է յունիսի 2-ից յետոյ տեղի ունեցած զարգացումների մասին:
Անդրադառնալով իր հասցէին հնչող սպառնալիքներին ու վիրաւորանքներին՝ պատգամաւորն ասել է. «Ասում են չէ՞ «չկայ չարիք՝ առանց բարիքի»: Քաղաքացիութիւնից զրկելուց սկսած, արեան տեստ յանձնելուց վերջացրած օրէցօր աւելի աբսուրդային դարձող կոչերը, վիրաւորանքներն ու արձագանգը ցեղասպանութեան վճիռն ու այդ ցեղասպանութեան մէջ Գերմանիայի պատասխանատւութեան հարցն աւելի քննարկւող դարձրին»:
Նա յիշեցրել է, որ Գերմանիայի խորհրդարանի որոշմանը կողմ են եղել ներկայացւած բոլոր կուսակցութիւնները:
«Որպէս ազատ ու ժողովրդավարական երկրի՝ իրաւունքի ու խղճի համաձայն գործող ներկայացուցիչներ՝ իրենց կամարտայայտութիւնն արեցին՝ առանց այլ երկրի քմահաճոյքները կամ ճնշումները հաշւի առնելու: Խորհրդարանի ղեկավար Նորբերտ Լամերտի գլխաւորութեամբ բոլոր կուսակցութիւնները քաղաքական տարաձայնութիւնները մի կողմ դրեցին՝ յստակ «մեսիջ» յղելով, որ Գերմանիայի խորհրդարանն առանց քաշւելու կը քննարկի ցանկացած հարց: Հասարակութիւնից ստացւող դրական արձագանգն էլ կարեւոր ապացոյցն է այն բանի, որ այդ ձայնն արձագանգ է ստացել»,- ասել է նա՝ նշելով, որ անձամբ կանցլեր Անգելլա Մերկէլից է՛լ աւելի ուժեղ կեցւածք, սպառնալիքներին ու վիրաւորանքներին աւելի կոշտ արձագանգ էր ակնկալում:
Պատասխանելով հարցին, թէ իրենց դէմ սկսւած արշաւն ինչպէ՞ս է գնահատում՝ Օզդեմիրն ասել է, որ իրենց համար նորութիւն էր Էրդողանի ու մամուլի կողմից կազմակերպւած ձեւով իրենց թիրախ դարձնելը:
«Որպէս քաղաքական գործիչ, եթէ անգամ երբեմն վշտացնի, քննադատութիւն լսելը մեր գործի բնոյթն է: Բայց, իհարկէ, առօրեայ գործունէութիւնն ու կեանքը մահւան սպառնալիքների պատճառով փոխելը հաճելի չէ: Եթէ մահւան սպառնալիքներն ու վիրաւորանքները մի կողմ թողնենք, մենք՝ գերմանացի խորհրդարանականներս, ի տարբերութիւն Թուրքիայի մեր գործընկերների, միայն ու միայն մեր մտածածն արտայայտելու համար ո՛չ ձերբակալւում ենք, ո՛չ էլ անձեռնմխելիութիւնից զրկւում: Ոչ էլ Հրանտ Դինքի ու բազմաթիւ խիզախ մարդկանց հետ պատահածի նման փողոցի մէջտեղում սպանւում ենք: Իրականում յարգանքի են արժանի հէնց նրանք, որոնք այդ դժւար պայմաններում են պայքարը շարունակում»,- ասել է նա:
Օզդեմիրը խօսել է նաեւ Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան մասին խօսելու տաբուների մասին:
«Տեղի ունեցածի մասին չի խօսւել, ժխտողականութեան պնդումը ոչ միայն հայերին, այլեւ այդ տարածքում ապրող շատ ազգերի խոչընդոտել է խօսել իրենց ցաւերի մասին: Հիմա տեսնում եմ, որ այդ հարցում գիտելիքի մեծ բաց կայ»,- ասել է նա:
Խօսելով Հայոց Ցեղասպանութեան հարցում Գերմանիայի դերակատարութեան մասին՝ Օզդեմիրն ասել է. «Աւելի վաղ շատ խորհրդարաններ նման որոշումներ են կայացրել: Գերմանիայի խորհրդարանի որոշումը, սակայն, բոլորովին այլ նշանակութիւն ունի: Մենք, որպէս Գերմանիայի խորհրդարան, նշում ենք, որ այն ժամանակւայ Գերմանիան դիւանագէտներից ու միսիոներներից ստացած տւեալներից գիտէր, որ հայերը կազմակերպւած տեղահանութեան ու կոտորածների են ենթարկւում, սակայն չի փորձել կանխել մարդկութեան դէմ յանցագործութիւնը»:
Օզդեմիրն ընդգծել է, որ Գերմանիան առերեսւում է իր պատմութեանը, բայց դրանով ո՛չ ներկայ Թուրքիային է մեղադրում, ո՛չ էլ Գերմանիային:
«Աւելին, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համար հնարաւոր ամէն ջանք գործադրելու պատասխանատւութիւնն ենք ստանձնում»,- ասել է նա:
Թուրքական արմատներով պատգամաւորը նշել է, որ այսուհետեւ ժխտման քաղաքականութիւնն անիմաստ է:
«Մեսիջը յստակ է՝ տեսէք, մենք ձեզ հետ էինք: Մենք մեր պատասխանատւութիւնն ընդունում ենք, մեր պատմութեան մի մասը դարձած այդ ցաւին առերեսւել ենք ուզում: Եկէ՛ք միասին դա անենք: Վստահ եմ, որ դա Թուրքիայում էլ է արձագանգ գտնելու, եւ Թուրքիայում ու Հայաստանում դրա համար պայքարող քաղաքացիական հասարակութիւններին աւելի է ուժեղացնելու: Յետդարձի ճանապարհ չկայ»,- եզրափակել է նա:

«tert.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։