Հա

Օրակարգ

18/06/2016

Շաւարշ Քոչարեան.- «Ռուսաստանը ցանկանում է ԼՂ-ի կարգաւորման առաջատարի դիրքը գրաւել»

«Այս ամբողջ ժամանակահատւածում բանակցային գործընթացի անարդիւնաւէտութիւնը պայմանաւորւած է նրանով, որ Ադրբեջանն օգտագործում է բանակցային գործընթացը՝ որպէս քող՝ ընդամենը իր զինւած ուժերը զինտեխնիկայով համալրելու, ուժային քաղաքականութիւնը շարունակելու համար: Այդ բոլորը շատ յստակ է, այն ինչ-որ յստակ է երկու հայկական կողմերի համար, կարծում եմ, որ յստակ է նաեւ միջազգային հանրութեան համար»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը:

Յունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շաւարշ Քոչարեանը, խօսելով առաջիկայում նախատեսւած Պուտին-Սարգսեան-Ալիեւ եռակողմ հանդիպման մասին եւ պատասխանելով հարցին, թէ ինչո՞ւ է ԵԱՀԿ-ի մասնակցութիւնը պասիւ այդ հանդիպմանը, ասաց, որ բազմաթիւ են եղել հանդիպումներ, որոնցում ԵԱՀԿ-ն չի ներգրաււել, թէեւ որոշակի տրամաբանութիւն կայ, որ պէտք է ներկայացուցիչը լինի՝ կապւած այն հանգամանքի հետ, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահը Գերմանիան է, եւ նրա ակտիւ ջանքերով ԵԱՀԿ-ն ներկայացրել է կոնկրետ փաստաթղթեր՝ քննարկման համար: Ըստ փոխնախարարի՝ երեւի թէ փաստաթղթերի քննարկումն այն փուլում չէ, որ ԵԱՀԿ-ն ներգրաււի գործընթացում:
«Այս պահին ունենք ինֆորմացիա, որ այդ հանդիպմանը մասնակցելու է Վորլիքը, իսկ Ֆրանսիայի համանախագահի մասնակցութեան առումով ինֆորմացիա չունենք»,- ասաց Շաւարշ Քոչարեանը:
Պատասխանելով «yerkir.am»-ի հարցին, թէ ինչո՞վ է բացատրւում Ռուսաստանի ակտիւ մասնակցութիւնը ԼՂ-ի կարգաւորմանն ուղղւած տարբեր ձեւաչափերով հանդիպումների կազմակերպմանը, յատկապէս՝ ապրիլեան ռազմական բախումներից յետոյ, նա նշեց. «Դժւար է ասել, ամբողջ այս գործընթացում պարբերաբար համանախագահներից որեւէ մէկը ձեր ասած առաջատար դիրքն է գրաւել, այսինքն՝ աւելի նախաձեռնող է եղել: Ժամանակին դա եղել է Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը՝ Մեդւեդեւի նախագահութեան օրօք: Ներկայում պատահական չէ այդ տպաւորութիւնը, որ Ռուսաստանը ցանկանում է այդ առաջատարի դիրքը գրաւել, սակայն, յամենայնդէպս մինչ այսօր այդպիսի քայլերը եղել են համաձայնեցւած բոլոր երեքի միջեւ, եւ եթէ այդպիսի իրավիճակը չլինի լիարժէք համաձայնեցւած, ապա դա որեւէ ձեւով չի նպաստի բուն բանակցային գործընթացի առաջընթացին»:
Պատասխանելով հարցին, թէ օրեր առաջ Պոպովը չէր բացառել իրաւական պարտադիր փաստաթղթի շրջանառութեան հնարաւորութիւնը, Շաւարշ Քոչարեանն ասաց. «Այս պարագայում կայ մի փաստաթուղթ, որը դրւած է, որպէս հիմք, բանակցութիւնների համար, այն երեք կողմերից միայն երկուսն են ընդունել, դա մադրիդեան փաստաթուղթն է: Որեւէ այլ փաստաթուղթ, որին կողմերը տւել են համաձայնութիւն, գոյութիւն չունի: Վերջին փաստաթուղթը, որը լուրջ քննարկւել է, եւ որը Ադրբեջանը տապալեց՝ բազմաթիւ առաջարկութիւններ անելով, դա Կազանն է, ու վերջ»:
Նա նշեց, որ ընթացքում ցանկացած կողմը կարող է ցանկացած առաջարկութիւն անել, միջնորդները կարող են ցանկացած առաջարկութիւն անել, բայց այդ բոլորը չի նշանակում, որ եթէ որեւէ մէկը մի բան է առաջարկում, դրանով հարցը լուծւեց: Ըստ Քոչարեանի՝ պէտք է հաշւի առնել, որ գործ ունես մի սուբիեկտի հետ, որն իր իսկ ստորագրած փաստաթուղթը կարող է մերժել, հակառակ դրա գործել, նոյնիսկ յետոյ փորձել քայլեր կատարել այդ փաստաթուղթը չեղարկելու համար:
«Այս ամբողջ ժամանակահատւածում բանակցային գործընթացի անարդիւնաւէտութիւնը պայմանաւորւած է նրանով, որ Ադրբեջանն օգտագործում է բանակցային գործընթացը՝ որպէս քող՝ ընդամենը իր զինւած ուժերը զինտեխնիկայով համալրելու, ուժային քաղաքականութիւնը շարունակելու համար: Այդ բոլորը շատ յստակ է, այն ինչ-որ յստակ է երկու հայկական կողմերի համար, կարծում եմ, որ յստակ է նաեւ միջազգային հանրութեան համար»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը:
Պատասխանելով «yerkir.am»-ի հարցին, թէ ինչպէ՞ս կը մեկնաբանի ՌԴ-ի պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուի այն յայտարարութիւնը, թէ Ռուսաստանը խորացնելու է ռազմա-քաղաքական համագործակցութիւնը Ադրբեջանի հետ, Շաւարշ Քոչարեանը նշեց. «Այդ բոլոր յայտարարութիւններին պէտք է ուշի ուշով հետեւենք, ընդունենք ի գիտութիւն եւ միշտ պէտք է երկու հանգամանք հաշւի առնենք՝ առաջինը՝ անվտանգութեան պաշտպանութեան հարցերում մենք մեր յոյսը առաջին հերթին պէտք է դնենք մեզ վրայ, երկրորդ՝ համագործակցութիւնը տարբեր պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների հետ նպաստում է, որ այդ հնարաւոր սպառնալիքը հնարաւորինս չէզոքանայ: Այդ համատեքստում է նաեւ մեր համագործակցութիւնը Ռուսաստանի հետ, ոչ աւելի, որովհետեւ եթէ մեծ սպասելիքներ կան, որ Ռուսաստանը կը գայ, մեր փոխարէն մեր անվտանգութեան խնդիրները կը լուծի, կոպիտ սխալ է, դրանից յետոյ կարող է հիասթափութիւն լինել»:
Շաւարշ Քոչարեանը շեշտեց, որ ցանկացած երկիր ելնում է իր շահերից, եւ որտեղ երկու պետութիւնների շահերը համընկնում են, այդտեղ դու ունես լիարժէք համագործակցութիւն: Ինչ վերաբերում է հարցին, թէ այս շրջանում չե՞ն համընկնում ՀՀ-Ռուսաստան շահերը, նա պատասխանեց. «Մենք մեր շահերը լաւ գիտենք, Ռուսաստանն էլ իր շահերը գիտի, եւ մենք պէտք է միշտ յստակ գիտակցենք, թէ որտեղ է այն եզրը, որտեղ կար շահերի համընկնում: Միւս կողմից՝ շատ կոպիտ սխալ կը լինէր, երբ այն մարդիկ, ովքեր աւելի մեծ սպասելիքներ ունէին Ռուսաստանից, հիմա մտնեն այլ ծայրայեղութեան մէջ եւ փորձեն Ռուսաստանին դարձնել մեզ թշնամի, դա կը լինի ամենամեծ սխալը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։