Հա

Օրակարգ

20/06/2016 - 12:40

Ադրբեջանը դիմում է պատերազմի սադրանքի

Ադրբեջանի բանակը յունիսի 19-24-ը լայնամասշտաբ օպերատիւ-տակտիկական զօրավարժութիւններ է սկսել՝ զօրքերի ղեկավար մարմինների, զօրամիաւորումների, զօրամասերի մասնակցութեամբ: Զօրավարժութիւններն անցկացւում են հայ-ադրբեջանական շփման գծի մերձակայ եւ Նախիջեւանում գործող հրաձգարաններում եւ Կասպից ծովում:

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ


Ադրբեջանի բանակը յունիսի 19-24-ը լայնամասշտաբ օպերատիւ-տակտիկական զօրավարժութիւններ է սկսել՝ զօրքերի ղեկավար մարմինների, զօրամիաւորումների, զօրամասերի մասնակցութեամբ: Զօրավարժութիւններն անցկացւում են հայ-ադրբեջանական շփման գծի մերձակայ եւ Նախիջեւանում գործող հրաձգարաններում եւ Կասպից ծովում:
Թէեւ զօրավարժութիւնները ներկայացւում են որպէս պլանային, սակայն մի քանի հանգամանքներ փաստում են, որ յատկապէս այս օրերին զօրավարժութիւնների անցկացումը ոչ թէ զուտ ներբանակային միջոցառում է, այլ փորձ է արւում դրան տալ ընդգծւած ռազմա-քաղաքական նշանակութիւն:
Առաջին՝ զօրավարժութիւնների սկսման օր է ընտրւել յունիսի 19-ը: Այդ օրն աւարտւում է Բաքւում անցկացւող «Ֆորմուլա 1» եւրոպական «Գրան պրի»-ի աւտոմրցարշաւը, այսինքն՝ Ադրբեջանը դուրս է գալիս, դրանով պայմանաւորւած, միջազգային հանրութեան ուշադրութեան առանցքից:
Երկրորդ՝ բանակի ղեկավարութեան՝ ընդլայնւած կազմով խորհրդակցութիւնն անցկացւեց, ապա նաեւ զօրավարժութիւն անցկացնելու մասին յայտարարւեց միայն Մոսկւայից Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի վերադառնալուց յետոյ: Հասանովը Մոսկւա էր մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ-ի պաշտպանութեան նախարարների հանդիպմանը: Այցի շրջանակում նա հանդիպում էր ունեցել իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ-ի պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուի հետ, որի ընթացքում վերջինս, ըստ ադրբեջանական աղբիւրների, ասել էր, թէ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմա-տեխնիկական համագործակցութիւնը ռազմավարական նշանակութիւն ունի:
Երրորդ՝ զօրավարժութիւնները սկսւել են Սանկտ Պետերբուրգում յունիսի 20-ին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնութեամբ կայանալիք՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների եռակողմ հանդիպման նախօրէին եւ ընթանալու է այդ գագաթաժողովին յաջորդող մի քանի օրերին: Այս իմաստով զօրավարժութիւնների մեկնարկի օրը չի կարող պատահական ընտրւած լինել:
Թէ՛ դիւանագիտական, թէ՛ քաղաքական եւ թէ՛ հոգեբանական առումներով՝ նման առանցքային բանակցութիւններից առաջ կամ դրանց ընթացքում զօրավարժութիւնների անցկացումը ոչ միայն ապակառուցողական քայլ կամ ժեստ է, այլեւ կոպիտ սադրանք: Սանկտպետերբուրգեան բանակցութիւններից մէկ օր առաջ հայադրբեջանական շփման գծի մօտակայքում եւ Նախիջեւանում մասշտաբային զօրավարժութիւններ անցկացնելու քայլն այլ բան չէ, քան ուժի ցուցադրութիւն եւ պատերազմի վերսկըսման սպառնալիքի ստեղծում: Բայց հարցն այն է՝ ինչո՞ւ է Բաքուն գնում դրան:
Այն բանից յետոյ, երբ ՌԴ-ի նախագահի օգնական Դմիտրի Ուշակովը հաստատեց, որ Սանկտ Պետերբուրգում կայանալու է նախագահների հանդիպումը, ԵԱՀԿ-ն պաշտօնապէս յայտարարեց, որ այդ գագաթաժողովի հրաւիրման հետ ինքը որեւէ կապ չունի, որ դա բացառապէս Մոսկւայի նախաձեռնութիւնն է, եւ որ ԵԱՀԿ-ն դրա համար որեւէ պատասխանատւութիւն չի կրում: Այլ կերպ ասած՝ ԵԱՀԿ-ն անուղղակիօրէն հասկացրեց, որ այդ հանդիպումը ոչ միայն դուրս է Վիեննայում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների տրամաբանութիւնից, այլեւ կարող է սկզբունքօրէն հակասել դրան, քանի որ շեշտը դրւում է ԼՂ-ի հիմնահարցի համապարփակ կարգաւորմանն ուղղւած բանակցութիւնների վրայ՝ շրջանցելով փաստը, որ նախ պէտք է լուծւէր հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղւած մեխանիզմների տեղակայման հարցը: ԵԱՀԿ-ն հասկացնում էր, որ Մոսկւան իր այս նախաձեռնութեամբ ուղղակի օրակարգից ուզում է հանել պատերազմի դիմելու՝ Ադրբեջանի վրայ Վիեննայում դրւած արգելքները:
Այս իրողութիւնն անուղղակիօրէն հաստատել է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջէյմզ Վորլիքը, ով ասել է, որ ինքը մասնակցելու է սանկտպետերբուրգեան հանդիպմանը եւ որ, իրենք յոյս ունեն (ուշադրութիւն դարձնենք), «որ կողմերը հանրագումարի կը բերեն միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի իրականացման մասին՝ ԵԱՀԿ-ի կողմից առաջ քաշւած պայմանաւորւածութիւնը եւ կը վերականգնեն բազմակողմանի խաղաղ համաձայնութեան գծով բանակցութիւնները»: Վորլիքը, փաստօրէն, դիւանագիտական լեզւով ասում է, որ սանկտպետերբուրգեան բանակցութիւններին մասնակցելու է, որպէսզի այն մնայ վիեննական գործընթացի տրամաբանութեան մէջ, եւ բուն հակամարտութեան կարգաւորման հարցով սեպարատ համաձայնութիւններ չլինեն, կամ՝ աւելի պարզ ասած՝ որպէսզի Պուտինը կողմերին կամ նրանցից մէկին լուծումներ չպարտադրի:
Եթէ նկատի ունենանք, որ նման մեկնաբանութեամբ ԵԱՀԿ-ն փաստացի դնում է Ադրբեջանի նկատմամբ վիեննական «սահմանափակումները» կամ հրադադարին հաւատարիմ լինելուն պարտադրելու հարցը, ապա լիովին հասկանալի է դառնում, թէ ինչո՞ւ է Բաքուն որոշել սանկտպետերբուրգեան հանդիպումից առաջ ոչ միայն «մկաններ ցուցադրել», այլեւ ղարաբա-ադրբեջանական շփման գծին զօրավարժութիւնների անւան տակ մարդուժ եւ զինտեխնիկա կենտրոնացնել: Ադրբեջանը սպառնում է պատերազմի վերսկսմամբ, եւ այդ սպառնալիքն ուղղւած է ինչպէս Հայաստանին, այնպէս էլ միջազգային հանրութեանը: Բաքուն հասկացնում է, որ պատրաստ է վերջնականապէս վիժեցնել հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղւած մեխանիզմների տեղակայումը, այսինքն՝ մեծ հաշւով տապալել Վիեննայի պայմանաւորւածութիւնների կատարումը: Ակնյայտ է, որ եթէ Բաքուն չունենար վիեննական գործընթացի մասնակից միջնորդներից գոնէ մէկի աջակցութիւնը, երբեք նման շանտաժի չէր համարձակւի գնալ:
Այս իմաստով՝ սանկտպետերբուրգեան բանակցութիւնները, կարծես, ստեղծում են իսկապէս պայթիւնավտանգ իրավիճակ՝ նոր, աւելի մասշտաբային ռազմական գործողութիւնների պատճառ դառնալու առումով: Սա նշանակում է, որ ՀՀ զինւած ուժերը եւ հասարակութիւնը պէտք է պատրաստ լինեն իրադարձութիւնների ցանկացած, նոյնիսկ ամենահոռետեսական ուղղութեամբ շրջադարձի: Միակ բանը, որ այս պահին, թերեւս, պէտք է անի պաշտօնական Երեւանը, ՀՀ ԱԳՆ-ի մակարդակով Ադրբեջանում սկսւող զօրավարժութիւնների անցկացման փաստը դատապարտող եւ այն որպէս խաղաղ կարգաւորման գործընթացը տապալելու փորձ ներկայացնելն է: Բայց ԱԳՆ-ն, կարծես, չի շտապում:

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

  • «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»
    «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»

    Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: 

    Թերթը գրում է, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն օրերս Բելառուսիայում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։