Հա

Օրակարգ

21/06/2016 - 12:50

Էդւարդ Նալբանդեան.- «Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բաւական օգտակար էր»

Սանկտ Պետերբուրգում, յունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակութիւնն էր, որի ընթացքում կարեւոր պայմանաւորւածութիւններ էին ձեռք բերւել:
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից յետոյ լրագրողների հետ զրոյցում նման կարծիք է յայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը:

Սանկտ Պետերբուրգում, յունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակութիւնն էր, որի ընթացքում կարեւոր պայմանաւորւածութիւններ էին ձեռք բերւել:
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից յետոյ լրագրողների հետ զրոյցում նման կարծիք է յայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը:
«Այդ պայմանաւորւածութիւնների համաձայն՝ պէտք է պայմաններ ստեղծւէին բանակցային գործընթացը վերսկսելու համար: Վիեննայում եռանախագահող երկրների նախարարների մակարդակով յայտարարութիւն արւեց, որում արտացոլւած էին այն պայմանաւորւածութիւններն ու յանձնառութիւնները, որ կողմերը վերցրել էին. առաջին հերթին կարգաւորում բացառապէս խաղաղ ճանապարհով, նաեւ՝ 94-95 թւականների եռակողմ անժամկէտ զինադադարի համաձայնագրերի յարգում: Դրա կարեւորութեան մասին յատուկ շեշտեցին եռանախագահող երկրների նախարարները, ընդգծեցին նաեւ հրադադարի խախտման հետաքննութեան մեխանիզմների ստեղծումը, որով կը փաստւեն միջադէպերը ինչպէս հայ-ադրբեջանական սահմանին, այնպէս էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպէս նաեւ ԵԱՀԿ-ի թիմի կարողութիւնների ընդլայնման մասին խօսք գնաց»,- նշեց նախարարը:
Նալբանդեանը յիշեցրեց՝ յետոյ կայացան արտգործնախարարների հանդիպումներ Բրիւսէլում եւ Փարիզում, որտեղ եռանախագահող երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջարկները այստեղ խօսքը յատկապէս երկու առաջարկութիւններին է վերաբերում՝ հետաքննութեան մեխանիզմների ստեղծում եւ ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցչի՝ դիտարկում իրականացնող թիմի ընդլայնում:
«Հայկական կողմն աշխատում է եռանախագահողների հետ այդ երկու առաջարկութիւնների վրայ: Ցաւօք, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մինչ այսօր այդքան կառուցողական մօտեցում չէր ցուցաբերում այս հարցի վերաբերեալ: Իրենք ԵԱՀԿ-ի ֆինանսական ու բիւջետային յանձնաժողովում խոչընդոտեցին մշտական ներկայացուցչի դիտորդական խմբի ընդլայնման ֆինանսաւորմանը: Իսկ այսօր հանդիպմանը նախագահների մակարդակով եւս մէկ անգամ վերահաստատւեց, որ խումբը պէտք է ընդլայնւի, եւ դրա մասին նշւեց նաեւ նախագահների համատեղ յայտարարութիւնում»,- փաստեց ՀՀ ԱԳ նախարարը:
Այդուհանդերձ, խնդիրը մնում է նշւած մեխանիզմները կեանքի կոչելու մակարդակում, քանի որ դրանց մասին առաջին անգամ չէր, որ խօսւում էր: Նման մեխանիզմների ստեղծման վերաբերեալ կողմերը պայմանաւորւել էին առնւազն երկու անգամ նախագահների մակարդակով դեռ Սոչիում՝ 2011-2012 թթ.-ին: Արդիւնքում կրկին նոյն բանն էր պատահել. ամէն անգամ Ադրբեջանը փորձել էր յետքայլ կատարել:
«Բացի այդ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ այս ժամանակահատւածում ադրբեջանական կողմը տարբեր, չէի ասի, որ կառուցողական, յայտարարութիւններով է հանդէս եկել: Նաեւ, յունիսի 19-ին եւ գագաթաժողովի օրերին Ադրբեջանը լայնածաւալ զինավարժութիւններ է անցկացնում՝ 25 հազար զինւորների, ծանր զինատեսակների, սպառազինութեան ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մօտեցում է այսպիսի գագաթաժողովներից առաջ եւ դրանց ընթացքում»,- յաւելեց Նալբանդեանը:
Հայաստանի արտաքին գերատեսչութեան ղեկավարի ասութեամբ՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բաւական օգտակար էր:
«Որոշակի զգուշաւորութեամբ, սակայն, կարող եմ ասել, որ նաեւ կառուցողական մթնոլորտում էր: Որոշ հարցերի շուրջ նախագահներն այն ըմբռնման եկան, որ եթէ այդ հարցերի շուրջ պայմանաւորւածութիւն լինի, ապա հնարաւոր կը լինի բանակցային գործընթացն առաջ շարժել՝ դէպի հիմնախնդրի կարգաւորման առաջընթաց: Այս մասին նաեւ նշւած է յայտարարութեան մէջ, որն ընդունւել է նախագահների կողմից հանդիպման արդիւնքում: Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել շարունակել հանդիպումները նախարարների, նախագահների մակարդակով, նաեւ՝ այս ամբողջ գործընթացն ընթանալու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափում: Պատահական չէր, որ նախագահների հանդիպման եզրափակչի մասին եռանախագահող երկրների դեսպանները հրաւիրւեցին մասնակցելու: Բացի այդ, ՀՀ նախագահն առանձին հանդիպում ունեցաւ եռանախագահների՝ ներկայացնելով մեր տպաւորութիւններն այս գագաթաժողովի արդիւնքներից»,- եզրափակեց նա:

«armenpress.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։