Հա

Օրակարգ

28/06/2016

Թուրքիան փորձում է շտկել իրավիճակը

Պաշտօնական Կրեմլը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը նամակ է յղել ՌԴ-ի նախագահ Պուտինին, որտեղ ցաւակցութիւն է յայտնել թուրք-սիրիական սահմանին ռուսական ռմբակոծիչի խոցման, եւ օդաչուի մահւան կապակցութեամբ եւ օգտագործել ներողութիւն բառը:
Նախօրէին, Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմն էլ յայտարարել էր թուրք-իսրայէլական յարաբերութիւնների վերջնական կարգաւորման մասին, որը հաստատել էին նաեւ իսրայէլական կողմի դիւանագիտական աղբիւրները:

Հայաստանի վերադիրքաւորւելու անհրաժեշտութիւնը

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Պաշտօնական Կրեմլը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը նամակ է յղել ՌԴ-ի նախագահ Պուտինին, որտեղ ցաւակցութիւն է յայտնել թուրք-սիրիական սահմանին ռուսական ռմբակոծիչի խոցման, եւ օդաչուի մահւան կապակցութեամբ եւ օգտագործել ներողութիւն բառը:
Նախօրէին, Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմն էլ յայտարարել էր թուրք-իսրայէլական յարաբերութիւնների վերջնական կարգաւորման մասին, որը հաստատել էին նաեւ իսրայէլական կողմի դիւանագիտական աղբիւրները:
Վերջին շրջանում, պաշտօնական Անկարայի մօտ նկատւող դիւանագիտական այս ակտիւ նախաձեռնողականութիւնն ակնյայտօրէն վկայում է այն մասին, որ թուրքական իշխանութիւնները փորձում են շտկել արտաքին քաղաքականութեան ոլորտում նկատւող տեւական տեղատւութիւնը՝ Թուրքիային հանելով արդէն իսկ աչք ծակող դիւանագիտական մեկուսացումից:
Էրդողանեան իշխանութիւնների դիւանագիտական այս նախաձեռնողականութիւնը կարեւորւում է յատկապէս, եթէ, այն դիտարկում ենք տարբեր տրամաչափի եւ նշանակութեան արտաքին, թէ ներքին այն մարտահրաւէրների ֆոնին, որոնց այսօր դէմ-յանդիման է կանգնած Թուրքիան:
Անշուշտ այն առաջին հերթին թուրքական իշխանութիւնների կողմից փորձ է պահպանելու սեփական փխրուն դիրքերը տարածաշրջանային անկայուն ստատուս քւոյի պայմաններում, ապահովել թիկունքը՝ Եւրոմիութեան հետ օրըստօրէ աւելի լարւող յարաբերութիւններում, եւ որոշակիօրէն վերականգնել քրդական հարցի ու Դաւութօղլուի սկանդալային պաշտօնանկութեան արդիւնքում տապալւած սեփական իմիջը:
Ռուս-թուրքական յարաբերութիւնները սկանաւորող փորձագէտների կարծիքով՝ իրականում, եթէ հաշւի առնենք ռազմավարական այն նշանակութիւնը, որ ունեն այս յարաբերութիւնները երկու մայրաքաղաքների համար, ապա, երկու երկրների յարաբերութիւններում նման զարգացումը վաղ, թէ ուշ կանխատեսելի էր: Կասկածից վեր է, որ Անկարայի այս նախաձեռնողականութեանը պաշտօնական Մոսկւայի արձագանգը ուշացնել չի տայ՝ ազդարարելով ռուս-թուրքական յարաբերութիւնների բարեկամական նոր փուլի մեկնարկը:
Ռուս-թուրքական յարաբերութիւնների այս նոր իրադրութեան համատեքստում կարեւոր է այն հանգամանքը, որ այն անմիջականօրէն ազդելու է Հարաւային Կովկասի վրայ, որից անմասն չի կարող մնալ նաեւ Հայաստանը:
Պատմական յիշողութիւնը հայկական կողմին ստափութեան կոչ է անում: Ռուս-թուրքական յարաբերութիւնների ոչ սրացումից, ոչ առաւել եւս մերձեցումից երբեւէ չի շահել Հայաստանը:
Կայ պարզ մի ճշմարտութիւն. Անկարա-Մոսկւա դուէտի ակտիւացումը մշտապէս ակցանում է Երեւանին՝ Հայաստանին իջեցնելով փոքրիկ խաղաքարի մակարդակի, որն օգտագործւում է Ռուսաստանի կողմից՝ հարաւկովկասեան տարածաշրջանում յարաբերութիւններ պարզելու համար:
Սա իհարկէ մեդալիոնի ընդամենը մի կողմն է: Դրականը կարող է լինել այն, որ ռուս-թուրքական յարաբերութիւններում նկատւող կնճիռների որոշակի յարդեցումը կարող է միանգամից երկրորդ-երրորդական պլան մղել պաշտօնական Կրեմլի կողմից Բաքւին Անկարայից ամէն գնով պոկելու, եւ սեփական ազդեցութեան ուղեծրում ներքաշելու փորձերը, որը վերջին շրջանում արւում էր յատկապէս Հայաստանի ռազմավարական շահերի հաշւին:
Փաստ է, որ ռուս-թուրքական յարաբերութիւնների սցենարային նոր իրադրութեան ցանկացած զարգացումը բաւական լուրջ մարտահրաւէրներ է առաջադրում Հայաստանին, որոնք տարածաշրջանային յարաբերութիւններում առաջացնում են պաշտօնական Երեւանի դիւանագիտական նախաձեռնողականութեան ցուցաբերման եւ վերադիրքաւորւելու անհրաժեշտութիւնը:
Կը հասցնի՞ դա կատարել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնն աւելի արագ, քան սպասւող սցենարային ցանկացած զարգացման տրամաբանական աւարտը, ցոյց կը տայ ժամանակը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։