Հա

Օրակարգ

02/07/2016

ԼՂՀ-ի ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութիւնը յայտարարութեամբ է հանդէս եկել

Յունիսի 30-ին տեղի է ունեցել ԼՂՀ-ի 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը:
Նիստին ԱԺ-ի «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որը ներկայացրել է խմբակցութեան ղեկաւար Դաւիթ Իշխանեանը:
Յայտարարութիւնը ներկայացնում ենք ստորեւ:

Յունիսի 30-ին տեղի է ունեցել ԼՂՀ-ի 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը:
Նիստին ԱԺ-ի «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որը ներկայացրել է խմբակցութեան ղեկաւար Դաւիթ Իշխանեանը:
Յայտարարութիւնը ներկայացնում ենք ստորեւ:
Յայտարարութիւն
Մէկ տարուց աւել է՝ ինչ իր աշխատանքներն է սկսել ԼՂՀ-ի 6-րդ գումարման ԱԺ-ն:
Անցած մէկ տարւայ ընթացքում մենք առնչւել ենք բազմաթիւ հիմնախնդիրների հետ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, պետական կառավարման համակարգի եւ այլն:
Հաւատարիմ 2015 թւականի նախընտրական քարոզարշաւի սկզբունքներին՝ ԱԺ-ի «Դաշնակցութիւն» խմբակցութիւնն անցած տարւայ ընթացքում փորձեց իր հնարաւորութիւններն ի սպաս դնել օրէնսդրական դաշտի, օրէնսդիրգործադիր յարաբերութիւնների, հասարակութեան հետ մշտական կապի ապահովման, խորհրդարանական դիւանագիտութեան զարգացման եւ այլ ուղղութիւններում տարւող աշխատանքների մէջ:
«Դաշնակցութիւն» խմբակցութեան համար որքանով կարեւոր էր արտաքին ճակատի վրայ տարւող աշխատանքները, անվտանգութեան հիմնախնդիրները, նոյնքանով էլ ընդգծելի էր ներքին կեանքին առնչւող բոլոր հարցերը:
Կարեւոր մի գործընթաց է նաեւ երկրում՝ Սահմանադրական բարեփոխումների իրականացումը եւ պառլամենտական համակարգի արմատաւորումը, որը, մեր գնահատմամբ, իր ազդեցութիւնը կունենայ եւ խթան կը հանդիսանայ Ղարաբաղի հիմնահարցի կարգաւորման վրայ:
Սակայն, խորհրդարանում գործող «Դաշնակցութիւն» խմբակցութեան համար հարցերի հարցը, ինչպէս նախկինում, մնում է Ղարաբաղի չհանգուցալուծւած հիմնախնդիրը՝ իր բոլոր երեւացող ու չերեւացող կողմերով:
Վերջին տարիներին բանակցութիւնների միջոցով Արցախեան հիմնախնդրի լուծումը, Ադրբեջանի յաւակնող առաւելապաշտական պահանջների պատճառով, անընդհատ ձախողւել է:
Հիմնախնդրով զբաղւող եւ տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող որոշ երկրներ ու միջազգային ուժեր տարիներ շարունակ իրենց մօտեցումներով կեղծ հաւասարութեան նշան են դրել կողմերի միջեւ՝ դրանով ոգեւորելով Ադրբեջանի ագրեսիւ նկրտումները:
Այդ գործելաոճը տարիների ընթացքում դարձել է իշխող՝ առանց ԼՂՀ-ի ժողովրդի կարծիքն ու մօտեցումները հաշւի առնելու:
Այդ գործելաոճի արդիւնքում բանակցութիւնների նիւթ են դարձել սկզբունքներ ու ծնւել փաստաթղթեր, որոնք ամբողջապէս անտեսում են Արցախի ժողովրդի իրական ու իրաւական իրաւունքները:
Հէնց այդ ամենի արդիւնքն են ապրիլեան իրադարձութիւնները՝ իրենց բոլոր հետեւանքներով:
Ապրիլեան պատերազմական գործողութիւնների աւարտին եւ երկու նախագահների Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից յետոյ, այսօր թէ՛ միջազգային, թէ՛ հայկական շրջանակներում խօսք է գնում Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման բանակցութիւնների մասին: Տարաբնոյթ ու հակասական տեսակէտները կողմերի դիրքորոշման ձեւակերպումների վերաբերեալ որոշ մտահոգութիւններ են առաջացնում:
Առ այդ ԼՂՀ-ի ԱԺ-ի «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը մէկ անգամ եւս բարձրացնում է եւ վերահաստատում, որ՝
- Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգայնօրէն ճանաչումը շարունակում է մնալ արտաքին ճակատում մեր գործունէութեան անկիւնաքարային հարցերից մէկը: Բանակցութիւնների առկայութիւնը չի կարող արգելք համարւել ԼՂՀ-ի Անկախութեան ճանաչմանը: Ընդհակառակը՝ տարբեր մակարդակի ճանաչման քայլերը կը զսպեն Ադրբեջանին եւ նրան կը մղեն կառուցողական կեցւածք դրսեւորելու: Ուրեմն՝ հարկ է շարունակել ԼՂՀ-ի միջազգայնօրէն ճանաչման խնդրի հետապնդումը:
Որպէս ԼՂՀ-ի անկախութեան ճանաչման եւ անվտանգութեան երաշխիք՝ անհրաժեշտ է, հետամուտ լինել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմա-քաղաքական դաշինքի կնքմանը:
Համախմբել համայն հայութեան ներուժը՝ Արցախեան հիմնախնդիրը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար:
Բանակցային գործընթացում առաջնորդւել Արցախի ժողովրդի 1991 թւականի անկախութեան եւ 2006 թւականի ԼՂՀ-ի Սահմանադրութեամբ ամրագրւած համաժողովրդական հանրաքւէներով արդէն իսկ կայացած կամարտայայտութեամբ:
- Արցախի հարցի լուծման ներկայ փուլում ԼՂՀ-ն դարձնել բանակցային գործընթացի լիիրաւ մասնակից:
Անթոյլատրելի է խօսել հայկական կողմի որեւէ զիջման մասին: Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը կիրառել է իր ինքնորոշման իրաւունքը միջազգային իրաւունքի եւ ԽՍՀՄ-ի Սահմանադրութեան հիման վրայ:
1991-1994 թթ. Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ մղւող պատերազմում Ադրբեջանը նախայարձակ էր: ԼՂՀ-ն պաշտպանեց անվտանգ ապրելու իր իրաւունքը եւ յաջողեց դրանում: Ադրբեջանը պատասխանատու է պատերազմ սկսելու եւ դրա բոլոր հետեւանքների համար:
Ադրբեջանի կողմից 1994-1995 թթ. զինադադարի ռեժիմը խախտելու, չեղեալ համարելու բոլոր ճիգերը պէտք է դատապարտւեն միջազգային հանրութեան կողմից:
Միջազգային հանրութիւնը պէտք է յաւելեալ ճիգեր գործադրի՝ վերսկսելու Արցախ-Ադրբեջան սահմանի երկայնքով զինադադարի պահպանումը:
Միաժամանակ շեշտում ենք, որ ԼՂՀ-ի անվտանգութեան երաշխաւորը, նախեւառաջ, ԼՂՀ-ի Պաշտպանութեան Բանակն է ու հայ զինւորը:

«aparaj.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։