Հա

Օրակարգ

03/07/2016 - 13:00

Ինչ փոխզիջման է պատրաստ Ղարաբաղը

ԼՂՀ-ի նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը «yerkir.am»-ի հետ զրոյցում, խօսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութեան շրջանակներում կողմերի հնարաւոր փոխզիջումների մասին, ընդգծեց, որ պէտք է յստակեցւի՝ խօսքը փոխզիջման մասին է, ոչ թէ միակողմանի զիջման:

ԼՂՀ-ի նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը «yerkir.am»-ի հետ զրոյցում, խօսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութեան շրջանակներում կողմերի հնարաւոր փոխզիջումների մասին, ընդգծեց, որ պէտք է յստակեցւի՝ խօսքը փոխզիջման մասին է, ոչ թէ միակողմանի զիջման:
«Միակողմանի զիջումը, յատկապէս՝ մեր պարագայում, յղի է անկանխատեսելի, ճակատագրական զարգացումներով: Փոխզիջումները պէտք է լինեն համարժէք: Երբ Ադրբեջանը կամ որոշ փորձագէտներ ասում են՝ յետ տւէք մի տարածք, եւ նրանք կը բացեն նաւթատարը, թւում է, թէ փոխզիջում է, բայց սա համարժէք փոխզիջում չէ, որովհետեւ նրանք կարող են նաւթատարը փակել, իսկ մենք տարածքը չենք կարող յետ վերցնել»,- ասաց Բաբայեանը:
Ըստ նրա՝ ամէն ինչ պէտք է լինի համարժէք, մեր պարագայում՝ փոխզիջումն այնպիսին պէտք է լինի, որը չյանգեցնի Արցախի անվտանգութեան համակարգի թուլացմանը:
«Որպէսզի տեսնենք՝ ինչ կարող ենք անել, պէտք է առաջին հերթին վերականգնւի բանակցային լիարժէք ձեւաչափը, որպէսզի Արցախը եւ Ադրբեջանը կարողանան մէկ բանակցային սեղանի շուրջ խօսել տարբեր հարցերի մասին: Եթէ դա չկայ, այս ամէնը դառնում է լոկ զրոյց, խօսք, կարծիք, որոնք էական նշանակութիւն չեն կարող ունենալ»,- ասաց ԼՂՀ-ի նախագահի մամուլի խօսնակը:
Հարցին, թէ ադրբեջանական կողմն ի՞նչ պէտք է տայ տարածքի դիմաց, որ Ղարաբաղեան կողմի համար համարժէք լինի, Բաբայեանը պատասխանեց. «Այստեղ կան այնքան հարցեր, որ դիտարկել միայն տարածքների հարցը, այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ վերադարձ չի կարող լինել 1988 կամ 1991 թւականին, կան տարածքներ, որոնց մասին անգամ խօսք լինել չի կարող, բայց այս ամէնը կարող է կարգաւորւել միայն մէկ դէպքում՝ եթէ կարգաւորւի լիարժէք ձեւաչափը, սակայն, Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական դիրքորոշումը, ու ստացւում է, որ ոչ մի փոխզիջում չի կարող լինել: Չնայած նրանք փոխզիջումն էլ դիտարկում են որպէս զիջում: Այս իրավիճակում որեւէ շօշափելի առաջընթաց ակնկալելը պարզապէս անհնար է»:
Դաւիթ Բաբայեանը նշեց նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները կարող են տանել բանակցային գործընթացի առողջացմանը, եթէ շօշափելի արդիւնքներ լինեն հետաքննական մեխանիզմների մշակման եւ ներդրման գործում: «Ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում, քանի որ սա շատ կարեւոր գործօն է: Առանց դրա հնարաւոր չի լինի ակնկալել ինչ-որ փոփոխութիւն կամ արմատական զարգացումներ, յատկապէս՝ քաղաքական առումով, որովհետեւ այստեղից է սկսւում ամէն ինչ, եւ եթէ այստեղ որեւէ հիմք չկայ, ուրիշ ինչի՞ մասին կարելի է խօսել»,- նշեց Բաբայեանը, ապա ընդգծեց, որ դժւար գործընթաց է սպասւում, յատկապէս՝ այն պարագայում, երբ հաշւի ենք առնում նաեւ Ադրբեջանի ապակառուցողական մօտեցումը:
«Ադրբեջանը, ըստ ամենայնի, խոչընդոտելու է ցանկացած ողջամիտ առաջարկ, նոյնիսկ եթէ բացէիբաց չխոչընդոտի, ասելու է մէկ բան, անելու է մէկ այլ բան: Հիմա այդ մեխանիզմների շուրջ պէտք է քննարկումներ ընթանան, յետոյ սկսւեն մշակման աշխատանքները՝ մշակումից յետոյ ներդնել, յետոյ ֆիքսել զինադադարի խախտումները, ֆիքսելուց յետոյ փորձել պատասխանատւութեան կանչել մեղաւորներին: Սա շատ դժւար ու ծանր գործընթաց է, բայց այլընտրանք չկայ, պէտք է շարունակւեն աշխատանքներն այս ուղղութեամբ»,- եզրափակեց Դաւիթ Բաբայեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։