Հա

Օրակարգ

09/07/2016

Մուրադ Փափազեանը՝ Ֆրանսիայի Սենատում քննարկւելիք Ցեղասպանութիւնը ժխտող նախագծի մասին.- «Քաղաքական պատերազմի մէջ ենք Թուրքիայի հետ»

Ֆրանսուա Օլանդը թէ՛ իբրեւ թեկնածու, թէ՛ իբրեւ նախագահ խոստացել էր, որ այս օրէնքը կը քննարկւի եւ տէր կանգնեց իր խոստումին. «tert.am»-ի հետ զրոյցում խօսելով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նախագծի քւէարկութեան մասին՝ ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը:

Ֆրանսուա Օլանդը թէ՛ իբրեւ թեկնածու, թէ՛ իբրեւ նախագահ խոստացել էր, որ այս օրէնքը կը քննարկւի եւ տէր կանգնեց իր խոստումին. «tert.am»-ի հետ զրոյցում խօսելով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նախագծի քւէարկութեան մասին՝ ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը:
«Աշխատել ենք թէ՛ նախագահական պալատի մասնագէտների, թէ՛ հէնց իր, թէ՛ Արդարադատութեան, թէ՛ Արտաքին գործերի նախարարութիւնների հետ, որպէսզի յարմար տեքստ կազմւի եւ չբեկանւի Սահմանադրական դատարանի կողմից: 2012-ին այն բեկանւեց, յետոյ երկրորդ դժւարութիւնը եկաւ՝ Փերինչեքի դատավարութիւնը»,- ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի նախագահը՝ նշելով, որ Փերինչեքի դատավարութիւնից յետոյ քրէականացնող նախագծի վրայ աշխատեցին հայ եւ ֆրանսիացի իրաւաբանները. վերջնական տեսքի բերւած նախագծում մատնանշւում է Հայոց Ցեղասպանութիւնը, սակայն այն ընդհանուր ցեղասպանութիւններին է վերաբերում:
Մուրադ Փափազեանը նշեց, որ ի վերջոյ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւորները միաձայն կողմ քւէարկեցին կառավարութեան ներկայացրած նախագծին: Նախագիծը սեպտեմբերին կը քննարկւի Սենատում, որտեղ հաստատւելուց յետոյ կրկին կը վերադառնայ Ազգային ժողով վերահաստատւելու համար:
Հարցին՝ արդեօք Ֆրանսիայում թուրքական համայնքը ժխտողական վերաբերմունք ունի՞ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ, Մուրադ Փափազեանը պատասխանեց. «Կան փորձեր, կազմակերպութիւններ, անձնաւորութիւններ, որոնք աշխատում են Թուրքիայի համար: Իրենք յայտարարում են, որ ցեղասպանութիւն տեղի չի ունեցել, որ դա հայկական լաբբինգի ազդեցութիւնն է: Վերջնականապէս յստակեցնելու համար կարեւոր է այդ օրէնքը, որ մերժւի այդ, ցեղասպանութեան փաստի ընդունումը շատ կարեւոր է, եւ այս օրէնքը նաեւ նպատակ ունի Ֆրանսիայի կողմից օգնելու Թուրքիային, որպէսզի Թուրքիան ճանաչի իր պատմութիւնը»:
Ըստ Մուրադ Փափազեանի՝ եթէ Թուրքիան ճանաչի իրականութիւնը, բոլոր պետութիւնները կը ճանաչեն. «Եթէ այսօր պետութիւններ կան՝ Ամերիկա, կամ Իսրայէլ, կամ Աւստրիա, որոնք չեն ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը, միայն ու միայն դիւանագիտական յարաբերութիւնները չփչացնելու համար չեն անում, բայց դա յաղթանակ չէ Թուրքիայի համար: Դա նշանակում է, որ շանտաժով են յաղթում, բայց իրականում չեն յաղթում»:
Ըստ Մուրադ Փափազեանի՝ մինչ սեպտեմբեր հայ համայնքը պէտք է լուրջ աշխատանք տանի, որպէսզի նախագիծը հաստատւի նաեւ Սենատում. «Թուրքիան իր ձեռքերը ծալած չի նստի, ինքն էլ պիտի աշխատի իր միջոցներով, որպէսզի Սենատում քւէարկութիւնը չանցնի: Մենք էլ մեր լծակներով, միջոցներով պէտք է շարունակենք մեր աշխատանքը, որպէսզի քւէարկութիւնն անցնի: Այսինքն՝ ուղղակի քաղաքական պատերազմի մէջ ենք Թուրքիայի հետ»:
Նշենք, որ «Ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների ժխտումը քրէականացնող օրէնքի նախագծի» տեքստը Ֆրանսիայի կառավարութիւնը հրապարակել է յունիսի 29-ին: Փոփոխութեամբ նախատեսւում է մէկ տարի ազատազրկում կամ 45 հազար եւրոյի չափով տուգանք սահմանել Հայոց Ցեղասպանութեան փաստը ժխտելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։