Հա

Օրակարգ

10/07/2016

Է. Նալբանդեան.- «Ներկայացւել են կոնկրետ առաջարկներ, սակայն Ադրբեջանը ձեւացնում է, թէ չգիտի ինչի մասին է խօսքը»

ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը Վարշաւայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ճեպազրոյց է ունեցել լրագրողների հետ, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանն առնչւող հարցերի:
ՀՀ արտգործնախարարը նշել է, որ գագաթաժողովը տարբեր հանդիպումների լաւ առիթ է:

ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը Վարշաւայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ճեպազրոյց է ունեցել լրագրողների հետ, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանն առնչւող հարցերի:
ՀՀ արտգործնախարարը նշել է, որ գագաթաժողովը տարբեր հանդիպումների լաւ առիթ է: «Եւ ՀՀ նախագահը կարեւոր հանդիպումներ ունեցաւ: Քիչ առաջ հանդիպում կայացաւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Յունիսի 8-ի երեկոյեան նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Քերիի հետ: Երկկողմ յարաբերութիւնների, բազմաթիւ այլ հարցերի շարքում քննարկւեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը վերաբերող հարցեր: Առաջին հերթին, դա վերաբերում էր այն պայմանաւորւածութիւններին, որոնք ձեռք են բերւել Վիեննայում եւ վերահաստատւել Սանկտ Պետերբուրգում: Այդ պայմանաւորւածութիւնները եթէ իրականացւեն, համապատասխան պայմաններ կը ստեղծւեն, ինչպէս որ մենք բազմիցս ասել ենք, խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- ասել է նա:
«Եւ գլխաւոր թեման հէնց սա էր: Խօսքը գնում է, գիտէք, հետաքննութեան մեխանիզմի ստեղծման մասին: Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ: Չնայած Ադրբեջանը ձեւացնում է, թէ չգիտի ինչի մասին է խօսքը, բայց եռանախագահող երկրները բաւական մանրամասն առաջարկներ են ներկայացրել, եւ Հայաստանը արձագանգել է եւ տւել է իր, ընդհանուր առմամբ, դրական կարծիքը այս մեխանիզմի ստեղծման առնչութեամբ»,- աւելացրել է Էդւարդ Նալբանդեանը:
ՀՀ արտգործնախարարը նշել է, որ սա առաջին անգամը չէ, տարիներ շարունակ է այս նախաձեռնութիւնը քննարկւում, դա եռանախագահող երկրների նախաձեռնութիւնն էր: «Դեռ 2011, 2012 թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած գագաթաժողովների արդիւնքում հրապարակւեցին համապատասխան յայտարարութիւններ, որոնցում յստակ նշւում էր այս մեխանիզմի ստեղծման անհրաժեշտութեան մասին, բայց ամէն անգամ Ադրբեջանը յետ քայլ էր կատարում: Այս անգամ եւս Վիեննայից եւ Սանկտ Պետերբուրգից յետոյ Ադրբեջանը փորձեր է կատարում յետ կանգնել այդ պայմանաւորւածութիւններից՝ ձեւացնելով, թէ այդպիսի պայմանաւորւածութիւն ընդհանրապէս ձեռք չի բերւել: Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթաժողովի արդիւնքում հրապարակած իրենց յայտարարութեան մէջ յստակ ասում էին, որ նախագահները պայմանաւորւել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին:
Երկրորդը նա է, որ վերաբերում է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարաւորութիւնների ընդլայնմանը եւ թւաքանակի աւելացմանը: Նոյն պատմութիւնն է. չնայած Վիեննայից եւ Սանկտ Պետերբուրգից բաւական ժամանակ է անցել, բայց Ադրբեջանը ամէն կերպ խոչընդոտում է նաեւ այս պայմանաւորւածութեան իրագործմանը:
Սրան էին վերաբերում հիմնական քննարկումները: Նաեւ սրա մասին էինք խօսում եռանախագահների հետ: Վարշաւայում ես նաեւ հանդիպում ունեցայ եռանախագահների հետ: Իրենք եւս գտնւում էին այստեղ: Մենք կարծում ենք, որ այս պայմանաւորւածութիւնների շուրջ մենք շարունակելու ենք քննարկումները. տեսնենք, թէ ինչպէս կարելի է իրագործել:
Ամէն դեպքում եռանախագահող երկրները, ԵԱՀԿ-ի գործող նախագահը՝ Գերմանիայի արտգործնախարարը, բաւական հաստատակամ են: Եւ պարոն Շտայնմայերը, երբ Հայաստանում էր, դրա մասին ասաց, եւ դրանից առաջ էր նաեւ յայտարարել՝ դեռ յունւարին իր ելոյթում. ԵԱՀԿ-ի նախագահութիւնը ստանձնելու պահին ինքն աջակցեց այս մեխանիզմի ստեղծմանը: Եւ հիմա էլ հաստատակամ են, որ պայմանաւորւածութիւնները պէտք է յարգւեն եւ պէտք է կատարւեն: Հնարաւոր չէ հանդիպումից հանդիպում որեւէ հարցի շուրջ պայմանաւորւել, եւ կողմերից մէկը յետ քայլ անի, որովհետեւ դրանով իսկ կորցնում է վստահութիւնը, որ կարելի է այդ երկրի հետ ընդհանրապէս բանակցել եւ ինչ-որ բանի մասին պայմանաւորւել:
Գիտէք, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապէս չի զբաղւում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմամբ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս ասել են այդ մասին: Եւ այն ձեւակերպումները, ես կասէի՝ ընդհանրական ձեւակերպումները, որոնք վերաբերում են հիմնախնդիրների կարգաւորմանը, որոնք տեղ են գտնում այս գագաթաժողովների յայտարարութիւններում, հռչակագրերում, Ադրբեջանը նորից փորձեր է կատարում ձեւացնել, թէ դա աջակցութիւն է իր մօտեցումներին: Իհարկէ այդպէս չէ:
Բաքուն փորձում է դրանով հիմնաւորել իր ռազմատենչ յայտարարութիւնները, գործողութիւնները, որոնք հակադրւում են միջազգային հանրութեան մօտեցմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորման վերաբերեալ: Գիտէք, որ Միացեալ Նահանգները, Ֆրանսիան՝ երկու եռանախագահող երկրները Հիւսիս-ատլանտեան դաշինքի մաս են կազմում, եւ, Ռուսաստանի հետ համատեղ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը վերաբող հինգ յայտարարութիւններում, յստակ արտայայտւել են այն սկզբունքների, այն տարրերի վերաբերեալ, որոնք հիմք պէտք է հանդիսանան հիմնախնդրի կարգաւորման համար:
Հէնց այս յայտարարութիւններն է փորձում անտեսել Ադրբեջանը եւ ամէն կերպ խոչընդոտում է որեւէ յղում կատարելու անգամ այս յայտարարութիւններին, որոնք բոլոր այն առաջարկների եւ հին եւ նոր գաղափարների հիմք են հանդիսանում՝ որոշ ինչ-որ ձեւակերպումների նիւանսների փոփոխութիւններով: Բայց այդ առաջարկների էութիւնը նոյնն է: Դրանք հիմնւած են հէնց այն հինգ յայտարարութիւնների վրայ, որոնք արել էին եռանախագահող երկրները: Իսկ Հայաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է համանախագահ երկրների հետ շարունակել ջանքերը՝ ուղղւած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորմանը»,- ասել է Էդւարդ Նալբանդեանը:

«tert.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։