Հա

Օրակարգ

12/07/2016 - 12:40

Շ. Քոչարեան.- «ԼՂ-ի հիմնախնդրի փաթեթային կարգաւորման մեկնարկը պէտք է տրւի Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումով»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրւած «Մադրիդեան փաստաթուղթ»-ը ենթադրում է Ղարաբաղեան հիմնախնդրի՝ փոխադարձ զիջումների վրայ հիմնւած փաթեթային լուծում,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը՝ պատասխանելով «panorama.am»-ի հարցին, թէ՝ պարո՛ն Քոչարեան, ինչպէ՞ս կը մեկնաբանէք Ղարաբաղեան հիմնախնդրի փուլային կարգաւորման վերաբերեալ Ադրբեջանի ղեկավարի յայտարարութիւնները:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրւած «Մադրիդեան փաստաթուղթ»-ը ենթադրում է Ղարաբաղեան հիմնախնդրի՝ փոխադարձ զիջումների վրայ հիմնւած փաթեթային լուծում,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը՝ պատասխանելով «panorama.am»-ի հարցին, թէ՝ պարո՛ն Քոչարեան, ինչպէ՞ս կը մեկնաբանէք Ղարաբաղեան հիմնախնդրի փուլային կարգաւորման վերաբերեալ Ադրբեջանի ղեկավարի յայտարարութիւնները:
«Այդ փաթեթային կարգաւորման առանցքային տարրերից մէկն է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը՝ համապատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ պարտադիր իրաւական ուժ ունեցող կամարտայայտութեան: Ընդհանուր առմամբ, «Մադրիդեան փաստաթղթ»-ի, այդ թւում՝ հանրաքւէի գաղափարի ընդունումը՝ որպէս բանակցային գործընթացի հիմք, հանդիսացել է Հայաստանի Հանրապետութեան լուրջ փոխզիջումը, քանի որ Լեռնային Ղարաբաղի անկախութեան վերաբերեալ հանրաքւէն անցկացւել է դեռեւս Խորհրդային Միութեան փլուզումից առաջ՝ միջազգային իրաւունքի հիմնարար նորմերին եւ Խորհրդային Միութեան՝ այդ ժամանակ գործող Սահմանադրութեանն ու օրէնսդրութեանը լիակատար համապատասխանութեամբ:
Նոր հանրաքւէի գաղափարը միջնորդների կողմից հիմնաւորւում էր նրանով, որպէսզի Ադրբեջանի ղեկավարութեանը ժամանակ տրամադրւի իր բնակչութեանն այդ հանրաքւէի անցկացման անխուսափելիութեանը, ինչպէս նաեւ երկարատեւ խաղաղութեանը, այլ ոչ թէ պատերազմին նախապատրաստելու համար: Սակայն, Ադրբեջանի ղեկավարութիւնը «Մադրիդեան փաստաթուղթ»-ի ընդունումից յետոյ ընկած ժամանակահատւածն օգտագործեց բանակցային գործընթացի էութիւնը խեղաթիւրելու, հայերի դէմ ատելութիւն սերմանելու, իր բնակչութիւնը պատերազմի նախապատրաստելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան հետ սահմանի երկայնքով լարւածութիւն պահպանելու եւ սադրիչ գործողութիւններ իրականացնելու համար:
Նմանօրինակ քաղաքականութեան տրամաբանական շարունակութիւնն էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ լայնամասշտաբ ռազմական գործողութիւնների վերսկսումը, ինչը հանդիսանում է 1994-95 թթ. զինադադարի ռեժիմի հաստատման եւ զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, անժամկէտ համաձայնագրերով իր միջազգային պարտաւորութիւնների կոպտագոյն խախտում: Ադրբեջանական ագրեսիան իրականացւում էր միջազգային մարդասիրական իրաւունքի՝ ԴԱԷՇ-ի դաժանութեանը չզիջող կոպտագոյն խախտումներով, ներառեալ՝ դպրոցները հրետակոծելը, որի արդիւնքում զոհւեցին եւ վիրաւորւեցին երեխաներ, տարեց անձանց կտտանքների ենթարկելը, խեղելը եւ սպանելը, ինչպէս նաեւ զինւորներին գլխատելը: Ընդորում, Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար պարգեւատրեց հայ ռազմագերուն գլխատած բարբարոսին ճիշտ այնպէս, ինչպէս ժամանակին հերոսացրել էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ զինծառայողի կացնահարած մէկ այլ բարբարոսի:
Միջազգային հանրութիւնը փորձ է արել Ադրբեջանի ղեկավարութեանը տալ քաղաքակիրթ կառուցողական հուն վերադառնալու հնարաւորութիւն: Դրա համար Բաքուն պէտք է համաձայնեցնի եւ կեանքի կոչի մայիսի 16-ին Վիեննայում ընդունւած եւ յունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում վերահաստատւած համաձայնութիւնները եւ նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւնների վերսկսման համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւաւորմանը: Սակայն, Ադրբեջանի ղեկավարութեան յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ Բաքուն կորցնում է միջնորդների կողմից իրեն ընձեռնւած նաեւ այդ հնարաւորութիւնը:
Ադրբեջանի ապրիլեան ագրեսիան յստակօրէն ցուցադրեց իր ղեկավարութեան անկարողութիւնը՝ հետեւելու իր իսկ կողմից ստորագրւած համաձայնագրերով ստանձնած պարտաւորութիւններին, եւ ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային կարգաւորման մեկնարկը պէտք է տրւի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչումով եւ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան օկուպացւած տարածքները վերադարձնելու պատրաստակամութեան մասին յայտարարութեամբ:
Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը որեւէ առչութիւն չունի Լեռնային Ղարաբաղի հետ, եւ հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման եւ Ադրբեջանի՝ ինքնորոշւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ իրականացւած ագրեսիայի համար պատասխանատւութեան շրջանակներում»,- եզրափակել է Շաւարշ Քոչարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։