Հա

Օրակարգ

16/07/2016 - 13:00

Տեսանելի հետեւանքներով յեղաշրջման ձախողւած փորձ

Թւում է, թէ Թուրքիայում, զինւորականների կողմից ձեռնարկւած ռազմական յեղաշրջման փորձը ձախողւել է: Նախագահ Թայիբ Էրդողանին եւ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» (ԱԶԿ) կուսակցութեանը յաջողւել է վերահսկողութիւն սահմանել իրադարձութիւնների ընթացքի վրայ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Թւում է, թէ Թուրքիայում, զինւորականների կողմից ձեռնարկւած ռազմական յեղաշրջման փորձը ձախողւել է: Նախագահ Թայիբ Էրդողանին եւ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» (ԱԶԿ) կուսակցութեանը յաջողւել է վերահսկողութիւն սահմանել իրադարձութիւնների ընթացքի վրայ:
Ռազմական յեղաշրջման ձախողւած այս փորձն անշուշտ շրջադարձային հետեւանքներ է ունենալու քաղաքական գործընթացների զարգացման վրայ, որոնք այսօր ընթանում են Թուրքիայում, եւ նրա սահմաններից դուրս՝ տարածաշրջանում:
Դրանցից առաջինն ու ամենաանմիջականը երեւի, թէ այն է, որ ռազմական յեղաշրջման ձախողւած այս փորձը գրեթէ վերջնականապէս կերաշխաւորի Թուրքիայի քաղաքական արենայում նման գործողութիւնների միջոցով իրավիճակ փոխելու հնարաւորութեան բացառումը:
Երկրորդ. Թուրքիայի իրադարձութիւններին հետեւող փորձագէտների կարծիքով՝ այս անգամ եւս Էրդողանին յաջողւեց ոչ միայն ջրից չոր դուրս գալ, այլ, նաեւ, էականօրէն ամրապնդել իր եւ ԱԶԿ-ի դիրքերը՝ Թուրքիայի քաղաքական-հասարակական ապագայ զարգացումներում, որոնք, առնւազն տեսանելի ապագայում, կրելու են զինւորականների յեղաշրջման այս անյաջող փորձի անմիջական հետեւանքները:
Էրդողանն ապացուցեց, որ դեռեւս ունի հեգեմոնիայի բաւարար պաշար՝ քաղաքական ցանկացած երեւոյթ այսպէս կոչւած «հայրենական զօրաշարժի» վերածելու՝ հասարակութեան լայն զանգւածներին ընդհանրապէս, եւ իր կողմնակիցներին՝ յատկապէս մոբիլիզացնելու համար:
ԱԶԿ-ն էլ ապացուցեց, որ շարունակում է մնալ որպէս Թուրքիայի ամենաճկուն քաղաքական ուժը, որը կարող է արագ՝վայրկեանական արձագանգել թէկուզ ամենաբարդ քաղաքական պայմաններին:
Երրորդ. Փոխարէնը, աչք ծակելու չափ յուսախաբեցնող էր Թուրքիայի միւս քաղաքական ուժերի՝ ընդդիմադիր կուսակցութիւնների արձագանգը ստեղծւած իրավիճակին: Երկար լռութիւնից յետոյ, որը ինչ-որ տեղ կարելի էր բնութագրել որպէս անուղղակի աջակցութիւն՝ զինւորականներին, երկու խոշոր ընդդիմադիր կուսակցութիւնների՝ «Ժողովրդա-հանրապետական» ու «Ազգայնական շարժում», կուսակցութիւնների առաջնորդները դէմ արտայայտւեցին ռազմական յեղաշրջմանը՝ յայտարարելով, որ կողմնակից են ժողովրդավարութեանը ու դէմ են երկիրը նոր փորձութիւնների տանելուն:
Քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնն էլ թէեւ ի սկզբանէ դատապարտեց զինւորականների նախաձեռնութիւնը, սակայն չէզոք մնաց ռազմական յեղաշրջմանն ընդդիմանալու իր կողմնակիցներին որեւէ քաղաքական կոչի հրապարակումից:
Արդիւնքում, անխուսափելի է թւում այն, որ գոնէ տեսանելի ապագայում քաղաքական նախաձեռնութիւնն ամբողջովին անցնելու է Թայիբ Էրդողանի կողմը:
Փորձագէտներն արդէն յուշում են, որ սա լաւագոյն առիթն է Էրդողանի եւ ԱԶԿ-ի համար, թուրքական հասարակութեան վզին փաթաթելու Սահմանադրական արմատական փոփոխութիւնների սեփական նախագիծը, աւելացնելու ճնշումներն ընդդիմադիր բոլոր ուժերի նկատմամբ ու սահմանափակելու ժողովրդավարական-քաղաքացիական իրաւունքները երկրում:
Շախմատային այս պարտիայում Էրդողանի յաջողութիւնը կարող է էականօրէն ամրացնել նաեւ նրա դիրքերը միջազգային ու տարածաշրջանային իրադարձութիւններում՝ զգալիօրէն աւելացնելով մանեւրի նրա հնարաւորութիւնը՝ յատկապէս Արեւմուտքի հետ յարաբերութիւններում, մանաւանդ, եթէ, նկատի առնենք այն փաստը, որ պաշտօնական Անկարան նախաձեռնել է լուրջ քայլեր՝ կարգաւորելու իր յարաբերութիւնները Մոսկւայի եւ Թել Աւիւի հետ ու զգուշաւորութեամբ ակնարկել է Սիրիայի հետ յարաբերութիւնների որոշակի կարգաւորման ցանկութեան մասին:
Այս համատեքստում, սակայն, չպէտք է աչքաթող անել այն իրողութիւնը, որ երկարատեւ կտրւածքով այս իրադարձութիւնները կարող են ունենալ նաեւ դամոկլեան սուրի էֆեկտ:
Կասկածից վեր է, որ յուլիսի 16-ի վաղ առաւօտեան ծաւալւած իրադարձութիւններն Էրդողանի վարած սանձազերծ քաղաքականութեան անմիջական արդիւնքն էին:
Կարելի է ենթադրել, որ իրադրութեան որոշակի կարգաւորման ու կայունացումից յետոյ, ԱԶԿ-ի վերին օղակներում կարող են մտորել այն մասին, թէ ինչքա՞ն է հնարաւոր վճարել Էրդողանի անձի դիկտատուրան հաստատելու համար: Քանի՞ անգամ է հնարաւոր չոր դուրս գալ նման իրավիճակներից, եւ ընդհանրապէս արժէ՞ արդեօք նման սուղ գին վճարել յանուն Էրդողանի «սուլթանական» նկրտումների:
Չմոռանանք նաեւ Թուրքիայի քաղաքացիական հասարակութեան գործօնը, որը բազմիցս ապացուցել է, թէ պատրաստ է արձագանգելու դիկտատուրական՝ ոչ ժողովրդավարական բնոյթի ցանկացած երեւոյթի:
Այս հարցերի պատասխանը կը տայ անշուշտ ժամանակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։