Հա

Օրակարգ

19/07/2016 - 13:00

Վարդան Ոսկանեան.- «Ադրբեջանը կապկում է Իրանի հետ Հայաստանի օրակարգը»

Շատ դէպքերում Ադրբեջանը կապկում է Հայաստանի օրակարգը. խօսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դրական ակնկալիքներից՝ օգոստոսին Բաքւում սպասւող Իրան-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպումից՝ ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

Շատ դէպքերում Ադրբեջանը կապկում է Հայաստանի օրակարգը. խօսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դրական ակնկալիքներից՝ օգոստոսին Բաքւում սպասւող Իրան-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպումից՝ ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:
«Մենք խօսում ենք Իրանի հետ երկաթգծի կառուցման հեռանկարներից, իրենք անմիջապէս սկսում են նոյն թեման արծարծել Իրանի հետ: Մենք խօսում ենք գազային թեմաներից, նրանք անմիջապէս կապկում են նոյն թեման: Ես գոհ եմ, որ մենք ենք թելադրում Ադրբեջանին օրակարգը: Բայց, պէտք է ինքներս կազմակերպւած, կանոնակարգւած մեր օրակարգն առաջ տանենք Իրանի հետ»,- ասաց իրանագէտը:
Նա նշեց, որ Հայաստանը պէտք է ուշադիր հետեւի իր շուրջը կամ հակառակորդ համարւող երկրում առկայ գործընթացներին, բայց դա չպէտք է ազդեցութիւն ունենայ իր օրակարգի վրայ:
Ըստ նրա՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնները բաւականին դինամիկ զարգանում են եւ ակնյայտ է, որ Իրանը, լինելով տարածաշրջանային գերտէրութիւն, ձգտելու է իր յարաբերութիւնները պահպանել հարեւան բոլոր երկրների հետ:
«Այսինքն՝ պատրանքներ ունենալ, թէ Իրանը Ադրբեջանի հետ որեւէ յարաբերութիւն չի ունենայ կամ այդ յարաբերութիւնները կը լինեն բացարձակապէս թշնամական դաշտում, նոյնպէս տեղին չեն: Պէտք է արձանագրել, որ իրանցիները Հայաստանը դիտարկում են որպէս վստահելի գործընկեր, որը մշտապէս ունեցել է, եթէ չասեմ՝ իրանամէտ դիրքորոշում, ապա չի ունեցել որեւէ հակաիրանական դիրքորոշում»,-ասաց նա:
Իրանագէտը նկատեց, որ Իրանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների միջեւ եղած խնդիրները դեռ լուծւած էլ չեն. «Եթէ կողմերը ինչ-որ առաջընթաց են արձանագրում, ապա դա ոչ թէ խնդիրների լուծման, այլ այդ խնդիրների շրջանցման միջոցով է: Այդ խնդիրները վաղ թէ ուշ իրենց զգացնել են տալու: Դրանք գլոբալ խնդիր են, անլուծելի խնդիրներ են. ադրբեջանական ինքնութիւնը մի կողմից հիմնւած է հակահայկականութեան, միւս կողմից՝ հակաիրանականութեան վրայ»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի դէպքում Իրանի հետ յարաբերութիւններն օր-օրի բարելաււում են:
«Հիմա քննարկւում է վիզաների չեղարկման հարցը. առաջիկայ մէկ-երկու շաբաթւայ ընթացքում, ամենայն հաւանականութեամբ, մենք կունենանք Իրանի հետ ոչ վիզային ռեժիմ: Նման ռեժիմ չի գործում ո՛չ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ, ո՛չ էլ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ: Բացի այդ, կան Պարսից ծոց եւ Կասպից ծոց գաղափարները, եւ դրանց շրջանակներում Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Յունաստանը եւ Իրանը որոշակի քննարկումներ են անցկացնում: Այս համատեքստում մենք էլ ունենք կարեւորագոյն դերակատարութիւն եւ պէտք է օգտւենք այդ հնարաւորութիւնից»,- ասաց նա:
Անդրադառնալով վերջին օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի՝ «Ալ-Մայադին» հեռուստակայանին տւած հարցազրոյցին, որտեղ ՀՀ նախագահը, խօսելով Հայաստան-Իրան յարաբերութիւնների մասին, ասել էր, որ Հայաստանի ու Իրանի յարաբերութիւնները հիմնւած են խաղաղ համակեցութեան սկզբունքի վրայ՝ իրանագէտը նկատեց. «Նման բարձր մակարդակով արւած յայտարարութիւնները երկարատեւ ծրագրաւորման արդիւնք են եւ չեն կարող պատահական բնոյթ ունենալ»:
Նա յիշեցրեց, որ ՀՀ նախագահն Իրանի նկատմամբ միջազգային մակարդակով դրական վերաբերմունք դրսեւորեց նաեւ Հռոմի Պապի այցի ժամանակ. «Իրանի ներսում, նաեւ՝ հասարակական, քաղաքական դաշտում, իշխանական շրջանակներում նման յայտարարութիւններն ընդունւում են չափազանց մեծ ոգեւորութեամբ: Եւ նման յայտարարութիւնները, ես, որպէս մասնագէտ, որպէս գործընթացներին հետեւող անձ, կարող եմ պնդել, որ բարձր են գնահատւում: Դրանք բնորոշ են բարեկամական երկրի ղեկավարի կողմից արւող դրական քայլերին»,- ասաց Վարդան Ոսկանեանը՝ նշելով, որ այդ դրսեւորումներն անպատասխան չեն մնում, արժանացել եւ արժանանալու են համարժէք պատասխանի:

«tert.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։