Հա

Օրակարգ

23/07/2016

Սերժ Սարգսեան.- «Հայաստանում բռնի ուժով, պատանդ վերցնելով հարցեր չեն լուծւելու»

Յուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահի մօտ տեղի է ունեցել խորհրդակցութիւն ՀՀ Ազգային Անվտանգութեան ծառայութեան, ոստիկանութեան, դատախազութեան եւ քննչական մարմինների ղեկավարների մասնակցութեամբ: ՀՀ նախագահին ներկայացւել է 2016 թւականի յուլիսի 17-ին ՀՀ ոստիկանութեան պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինւած յարձակման եւ դրան յաջորդած իրադարձութիւնների մանրամասները, ինչպէս նաեւ իրականացւող միջոցառումների արդիւնքները:

«ԱԼԻՔ» - Յուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահի մօտ տեղի է ունեցել խորհրդակցութիւն ՀՀ Ազգային Անվտանգութեան ծառայութեան, ոստիկանութեան, դատախազութեան եւ քննչական մարմինների ղեկավարների մասնակցութեամբ: ՀՀ նախագահին ներկայացւել է 2016 թւականի յուլիսի 17-ին ՀՀ ոստիկանութեան պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինւած յարձակման եւ դրան յաջորդած իրադարձութիւնների մանրամասները, ինչպէս նաեւ իրականացւող միջոցառումների արդիւնքները:
Սերժ Սարգսեանին զեկուցւել է նաեւ, որ պահակապարեկային գնդի տարածքում պահւող պատանդներին ազատ արձակելու, զինւած խմբի անդամների կողմից զէնքը վայր դնելու եւ իշխանութիւններին յանձնւելու նպատակով շարունակաբար վարւում են ակտիւ բանակցութիւններ, ձեռնարկւում են իրավիճակից թելադրւող այլ անհրաժեշտ գործողութիւններ:
ՀՀ նախագահն ընդգծել է ստեղծւած իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար պէտք է ձեռնարկւեն հնարաւոր բոլոր միջոցները, կարեւորել է ենթադրեալ բոլոր իրաւախախտումների համակողմանի եւ անաչառ քննութիւնը, ինչպէս նաեւ մեղաւորների համար պատժի անխուսափելիութեան ապահովումը: Խորհրդակցութեան արդիւնքներով իրաւապահ մարմինների ղեկավարներին տրւել են անհրաժեշտ յանձնարարականներ:
Իր խօսքում Սերժ Սարգսեանը յատուկ շեշտել է, որ Հայաստանում բռնի ուժով, պատանդ վերցնելով հարցեր չեն լուծւելու՝ յստակեցնելով, որ զինւած խումբը պէտք է վայր դնի զէնքը, եւ պատանդները պէտք է ազատ արձակւեն, իսկ հետագայ հանգուցալուծումն էլ պէտք է տեղի ունենայ ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնքների խստիւ պահպանմամբ:
«Հայաստանում բռնի ուժով, յարձակումով եւ պատանդ վերցնելով հարցեր չեն լուծւելու: Եւ դա երբեք մենք թոյլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պէտք է լինի Հայաստանի եւ մեր հասարակութեան, պետութեան հասունութեան կարեւորագոյն քննութիւն»,- ասել է ՀՀ նախագահը խորհրդակցութեան ժամանակ՝ յաւելելով. «Կարծում եմ, որ այս իրավիճակն արդէն աւելի երկար է տեւում, քան մենք կարող ենք մեզ թոյլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպէսզի մեր հասարակութիւնն իրեն թոյլ տայ մոռանալու տեղի ունեցածի մասին:
Մէկ անգամ եւս բոլորիս զգօնութեան եւ զսպւածութեան կոչ եմ անում՝ յանուն Հայաստանի Հանրապետութեան, յանուն մեր ժողովրդի ապագայի»:
Լրատւութիւնը՝ ըստ ՀՀ նախագահի պաշտօնական կայքի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։