Հա

Օրակարգ

24/07/2016 - 12:40

Յո՞ երթանք

Անցեալ մէկ շաբաթւայ ընթացքում Երեւանում ծաւալւած ու դեռեւս շարունակւող իրադարձութիւնները մեզ ստիպում են առանց աւելորդ յուզականութեան, սառնասրտօրէն դիտարկման ենթարկել ստեղծւած իրադրութիւնն ու անել համապատասխան հետեւութիւններ:
Առաջին. Առողջ տրամաբանութիւնը բացարձակապէս չի կարող ընդունել այն արարքը, որ թոյլ է տւել «Սասնայ ծռեր» զինեալ խմբաւորումը: Սա բռնութեան կոպիտ դրսեւորում է, որը միանշանակ պէտք չէ ոչ մէկին:

Ողջախոհութեան ու սթափութեան ժամանակն է

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Անցեալ մէկ շաբաթւայ ընթացքում Երեւանում ծաւալւած ու դեռեւս շարունակւող իրադարձութիւնները մեզ ստիպում են առանց աւելորդ յուզականութեան, սառնասրտօրէն դիտարկման ենթարկել ստեղծւած իրադրութիւնն ու անել համապատասխան հետեւութիւններ:
Առաջին. Առողջ տրամաբանութիւնը բացարձակապէս չի կարող ընդունել այն արարքը, որ թոյլ է տւել «Սասնայ ծռեր» զինեալ խմբաւորումը: Սա բռնութեան կոպիտ դրսեւորում է, որը միանշանակ պէտք չէ ոչ մէկին:
Քառօրեայ պատերազմի մխացող հետքի ֆոնին, նման արարքը չունի ոչ մի արդարացում: Որեւէ նպատակ չի կարող արդարացնել այս միջոցը, եւ ընդհանրապէս նպատակները երբեւէ չեն արդարացնում միջոցները: Միջոցը մնում է միջոց, որով իրականացւում է գործողութիւնը, եւ որին ընտրում է տւեալ գործողութիւնն իրագործողը: Այնպէս, որ պէտք չէ զինեալ խմբաւորման տղաների արարքի համար մոգոնել ինչ-որ «վեհ նպատակներ», եւ փորձել դրանց միջոցով արդարացնել նրանց գործողութիւնը: Մանաւանդ, որ այդ «վեհ նպատակ»-ը հիմնականում հետապնդում է իշխանափոխութիւն, այն էլ բռնութեան ու սպառնալիքի պարտադրանքի ներքոյ:
Երկրորդ. Երկու կարծիք լինել չի կարող. Մերօրեայ Հայաստանում կայ կուտակւած, շիկացած գոլորշի, որն արդիւնքն է խրոնիկ հիւանդութեան վերածւած, իրենց լուծումը չգտած բազմաբնոյթ քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների:
Միանշանակ է սակայն, որ այս խնդիրների լուծումը զինեալ յեղաշրջումը չէ: 1999 թւականի հոկտեմբերի 27, 2008 թւականի մարտի 1. յիշենք մեր նորօրեայ պատմութեան եղբայրասպան այս երկու դրւագները: Ինչ տւեցին դրանք մեզ: Պատասխանը միանշանակ է. տեղատւութիւն, հասարակական խզում, անվստահութեան ու կասկածի մթնոլորտ…եւ էլի շատ ու շատ բացասական երեւոյթներ, որոնց աւերիչ հետեւանքները հայրենի հասարակութեանը դեռեւս չի յաջողւել ամբողջովին թօթափել:
Իսկ ինչ կը տայ մեզ այս վերջին միջադէպը: Ակնյայտ է, չէ՞, այս հարցի պատասխանը:
Ժամանակակից պատմութեան ընթացքում չկայ գոնէ մի դէպք, երբ հնարաւոր է եղել զինւած յեղաշրջման միջոցով հասնել ժողովրդավարութեան: Ապահովել առաջընթաց ու զարգացում, ձեւաւորել քաղաքացիական լիարժէք հասարակարգ, հաստատել սոցիալական արդարութիւն:
Ընդահակառակը՝ զինւած յեղաշրջմանը հետեւել են նորանոր, աւելի լուրջ մարտահրաւէրներ, սաստկացել է հասարակական դիմակայութիւնը հասնելով ընդհուպ մինչեւ քաղաքացիական հակամարտութիւն, կազմաքանդելով տւեալ երկրի սոցիալ-հասարակական համակարգը: Բռնի ուժով իշխանափոխութեան բնոյթը երբեւէ չի կարող ժողովրդավարական լինել:
Երրորդ. Սահմռկեցուցիչ է ատելութեան եւ անհանդուրժողականութեան այն մթնոլորտը, որի ականատեսն ենք յատկապէս սոցիալական ցանցերում:
Չի կարելի աչք փակել այն իրողութեան վրայ, որ այսպէս կոչւած հասարակական ակտիւիստների մի ստւար զանգւածի մօտ «կատարելագործութեան» է հասել կենցաղային մակարդակի ագրեսիւութիւնը: Սոցիալական ցանցերով մէկ, նրանք փառաբանում են ուժի այն գործադրումը, որը չունի եւ չի կարող ունենալ որեւէ արդարացում:
Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են հանդէս գալ սթափութեան կոչերով, արժանացել են փողոցային ամենավերջին հայհոյանքների, պիտակաւորւել են որպէս իշխանութիւնների գործակալներ, հակա-«յեղափոխական»-ներ, կամազուրկ, ստրկամիտ ազգի դաւաճաններ: Եւ ընդհակառակը՝ զինեալ խմբի անդամները միանգամից դարձել են ազգի հերոսներ, ազատութեան ու արդարութեան մարտիկներ, մեր ժամանակների «մարտիրոսներ», որոնց թոյլատրելի է անգամ մարդ սպանել:
Այս համատեքստում երիցս նողկալի է այն «քաղաքական գործիչ»-ների վարքագիծը, որոնք, ինչպէս ընդունւած է ասել, փորձում են թէժ կրակից շագանակներ հանել:
Նրանց սադրիչ ելոյթները ոչ միայն փորձ է զինւած խմբի տղաներին մղելու ծայրայեղ գործողութիւնների, այլ, նաեւ, յանցաւոր կոչ՝ նրանց արարքն արդարացնողների՝ դիմելու նմանօրինակ գործողութիւնների:
Ընդունենք, որ բարոյական տեսանկիւնից ոչ պակաս յանցագործութիւն է նաեւ այս թէժ մթնոլորտում, հասարակութեանը թաւալգլոր դէպի քաղաքացիական հակամարտութիւն տանող տւեալ անձանց գործողութիւնները:
Չորրորդ. Դառն իրականութիւն է, սակայն պէտք է խոստովանենք, որ ամենայարմար պահին մենք՝ ազգովի հատեցինք թոյլատրելի կարմիր գիծը:
Պատմական այս բացթողումից մենք ինչ-որ տեղ շահած դուրս կը գանք, եթէ, իհարկէ, գիտակցենք, որ դասեր քաղելու, հետեւութիւններ անելու լուրջ անելիք ունենք: Սա վերաբերում է հայկական իրականութեան ողջ քաղաքական դաշտին, եւ առաջին հերթին ու մասնաւորապէս ՀՀ իշխանութիւններին:
Այս միջադէպը պատահականութիւն չէր: Քամի ենք ցանել, եւ արդիւնքում հնձում ենք փոթորիկ: Վերանկախացման 25 տարիների ընթացքում մեզ՝ ազգովի չյաջողւեց բարոյականութեան հիմքերի վրայ պետականութիւն կառուցել: Մենք այն կառուցեցինք հիմնականում հակարժէքների հէնքի վրայ, որն էլ պարբերաբար մեզ է հրամցնում իր դառնահամ ու թունաւոր պտուղները:
Մենք պէտք է գիտակցենք, որ ստեղծւած իրավիճակն ունի խորքային պատճառներ, որոնք պահանջում են նոյնչափ խորքային ու կարդինալ լուծումներ:
Ազգովի կանգնած ենք անդունդի եզրին, պատմական ջրբաժանի առջեւ: Ստեղծւած փակուղային իրավիճակի յաղթահարումը պահանջում է արմատական հանգուցալուծում: Այլապէս գահավիժումը կը դառնայ անխուսափելի… Ողջախոհութեան ու սթափութեան ժամանակն է հասել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։